News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը եւ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը ստորագրեցին հուշագիր՝ առավել խոցելի ընտանիքների բարեկեցությանն ուղղված համագործակցության վերաբերյալ: Երկու կազմակերպությունները համատեղ պիլոտային ծրագրի շրջանակներում կաշխատեն 15 առավել խոցելի ընտանիքների հետ՝  նպատակ ունենալով բարելավել այդ ընտանիքների կյանքի որակն ու ստեղծել կարողություններ նրանց ինքնաբավության համար:

«Իմ քայլը» հիմնադրամի ստեղծման օրից բազմաթիվ դիմումներ են ստացվել ծայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներից: Նրանց մի մասը տեղավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոչով քաղաքացիների տրամադրած բնակարաններում: Սակայն մեզ համար սկզբունքային էր այդ ընտանիքների այսրոպեական խնդիրների լուծումից զատ, ապահովել երկարաժամկետ լուծումներ, այն է՝ նրանց զինել կարողություններով, որ ինչ-որ պահից սկսած իրենք ի վիճակի լինեն ինքնուրույն առաջ շարժվել՝ հաղթահարելով աղքատությունը: Եվ հենց այստեղից էլ ծագեց Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցելու գաղափարը»,- ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Երկու կազմակերպությունների մասնագետներից կազմված թիմը 2018թ.-ի դեկտեմբերին այցելել է ծրագրի շահառու բոլոր ընտանիքներին՝ կատարելով կարիքների գնահատում: 15 ընտանիքներից 5-ի հետ իրականացվելու է սոցիալական աշխատանք, իսկ 10 ընտանիքի հետ կազմակերպությունները կաշխատեն «Ավարտական մոտեցում» (Graduation Approach) մեթոդաբանությամբ: Սա առավել խոցելի ընտանիքների հետ աշխատելու միջազգայնորեն ընդունված մոդել է, որի շրջանակներում կատարվում է ընտանիքների կարիքների գնահատում եւ կազմվում է ընտանիքների զարգացման անհատական պլան: Պլանը ներառում է մի շարք միջամտություններ՝ մասնագետների աջակցություն, կյանքի հմտությունների ուսուցում, մասնագիտական վերապատրաստում եւ այլն:  Այս միջամտությունների շնորհիվ ընտանիքը կանգնում է սեփական ոտքերի վրա եւ ձեւավորում կայուն, կենսունակ տնային տնտեսություն:

«Վորլդ Վիժն Հայաստանն աղքատության մեջ ապրող ընտանիքների հետ աշխատանքում արդեն երկու տարուց ավել կիրառում է «Ավարտական մոտեցումը»: Հատկանշական է այն, որ այս մոտեցման շրջանակներում մասնագետները ոչ թե լուծում են ընտանիքների խնդիրները, այլ սովորեցնում են ընտանիքներին՝ ինքնուրույն լուծելու իրենց խնդիրները եւ պլանավորելու իրենց ապագան: Հույս ունենք, որ փորձարկման փուլի արդյունքներն ամփոփելուց հետո, մենք կկարողանանք պետական մարմիններին ցույց տալ մոտեցման արդյունավետությունը եւ առաջարկել այն օգտագործել սոցիալական ապահովության պետական քաղաքականության մեջ», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Վորլդ Վիժն Հայաստանը եւ «Իմ քայլը» հիմնադրամը համատեղելու են մասնագիտական եւ ֆինանսական ռեսուրսները: Հաջողության դեպքում ծրագիրը կընդլայնվի եւ կներառի ավելի մեծ թվով կարիքավոր ընտանիքներ:

Տպել
Ամենաշատ