News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանությունից հետո առաջին անգամ Սաուդյան Արաբիան դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման մրցույթ է անցկացրել, ինչի արդյունքում ներգրավվել է 7,5 միլիարդ դոլար, հայտնում է CNBC-ն:

Նշված 7.5 միլիարդ դոլարից 4 միլիարդ դոլարը բաժին է ընկնում 2029թ.–ին մարման ժամկետով պարտատոմսերին, 3.5 միլիարդ դոլարը` 2050թ.–ին մարման ժամկետով պարտատոմսերին: Կային մտավախություններ, որ սաուդյան այլախոհ եւ ԱՄՆ-ի ռեզիդենտ Ջամալ Խաշոգջիի սպանությունը, որը միջազգային սկանդալ է առաջացրել, կարող է հանգեցնել ներդրողների արտահոսքի: ԱՄՆ որոշ խոշոր ձեռնարկատերեր նույնիսկ խզել են իրենց կապերը թագավորության հետ, սակայն, ինչպես ցույց են տվել վերջին իրադարձությունները, ԱՄՆ-ում ոչ բոլորն են պատրաստ բաց թողնել նավթի խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիայում ներդնելու հնարավորությունը:

Սակարկության արդյունքում ԱՄՆ ներդրողների մասնաբաժինը կազմել է գնված 10-ամյա պարտատոմսերի 40%-ը եւ 31-ամյա պարտատոմսերի 45%–ը, հաղորդում է Reuters-ը: Իսկ, ընդհանուր առմամբ, պարտատոմսերի ձեռքբերման հայտերը, ըստ Թագավորության ֆինանսների նախարարության, հասել են առավելագույնը 27.5 միլիարդ դոլարի:

Հիշեցնենք, որ Էր Ռիադը հերքում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը ներգրավված է եղել լրագրողի սպանության մեջ, սակայն ԿՀՎ-ն, ինչպես հաղորդվում է, եկել է այն եզրակացության, որ ապագա թագավորը գիտեր սպանության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ