Մենք չէինք կարող մեկ տարի առաջ ասել, որ 2019-ի փետրվարի 8-ի դրությամբ 10 երկիր վավերացրած կլինի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը. կարող էր լինել 10, 11 կամ 12: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Նա նշեց, որ չի կարող ժամկետներ նշել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման առումով, քանի որ դա կախված է կոնկրետ ԵՄ երկրների կողմից համաձայնագրի վավերացումից. «Պետք չի կենտրոնանալ ժամկետների վրա, պետք է կենտրոնանալ պրոցեսների դինամիկության վրա: Եթե պրոցեսն առաջ է շարժվում, ուրեմն տեղ կհասնի՝ մեկ կամ երկու ամիս ուշ կամ շուտ»:
Նա ընդգծեց, որ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել, սակայն կիրարկումը դեռ չի սկսվել. «Կիրարկումը նոր է սկսվում: Այս ամիս մենք ակնկալում ենք ստանալ ԵՄ պատասխանն արդեն իսկ իրենց ուղարկված ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Դա ստանալուց հետո նոր կսկսի կիրարկման գործընթացը»,-ընդգծեց Եղոյանը: