News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


2018 թվականին սննդի անվտանգության ոլորտում որեւէ հետազոտություն չի իրականացվել, որի համար նախատեսվել էր 90 միլիոն դրամ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը։

«2018 թվականին հաստատված էր կենդանական և բուսական ծագում ունեցող նյութերում մոնիթորինգի համար մոտ 90 մլն դրամի ֆինանսավորում։ Մենք բոլորս ուրախացանք այս ֆինանսավորման համար, բայց եղավ ֆորս–մաժորային իրավիճակ՝ հեղափոխություն։ Մենք նպատակ ունեինք հասկանալ մարզերում այդ սեզոնին թունաքիմիկատների ազդեցությունը, սակայն արդեն անիմաստ էր ինչ–որ բան ուշացած անել»,–ասաց նա։

Դավիթ Պիպոյանի խոսքով՝ իրենք նպատակահարմար չգտան այլեւս հետազոտություն անել, քանի որ անիմաստ եւ ոչ նպատակային էին ծախսելու ֆինանսավորումը։

Դավիթ Պիպոյանը նշեց, որ նախատեսված էր նաեւ հանրապետությունում առաջին անգամ անցկացնել պտուղ–բանջարեղենի գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների մոնիթորինգ։

«Արդյունքում  այդ աշխատանքները չիրականացվեցին եւ եւս մեկ տարի չունեցանք պատկեր, եւ լիահույս եմ, որ այս տարվա չհատկացված միջոցները չեն խանգարի, որ 2019 եւ 2020 թվականներին այս աշխատանքներն իրականացվեն։ Պետք է շեշտեմ, որ իրականում Դավիթ Պիպոյանը մասնագետ է, ոչ թե Վանգա եւ չի կարող եղունգից հոտ քաշել եւ ասել՝ այս սննդամթերքը պարունակում է հակաբիոտիկ, մյուսը թունաքիմիկատ եւ ծանր մետաղ։ Նախկինում երեւի չէին պատկերացնում, որ իմ ամեն մի ռեպորտաժն արժենում էր 50-60 հազար դոլարի փորձարկում։ Մենք այդ հետազոտություններն իրականացնում էինք դրամաշնորհների միջոցով, որոնք, ցավոք սրտի, վերջացան։ Իսկ գիտության ֆինանսավորումը կրճատումից հետո տարեկան մեկ հետազոտությունից ավելի հնարավոր չէ իրականացնել»,– ասաց Պիպոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ