News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին։ Վերջինս ավարտում է իր առաքելությունը երկրում։ Մասնավորապես, ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայ-ամերիկյան առեւտրային պալատի ներկայացուցիչների առջեւ ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է, թե այդ ելույթն առանձնանում էր իր «պարզունակ ուղղախոսությամբ»։

Նա նշել է, որ դեսպանը հայտնել է, թե իր երկրի կառավարությունը, ավելի ճիշտ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տասնյակ տարիների ընթացքում նպատակաուղղված աջակցել է հայկական հասարակության որոշակի խմբերի եւ Հայաստանի կառավարության որոշակի ներկայացուցիչների։ Ընդ որում, այլ երկրի ներքին գործերին միջամտելու մասին դեսպանը խոսել է առանց ամոթի նշույլի, ավելին՝ նույնիսկ հպարտությամբ։

«Իբր այդ ամենն արդարացված եւ անհրաժեշտ է բարի նպատակների իրականացման՝ Հայաստանում ավելի արդար հասարակություն ստեղծելու համար»,- ասել է Զախարովան։

«Ինչ- որ փուլում դեսպանն ամեն դեպքում հասկացավ, որ այն չի ասում, եւ սրբագրեց ինքն իրեն՝ ասելով, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները կատարվել են միայն ներքին պատճառներով, ինչպես նաեւ նշեց փոփոխություններ կատարելու հայ ժողովրդի հաստատուն կամքի մասին։ Սակայն արդարանալու համար արդեն ուշ էր, քանի որ նրա հայտատրարության առաջին մասն արդեն հնչել էր»,- մեկնաբանեց Զախարովան։

Ըստ Զախարովայի՝ Միլսը Հայաստանի քաղաքական համակարգի գործունեությանը վերաբերող մանրամասն խրատներ տվեց, խորհուրդ տվեց ինչպես զարգացնել տնտեսությունը։ «ԱՄՆ դեսպանը, մասնավորապես, ասաց․ «Ես անհանգստացած եմ ինձ հասնող ահազանգերից, որ Հայաստանի կառավարությունում որեւէ մեկը անհրաժեշտ է համարում ՀՀ կառավարության սահմանափակ ռեսուրսները կենտրոնացնել բարձրտեխնոլոգիական ոլորտներում։ Ինձ հայտնի են այն ռեսուրսները, որոնք այդ պատճառով դուրս են բերվել գինեգործության, զբոսաշրջության, լեռնային հանքարդյունաբերության ոլորտից»,- դեսպանի խոսքերը մեջբերել է Զախարովան եւ հավելել․ «Ա՛յ քեզ բա՜ն։ Եկեք կողմնորոշվենք, այլ պետությունների գործերին խառնվելը լավ է, թե վատ»։

«Դեսպանի ելույթի կուլմինացիան հրաժեշտի հրահանգն էր, մեջբերում եմ․ «քաղաքացիական հասարակության մեջ եւ ԶԼՄ-ներում իմ ընկերներին՝ շարունակել կառավարության գործունեության անզիջում եւ զգոն վերահսկումը»։ Դե, երեւի այսպիսի հրահանգ այնտեղ մնացող գործընկերներին»,- թունոտ նշել է նա։

Զախարովան նաեւ ընդգծել է, որ դեսպանը հայտարարել է, թե ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրված 26 մլն դոլարի մեծ մասը հաջորդ տարի կծախսվի հենց քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների ամրապնդման վրա։

ՌԴ ԱԳ ներկայացուցիչը վրդովմունք է հայտնել այն մասին, թե ինչ են իրենց թույլ տալիս ամերիկյան դեսպաններն ամբողջ աշխարհում։ Ըստ նրա՝ բացի այն, որ նրանք հարված են հասցնում ժողովրդավարությանը, քաղաքացիական հասարակությանը, ԶԼՄ-ներին, որոնց իբր պաշտպանում են, նրանք իրենք իրենց էլ են հարված հասցնում՝ մերկացնելով ԱՄՆ քաղաքական կյանքում տեղի ունեցող երկերեսանիությունը։ «Այս ամենը վառ կերպով բնութագրում է Վաշինգտոնի ներկայիս քաղաքականությունը, որին հատուկ է արտասահմանյան պետությունների գործերին միջամտելը»,- ամփոփել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ