News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի բողոքն ընդդեմ «Արարատ» մոր և մանկան առողջարան ՓԲԸ–ի և անփոփոխ թողել ՀՀ վարչական դատարանի դեռևս 2017 թ. մարտի 13-ին կայացրած վճիռը։

Դատարանի վճռով անվավեր է ճանաչվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության ակտը, որով «Արարատ» մոր և մանկան առողջարան ՓԲ ընկերությանն առաջադրվել էր լրացուցիչ գանձման ենթակա ավելի քան 5 մլն դրամի հարկային պարտավորություն։

Հայցվորի ներկայացուցիչ Մուշեղ Խաչիկյանը NEWS.am-ին հայտնեց, որ առողջարանը կամավոր վճարել էր սահմանված տուգանքը՝ հետագա տույժերից խուսափելու նպատակով։ Դատարանի վճռից հետո, սակայն ՊԵԿ-ն ամբողջությամբ վերադարձրել է վճարված գումարը։

Նշենք, որ Վարչական դատարանի վճռով ապացուցված է համարվել, որ հարկային տեսչության համապատասխան ակտը հակասում է օրենսդրությանը։ Մասնավորապես՝ դատարանն արձանագրել է, որ ստուգում իրականացնող հարկային մարմնի կողմից խախտվել են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջները։ Ենթադրյալ ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ, հետեւապես դրանք չունեն ապացուցողական ուժ եւ չեն կարող դրվել դատական ակտի հիմքում։ Բացի այդ՝ դատարանն արձանագրել է, որ ստուգման ակտի «Շահութահարկը» ձեւակերպվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված օրինականության եւ իրավական որոշակիության սկզբունքներին ոչ համապատասխան։ Բացի այդ՝ դատարանը փաստել է, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հարկատու ընկերությանն իրավունք է վերապահում իր հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցնել նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող կամ վարձակալությամբ կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` նշված հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով:

Վերաքննիչ վարչական դատարանն ուժի մեջ է թողել այս վճիռը։

Տպել
Ամենաշատ