News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
482.26
EUR
544.28
RUB
6.14
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գաղափար չունի՝ կհաջողվի արդյոք իրեն եւ իր հանրապետական գործընկերներին համաձայնության գալ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ բյուջետային ճգնաժամի կարգավորման հարցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ամերիկայի առաջնորդի՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցին:

Նրան հարցրել էին՝ համարում է արդյոք, որ կարող է համաձայնության գալ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիի հետ հարավային սահմանին պատ կառուցելու համար միջոցներ հատկացնելու, եւ, համապատասխանաբար, կառավարության աշխատանքը վերականգնելու հարցում:

«Գաղափար չունեմ»,-ասել է Ամերիկայի առաջնորդը: Ընդ որում, նա նշել է, որ դեռեւս համբերատար սպասում է Սպիտակ տանը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին փոխզիջման հասնելու համար:

Թրամփը հայտնել է նաեւ, որ արդեն մեկ ամիս է՝ չի լքել Սպիտակ տունը՝ հիշեցնելով, որ այնտեղ է անցկացրել նաեւ տոները՝ կաթոլիկ Սուրբ Ծնունդն ու Ամանորը: «Իրականում արդեն մեկ ամիս է՝ ես չեմ լքել Սպիտակ տունը: Ես շատ այլ աշխատանքներ եմ կատարում, բացի պատից (կառուցման հարցի քննարկումից)»,-ընդգծել է նա:

Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ից սկսած՝ ԱՄՆ-ում մասնակիորեն դադարեցված է դաշնային կառավարության աշխատանքը բյուջետային միջոցների բացակայության պատճառով: Դա տեղի է ունեցել, քանի որ Կոնգրեսում հանրապետականներին ու դեմոկրատներին չի հաջողվել համաձայնեցնել բյուջեի պարամետրերը, որոնցում Թրամփն ու իր կուսակիցները ցանկանում են ներառել միջոցներ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Դեմոկրատները հայտարարում են, որ դրա համար երբեք չեն հաստատի գումար դաշնային գանձարանից: Հանրապետական Թրամփի վարչակազմը պահանջում է այդ նպատակով հատկացնել բյուջեից 5,7 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել