News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մարդկանց աշխատավարձը 80 հազար դրամ է, որովհետեւ այնքան ցածր է աշխատանքի արտադրողականությունը, որ աշխատավարձը չի կարող դրանից առաջ անցնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Փաշինյանի առաջարկը, որ 80 հազար դրամ աշխատավարձ ստանալու փոխարեն նախընտրելի կլինի, ասենք, տաքսի վարել, Մելքումյանը մեկնաբանեց. «Տաքսի վարելն էլ հեշտ գործ չէ»։

Նա ցավով նշեց, որ այսօր մեր հանրապետությունում աշխատանքի արտադրողականության մակարդակը շատ ցածր է՝ աշխատող մեկ գյուղացու հաշվարկով ստեղծվող արտադրանքը ամսական 550 դոլարի է. «Սա խայտառակություն է»։ Արդյունաբերության մեջ այս թիվը ամսական 2000 դոլար է, կան ոլորտներ, որտեղ 100 դոլարի էլ չի հասնում։

«Սրանք խայտառակ ցածր թվեր են եւ սրա հետեւանքով է, որ աշխատավարձերը 80 հազար դրամ են։ Ցածր են, որովհետեւ այնքան ցածր է արտադրողականությունը, որ աշխատավարձը չի կարող դրանից առաջ անցնել»,– ասաց Միքայել Մելքումյանը։

Նա լուծում է առաջարկում. աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու համար պետք է ներդրումներ կատարվեն բարձր տեխնոլոգիական սարքավորումների մեջ։ Դա էլ ենթադրում է գիտության, կրթության ոլորտում համարժեք ներդրումներ. «Թումոն ավարտողները չունեն հաջորդ աստիճանի ուսումնական հաստատություն՝ ուր կգնան եւ կշարունակեն, չունենք ցանցային մարկետինգի կարգավիճակ՝ ինչպիսին է դրա հարկման մեխանիզմը, որը պետք է տարբերվի ֆինանսական բուրգերից»։

Մարդկանց վերապատրաստելուց առաջ պետք է նախ աշխատատեղը լինի, որպեսզի վերապատրաստվեն եւ գնան աշխատելու՝ նկատեց Մելքումյանը. «Այսինքն, հավի–ձվի պատմությունն է, պետք է զուգահեռ կատարես եւ հասնես կետին»։

Կառավարության գործը, Մելքումյանի դիտարկմամբ, միջավայր ձեւավորելն  է, որպեսզի ձեռնարկատերերը ներդրումներ կատարեն՝ ընդլայնեն բիզնեսը կամ նորերը ստեղծվեն։

Միքայել Մելքումյանի խոսքով՝ ժամանակն է, որ աշխատանքի արտադրողականության աճի տեմպը ավելի բարձր լինի, քան աշխատավարձի աճի տեմպը. «Այսինքն, եթե քո աշխատատեղում ստեղծում ես բարձր արտադրողական արդյունք, ուրեմն դա պետք է ավելի առաջանցիկ լինի, քան քո աշխատավարձը»։

Հին ավանդույթների մեջ մնալով՝ աշխարհի հետ շփվել հնարավոր չէ, ասաց Մելքումյանը, աշխարհը թելադրում է ծառայության նոր տեսակներ, եւ Հայաստանը պետք է տեղավորվի դրանց մեջ, որպեսզի նոր որակներ ստեղծի։ 

Տնտեսական քաղաքականության գաղափարախոսությունը, Միքայել Մելքումյանի համոզմամբ, պետք է ճիշտ ձեւակերպել. «Մարդը երբեք պատրաստ չէ, որ ամբողջ կյանքում մնա փոքր բիզնեսի տեր, պետք է պայման ստեղծես, որ բիզնեսը գերփոքրից դառնա փոքր, փոքրից միջին, միջինից խոշոր. ա՛յ, այս շղթայական պայմանը ստեղծելն է պետության գործը»։

Միքայել Մելքումյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ հեռախոսազրույցով պարզել է, որ տրանսֆերտները հարկելու նախաձեռնությունը ընդամենը խոսակցությունների մակարդակով է՝ նախագիծ չկա։ Ասաց՝ խոսքը ընդհանուր հայտարարագրման մասին է, որի կոնցեպտը 2001 թվականից սկսվել եւ անընդհատ հետաձգվել է։ 17 տարում որեւէ եզրակացության չեն հանգել։

Տնտեսագետի խոսքով՝ հարկելու համար նախ պետք է նախապատրաստական աշխատանք տարվի. «Սա այն պահը չէ, որ ասենք՝ բոլոր եկամուտները պետք է հարկենք, այդ թվում՝ արտագնա աշխատողների։ Նրանց մեծ մասը նպաստառու է. հիմա որ հայտարարագրում ես եկամուտը, նրանք նպաստ ստանալո՞ւ են, թե՞ ոչ։ Դա կատարվելու է, երբ ստերիլ մեխանիզմներ ստեղծվեն Հայաստանում, բոլոր պրոցեսները օրինականության դաշտում լինեն»։ 

Բոլոր եկամուտները հարկելու համաշխարհային փորձին անդրադառնալով՝ Մելքումյանը բերեց Իսլանդիայի օրինակը։ Այնտեղ կանխիկ առեւտուր չկա, ամեն ինչ քարտով է արվում, որպեսզի շրջանառությունը երեւա։

«Պետք է հասկանանք, գյուղական վայրում թոշակառուն ո՞նց պետք է հայտարարագրի եկամուտը։ Երկրներ կան, որտեղ ըստ սեգմենտների են ներդնում հայտարարագրման համակարգը։ Մեզ մոտ էլ այս պահին բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարագրում են ունեցվածքը։ Գյուղացիները հարկերից ընդհանրապես ազատված են, գործունեություն է ծավալում՝ հարկ չի տալիս, ո՞նց որոշես նրա եկամուտը»,– ասաց Մելքումյանը։

Համատարած հայտարարագրման մեխանիզմ ներդնելուց առաջ, ըստ Մելքումյանի, պետությունը պետք է համադրելի վիճակի բերի բոլոր ոլորտների աշխատողներին։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ