News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Նալբանդ գյուղում երկրաշարժից 30 տարի անց վագոն–տնակում են շարունակում բնակվել Իվանյանների բազմազավակ ընտանիքը՝ Սերժիկ Իվանյանը եւ կինը՝ Լյուդմիլա Իվանյանը՝ չորս երեխաների հետ, ընդ որում՝ երեխաներից երկուսը հաշվանդամություն ունեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք պատմեցին այն անմարդկային պայմանների մասին, որում ապրում են արդեն երեք տասնամյակ (ֆոտոռեպորտաժ

Սերժիկ Իվանյան կինը մահացել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից ։ Սերժիկը նորից է ընտանիք կազմել, այս անգամ արդեն ժամանակավոր տնակում։

Իվանյան ամուսինները նշում են՝ թոշակ ու նպաստով են ապրում. «Թոշակս 16 հազար է, նպաստը 37 հազար։ Մի կտոր միս ենք առել, ստիպում են, որ պետք է փողը տաք, չկա, որտեղից տանք»,–պատմում է Լյուդմիլա Իվանյանը։

Նա բողոքում է՝ երեխաները հաշմանդամության թոշակ չեն ստանում, թոշակի համար փող են ուզում. «Երեւան էլ ենք ուղարկել, մի սենյակ մտանք, ասեց 5000 դրամ, էն սենյակ մտանք, ասին՝ 5000 հազար դրամ, թողինք եկանք։ Ասում են օգնություն է, բայց գումար կուզեն»։

Իվանյան ամուսինների խոսքով՝ երկու երեխաները՝ 2000 թվականին ծնված Շուշանը եւ 2002 թվականին ծնված Մարիամը գիշերօթիկ էին հաճախում, սակայն այն փակվել է,  երեխաների կրթությունը կիսատ է մնացել. «Համարյա տառերը չեն ճանաչում, դասարանների մեջ դասղեկ չկար։ Դպրոցներում էլ երեխաներին չեն ընդունում, ասում են փող տվեք՝ ընդունենք»։

Լյուդմիլա Իվանյանը նշում է՝ որդին էլ լյարդի խնդիր ունի։

2006 թվականին Լյուդմիլա Իվանյանը երեխա է ունեցել, սակայն հնարավորություն չլինելու պատճառով տվել է եղբորը որպես խնամակալ։

Վագոն–տնակում չկան ապրելու համար նվազագույն պայմաններ, ապրում են երկու փոքր սենյակներում, հյուրասենյակը ծառայում է նաեւ որպես լոգարան, խոհանոց եւ ննջասենյակ։

Իվանյան ամուսինները նշում են՝ դիմել են պատկան մարմիններին բնակարան ստանալու հույսով, սակայն դեռ ոչ մի լավ լուր չեն ստացել։

Նշենք, որ Լոռու մարզի Նալբանդ գյուղում դեռ կան ընտանիքներ, ովքեր երկրաշարժից հետո դեռ տնակներում են ապրում։

Հիշեցնենք, որ 30 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի հյուսիսային շրջանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։

Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) եւ Կիրովականը (Վանաձոր)։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ