Ես հանձնարարել եմ, որ թեման ուսումնասիրեն. ոչ մեկի նկատմամբ ոչ մի դավադրություն չի լինելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Վերածնունդ» ավանի շահառուների՝ իրեն ուղղված նամակին եւ բողոքին, որ զրկվում են մատչելի բնակարան ունենալու հնարավորությունից, որին սպասել են ավելի քան մեկ տարի:

Փաշինյանի խոսքով, կարող են լինել որոշումներ, անհնարինություններ, բայց ինքն ընդհանուր առմամբ առաջարկում է, որ երկխոսության տոնայնությունը պահվի. «Մեր տրամադրությունը դա է: Եթե ինչ-որ բան այնպես չի եղել եւ կպարզվի, որ սխալ ճանապարհով ենք գնացել, մենք չենք զլանա, հետ կգնանք, ներողություն էլ կխնդրենք»,-ասաց նա:

Հարցին, թե ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այդ ծրագրի չեղարկման մասին նախապես իրեն զեկուցե՞լ է, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ես մանրամասներին տեղյակ չէի, առաջիկայում կտեղեկանամ: Անպայմանա կհետեւեմ նամակին, ուղղակի հնարավոր է արձագանքի ժամկետները այնպիսին չլինեն, ինչպիսին ցանկալի է, որովհետեւ օրակարգի շատ մեծ ծավալ կա: Չեմ բացառում, որ ինչ-որ բան հաշվի չի առնվել»:

Դիտարկմանը, թե կարո՞ղ է այդտեղ քաղաքական ենթատեքստ լինել, քանի որ նախկինում այդ ծրագիրը հայտնի է եղել որպես Սերժ Սարգսյանի ծրագիր, Փաշինյանն արձագանքեց. «Դե լավ էլի... ես կծանոթանամ ամբողջությամբ խնդրին, անկեղծ ասեմ՝ չեմ հասցրել խորանալ խնդրի մեջ»:

Հիշեցնենք, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանը պետք է կատռուցվեր «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում, սակայն ավելի քան մեկ տարի սպասելուց հետո, հոկտեմբերի 20-ին շահառուներին տեղեկացվել է, որ նրանց  հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում: Դրա հետեւանքնով շահառուներից շուրջ կեսը հնարավորություն չի ունենա բնականար ձեռք բերել այդ ծրագրով: