
Մոսկվան կարծում է, որ Բաքուն կհրաժարվի ՌԴ քաղաքացիների, հատկապես հայերի հանդեպ էթնիկական հատկանիշի պատճառով խտրական քաղաքականությունից եւ չի խոչընդոտի նրանց մուտքը երկիր: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա ուշադրություն է դարձրել ադրբեջանական իշխանությունների կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ էթնիկական հատկանիշով խտրական քաղաքականության բազմակի դրսեւորումների մասին մեծ թվով հրապարակումներին, այդ թվում սոցիալական ցանցերում:
«Եթե խոսենք վիճակագրության մասին, անցյալ տարի մեզ հայտնի դարձավ Ադրբեջանում էթնիկական հատկանիշով Ադրբեջան մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիների մերժման առնվազն 16 դեպքի մասին», - հավելել է նա: «Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի քաղաքացիները երկար ժամանակով պահվել են օդանավակայանում, այնուհետ բռնի ուժով արտաքսվել երկրից՝ առանց պաշտոնական պատճառները նշելու»:
«Նման դեպքերը, ցավոք, դառնում են ավանդույթ, ընդ որում, ցավոք, վատ եւ սխալ ավանդույթ», - նշել է դիվանագետը:
«Այս փաստերը, մեր տեսանկյունից, ՌԴ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում են, հակասում են ռուս-ադրբեջանական բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության պայմանագրի, Քաղաքացիների առանց արտոնագրի մուտքի մասին միջկառավարական համաձայնագրի եւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարեկամության եւ ռազմավարական գործընկերության հռչակագրի ոգուն եւ տառին»:
Նրա խոսքով, ռուսական կողմը «բազմիցս ադրբեջանական կողմի ուշադրությունն է հրավիրել ներկայիս իրավիճակի անթույլատրելիությանը, պահանջել է դադարեցնել ձերբակալության եւ արտաքսման պրակտիկան, քանի որ այն անհամատեղելի է երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետ»: «Ադրբեջանի ղեկավարության հետ շփումների ընթացքում մենք հավաստիացում ենք ստացել, որ իրավիճակը կշտկվի, եւ մենք մեծ հույսեր ունենք», - ընդգծել է Զախարովան: