News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը պատրաստվում է 2019թ. ամռանը ռազմանավեր ուղարկել Արկտիկա՝ թեստավորելու համար հրթիռակիր հածանավերի աշխատանքը ծայրահեղ պայմաններում, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն՝ հղում կատարելով Wall Street Journal-ին։ Ինչպես ասել է ԱՄՆ ՌԾՈւ ղեկավար Ռիչարդ Սփենսերը Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում, ԱՄՆ-ը ջանում է ընդլայնել իր ներկայությունը ծայր Հյուսիսում՝ Ռուսաստանի ու Չինաստանի հետ մրցակցության պայմաններում։

Կլիմայի գլոբալ փոփոխությունների հետեւանքով արկտիկական ջրերն ավելի նպաստավոր են դարձել նավագնացության համար, ինչն ԱՄՆ-ին թույլ է տալիս այնտեղ ուղարկել իր նավերը՝ Նավագնացության ազատության ապահովման գործողության (FONOP) շրջանակներում, պարզաբանել է Սփենսերը։ Դա կլինի ԱՄՆ ՌԾՈւ առաջին գործողությունն այս տարածաշրջանում։

Ենթադրվում է, որ արշավախմբի կազմում, ռազմանավերից բացի, կլինի նաեւ պարեկային հականավակային P-8 Poseidon ինքնաթիռը։

2019թ. հունվարի 8-ին ելույթ ունենալով Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնում՝ Սփենսերն ասել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը կանոնավորապես ներկա են եղել Արկտիկայում 1960-ականներից ի վեր։ Սակայն հիմնականում այդ ներկայությունը սահմանափակվել է սուզանավերով եւ պարեկային ինքնաթիռներով, այլ ոչ թե ծովային նավերով։

ՆԱՏՕ Trident Juncture զորավարժությունների ժամանակ, որոնք անցկացվել են Նորվեգիայում 2018թ. հոկտեմբերին, «Հարի Թրումենը» վերջին 27 տարիներին դարձավ ամերիկյան առաջին ավիակիրը, որը հատեց Հյուսիսային բեւեռը։

Ամերիկյան USNI News պարբերականի տեղեկատվությամբ՝ ավիակիրը հաջող է կատարել աշխատանքը արկտիկական ցրտի պայմաններում, բայց նրան ուղեկցող փոքր ու մատակարարող նավերը էական դժվարություններ են կրել բարձր լայնությունների սառցաջրերում։

Ինչպես պարզաբանել է Սփենսերը, ԱՄՆ ՌԾՈւ ամենաարդիական նավերը չունեն շոգեհամակարգեր սառույցը նավի կորպուսից հեռացնելու համար։ Նման համակարգեր ունեցող վերջին հածանավերը ԱՄՆ-ում «Տիկոնդերոգա» դասի հրթիային հածանավերն են։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ