News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում հեղափոխությունը հաջողված չի համարվի, եթե Հայաստանը չհասնի տնտեսական հեղափոխության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին Թումո կենտրոնում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող տնտեսական ֆորումի փակման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ իմաստով այսօր մենք գտնվում ենք մեր հեղափոխության ամենակարեւոր փուլում, եւ մենք պետք է ապահովենք տնտեսական հաջողությունն այդ Հայաստանի Հանրապետության համար՝ իր հստակ կանոններով բոլոր նրանց համար, ովքեր ուզում են եւ կարող են սկսել տնտեսական գործունեություն Հայաստանում»,–ասաց  Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը միայն երկու նախապայման եւ շահագրգռություն նշեց բոլոր նրանց համար, ովքեր հանձնառու են կամ ուզում են լինել հանձնառու Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու. « Ցանկացած գործունեություն պետք է լինի կատարելապես համապատասխան օրենքին, եւ մենք կօգնենք բոլորին ստեղծել հնարավորինս շատ աշխատատեղեր, եւ իհարկե, վճարել հարկեր։ Իմացեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նեցուկ է ձեզ, եթե այս երկու պայմանները հարգված են»։

Դիմելով ֆորումին մասնակից գործարար հյուրերին, վարչապետը հայտարարեց, որ կառավարությունը նպատակադրել է ագրարային երկրից Հայաստանը վերածելու բարձր տեխնոլոգիաների երկրի։

«Նրանք, ովքեր ճանաչում են Հայաստանը, գիտեն, որ մարդկային պատկառելի ռեսուրսներ կան այդ տնտեսական վերափոխումն իրականացնելու համար, որի անհրաժեշտ պայմանները հավաքված են»,– նշեց նա։

Ելույթի ավարտին Փաշինյանը շնորհակալություն հայտնեց տնտեսական ֆորումի մասնակիցներին՝ նշելով.  «Բարի գալուստ Հայաստան. իմացեք, որ դուք ունեք Հայաստանի կառավարության ամբողջական աջակցությունը ձեր նախաձեռնություններում»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Երեւանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) գագաթաժողովի շրջանակներում անցկացվող տնտեսական համաժողովը: Համաժողովին մասնակցում էին OIF տասնյակ երկրներից ավելի քան 400 հյուրեր, որտեղ գործարար շփման ժամանակ հիմնականում ֆրանսերենն է օգտագործվում:

Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Երեւանում տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ 12-ին: Գագաթաժողովին մասնակցելու համար կժամանեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի եւ Բելգիայի վարչապետերը՝ Ջասթին Թրյուդոն եւ Շառլ Միշելը, ինչպես նաեւ տասնյակ երկրների բարձր մակարդակի պատվիրակությունները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ