News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը նախօրեին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը, փոխնախարար Արտակ Քամալյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի  տնօրեն  Զարուհի Մուրադյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեորգի Խաչատրյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Այցի առաջին կանգառը Ներքին Կարմիրաղբյուր համայնքում էր, որտեղ նախարարի պաշտոնակատարը հանդիպել է բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Գեղամ Գեւորգյանը համառոտ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը: Նա նաեւ տեղեկացրել է, որ նախօրեին կառավարության նիստում կայացված որոշմամբ պետությունը մասնակիորեն կփոխհատուցի 2018 թվականին մի շարք մարզերում, այդ թվում` Տավուշում տարերային աղետների հետեւանքով գյուղացիական տնտեսությունների կրած վնասները:

 Աչաջուր համայնքում Գեղամ Գեւորգյանը եղել է «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում վերջերս բացված Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնում, ինչպես նաեւ սպասարկման կենտրոնին կից գործող Գինեգործական փորձացուցադրական արտադրամասում, որը հիմնվել է CARD հիմնադրամի կողմից «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում: Այս  երկու նորաբաց կենտրոնների ստեղծման հիմնական նպատակն է նպաստել մարզում խաղողագործության, գինեգործության եւ տուրիզմի զարգացմանը։

Կենտրոնի մենեջեր Ռոման Թամրազյանը նշում է, որ այս տարի Այգեհովիտ համայնքի այգիների աճեցված խաղողի նոր սորտերից պատրաստվում են ստանալ սպիտակ եւ կարմիր բարձրորակ գինիներ: Կենտրոնն ունի նաեւ համտեսի սրահ, որտեղ հյուրերը կարող են համտեսել տեղական գինին եւ հաղորդակից դառնալ հայկական գինեգործության հնագույն ավանդույթներին:

Աչաջուր համայնքում Գեղամ Գեւորգյանը ծանոթացել է նաեւ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» եւ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրերի շրջանակում վերջերս մեկնարկած «Գինու բակ» նախագծին, որը միտված է զարգացնել տնական գինու զբոսաշրջությունը:

Ծրագրի շահառուներից գինեգործ Ստեփան Դավթյանը, որը  4 հազար քմ խաղողի այգի ունի եւ զբաղվում է սպիտակ գինու արտադրությամբ, նշում է, որ իր գինեգործական արտադրանքն իրացվում է տեղում, առաջիկայում նախատեսում են ավելացնել արտադրության ծավալները:

Իր հերթին ՄԱԶԾ փորձագետ Լուսինե Բալայանը հավելում է, որ նախաձեռնության գաղափարը պայմանավորված էր գյուղական համայնքների նկատմամբ զբոսաշրջիկների տարեցտարի աճող հետաքրքրությամբ: Նրա խոսքով` ներկա պահին «Գինու բակ» նախագիծն ունի չորս շահառու` Աչաջուրում, Աշտարակում, Բյուրականում եւ Արենիում, իսկ Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ համատեղ ջանքերով առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծրագրի շրջանակը` ընդգրկելով շուրջ 30 շահառուի խաղողագործական հինգ մարզերից:  Քանի որ ծրագիրը խթանում է գյուղական համայնքների զարգացումը` շահառուները պետք է լինեն բացառապես գյուղական համայնքների մշտական բնակիչներ:

Մարզում զարգանում է նաեւ չրագոծությունը: Բերքաբերցի Աղաս Խուդավերդյանն արքայանարնջի չրի արտադրությամբ է զբաղվում։ Պտուղը սեփական այգուց է, որի տարածքը 2.6 հեկտար է, որն այս տարի եւս 4 000 մետրով ընդլայնել է։ Արտադրանքը օրգանիկ սերտիֆիկացման անցման փուլում է գտնվում։ Իրացման խնդիրներ չունեն։ Թարմ արքայանարինջը սպառում են տեղական շուկայում, չիրն արտահանվում է։

Գեղամ Գեւորգյանի այցը շարունակվել է Լուսաձոր համայնքի անասնապահական ֆերմայում եւ կաթնամթերքի արտադրամասում, որտեղ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը վերջերս իրականացրել է արդիականացման եւ ընդլայնման աշխատանքներ: Նախարարի պաշտոնակատարը շրջել է արտադրամասում եւ ծանոթացել արտադրական հզորություններին:

Աշխատանքային այցի ավարտին Գեղամ Գեւորգյանը եղել է «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, ծանոթացել գինու արտադրության գործընթացին:

Ներկայումս գործարանն արտադրում է ալկոհոլային խմիչքների ընդարձակ տեսականի` նռան, մոշի, հոնի, սերկեւիլի, վարդի,բալի գինիներ, փրփրուն գինիներ, հոնից, ծիրանից, թթից եւ խաղողից պատրաստվող օղիներ, կոնյակ եւ հյութեր:

Գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը դրական է գնահատում ընթացիկ տարում արձանագրված ցուցանիշները. մասնավորապես, գինու, կոնյակի եւ օղու վաճառքն աճել է շուրջ 30 տոկոսով, ավելացել է նաեւ պահածոների արտադրության ծավալը` նախորդ տարվա 800 հազար տարայից հասնելով մոտ 1մլն 200 հազարի: Մթերումների դիմաց պարտքեր չկան, գյուղացիներին գումարները վճարվում են անմիջապես տեղում:

Անդրադառնալով արտահանման խնդիրներին` Ատոմ Եգորյանը տեղեկացրել է, որ արդեն մեկ տարի է, ինչ ընկերության արտադրանքը ներկայացված է նաեւ չինական շուկայում, եւ թեեւ հայ արտադրողի համար այն բավական հետաքրքիր է, սակայն նկատվում է հայկական բրենդը գովազդելու եւ ճանաչելիությունը բարձրացնելու անհրաժեշտություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Ամենաշատ