News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում երրորդ անգամ անցկացվել է Աերոնավտիկայի եւ տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչության (NASA) միջազգային հաքաթոն՝ որն ուղղված է Երկրի եւ Տիեզերքի հետ կապված խնդիրների լուծմանը։

Space Apps Challenge-2018 խոշոր միջոցառումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-21-ը՝ ներգրավելով ամբողջ աշխարհի 100 կետ։ Դրան մասնակցել են տասնյակ հազարավոր երիտասարդներ։ Երեւանում NASA Space Apps Challenge Armenia հաքաթոնը սկսվել է հոկտեմբերի 20-ին։ Միջոցառմանը մասնակցել է 50 ուսանող, աշակերտ եւ ՏՏ ոլորտի աշխատակից, որոնք 24 ժամվա ընթացքում ՆԱՍԱ-ի առաջադրած խնդիրներին (հրապարակվել է ՆԱՍԱ-ի կայքում) պետք է նորարարական լուծումներ տային։ Մասնակիցները, ՆԱՍԱ-ի խորհրդատվության համաձայն, բաժանվել են 9 թիմի՝ կոնկրետ ծրագրեր մշակելու համար։

Ժյուրիի գնահատմանը ներկայացվող ծրագրերում պետք է գործածված լինեին վիրտուալության, կոդավորման եւ դիզայնի միջոցներ։ Մշակված լուծումները պետք է բաց կոդ ունենային եւ հասանելի լինեին մյուս մասնակիցներին։ Ժյուրին գնահատել է՝ հաշվի առնելով ստեղծագործական մոտեցումը եւ կոնկրետ խնդիրների լուծման կարեւորությունը։

Մասնավորապես, մասնակիցները պետք է ներկայացնեին գործնական նշանակության նախագծեր՝ որոնցում գործածվել են ՆԱՍԱ-ի եւ այլ խոշոր կազմակերպությունների իրական տվյալներ։

Որպես Space Apps Challenge Armenia «հայկական հաքաթոնի» կազմակերպիչ, հանդես է եկել X-TECH ընկերությունը, որպես համակազմակերպիչ՝ FAST ընկերությունը, իսկ որպես հովանավոր՝ Locator ընկերությունը եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն։

«Հաքաթոնում առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կմասնակցեն մրցույթի արդեն երկրորդ խոշոր փուլին, որտեղ նրանք կմրցակցեն այլ երկրներից հաղթողների հետ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց X-Tech Creative Studios-ի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Արամ Աթոյանը։

Նրա խոսքերով՝ հաքաթոնի շրջանակներում նախատեսված է տեղացի հաղթողների մրցանակաբաշխություն։ Մասնավորապես, առաջին տեղը զբաղեցնողը FAST-ից կստանա Հոլանդիայի ուղեգիր՝ Տիեզերական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների եվրոպական կենտրոն այցելելու համար։ Երկրորդ տեղը զբաղեցնողներին Locator-ը, որպես մրցանակ, կնվիրի Xiaomi Bunny MITU Robot Wuilder ռոբոտ։

«FAST-ը մտադիր է հետագայում եւս աջակցել այդ միջոցառմանը, քանի որ մեր նպատակը գիտության եւ տեխնոլոգիայի էկոհամակարգը զարգացնելն է, եւ տիեզերական գործոնը փոքր տեղ չի զբաղեցնում մեր ոլորտում»,- նշեց Աթոյանը։ Նրա խոսքերով՝ ընկերությանը ոգեշնչում է այն փաստը, որ հաքաթոնով Հայաստանում բազմաթիվ երիտասարդներ են հետաքրքրվել։

«Այժմ մենք տիեզերահրթիռային զարգացած համակարգ ունենք, ինչպես խորհրդային տարիներին, սակայն նման փոքր քայլերի շնորհիվ կարող ենք Հայաստանում հետզհետե զարգացնել տիեզերական ուղղությունը»,- ասաց նա։

Ժյուրիի կազմում էին FAST Foundation-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Արմեն Օրուջյանը, Technology and Science Dynamics-ի հիմնադիր եւ տնօրեն Վահան Շաքարյանը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարեն Երզնկանյանը, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը եւ ԳԱԱ Բյուրականի Վ․ Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Առաջին օրը՝ հոկտեմբերի 20-ին, մասնակիցներն աշխատել են իրենց նորարարական որոշումների վրա, իսկ հոկտեմբերի 21-ին կայացել է նախագծերի շնորհանդեսն ու հաղթողների հայտարարումը։

Առաջին տեղը զբաղեցրել է Indigo թիմը, որը մշակել է արհեստական ինտելեկտը լուսնագնացի մեջ ներդնելու տիեզերական ծրագիր։ Սարքը պետք է դառնա Machine Learning-ի խելացի միջնորդը՝ Լուսնի մակերեւույթին խոչընդոտների եւ դժվարությունների հանդիպելով՝ այն պետք է ստանա եւ ուսումնասիրի դրանց մասին տեղեկատվությունը եւ մյուս անգամ ավելի ճիշտ ու օպտիմալ ճանապարհ գտնի։

Forest թիմը ծրագիր է մշակել Երկիր մոլորակի համար, որը օգտագործելով ՆԱՍԱ-ի նկարները՝ գտնում է անտառահատման վայրերը եւ այդ մասին տեղեկացնում համապատասխան մարմիններին։

Հատուկ մրցանակի (TSD-ի ArmPad համակարգչի) է արժանացել Von թիմը, որն առաջարկել է Տիեզերքի այլմոլորակային քաղաքակրթություններին ուղարկված «Վոյաջերի» Ոսկե սկավառակը լցնել Երկրի, Արեգակնային համակարգի եւ մարդկության մասին տեղեկատվությամբ։

Տիեզերական ծրագրեր ներկայացրած թիմերը հրավիրվել են Բյուրական՝ դրանց հետագա քննարկման եւ կատարելագործման համար։

Space Apps Challenge Armenia-ն մինչ այս երկու անգամ անցկացվել է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ