News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ընդհանուր առմամբ, Ագրարային համալսարանում բարձրացվել է ավելի քան 300 աշխատակիցների աշխատավարձ, ոչ թե երեք մարդու, ինչպես երեկ պնդել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Այս մասին հայտարարություն է տարածել Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը:

Նրա հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ փետրվարի 14-ի նիստում ունեցած ելույթում (ինչպես նաեւ հետագա ելույթներում) տարածած ապատեղեկատվության առթիվ հարկ եմ համարում հանրությանը պարզաբանել, որ Համալսարանում հոգաբարձուների խորհրդի եւ ռեկտորատի ձեռնարկած արմատական բարեփոխումները թելադրված են արդի տեխնոլոգիաներով հագեցած ուսանողակենտրոն միջավայր ստեղծելու, բարձրակարգ պրոֆեսորա-դասախոսական կազմի շնորհիվ Համալսարանը կերպափոխելու եւ Համալսարանի հեղինակությունը բարձրացնելու հրատապ անհրաժեշտությամբ:

Երկար տարիներ Համալսարանին բնորոշ խնդիրներից են եղել կադրերի հոսունությունն ու որակյալ կադրերի պակասը: Քիչ թե շատ մրցունակ աշխատավարձեր առաջարկելն այժմյան մեր քաղաքականության բաղկացուցիչ մասն է: Ընդհանուր առմամբ բարձրացվել է ավելի քան 300 աշխատակիցների աշխատավարձ. որպես արդյունք՝ բարձրացել է աշխատակիցների շահադրդվածությունն ու աշխատանքի արտադրողականությունը. երկու-երեք ամսում լուծվել են այնպիսի խնդիրներ, որոնք տարիներով անտեսված են եղել: Ներգրավել ենք ոլորտի պրոֆեսիոնալների, որոնց մասնագիտական գիտելիքները, փորձը հզոր ուժ են հաղորդելու Համալսարանին:

Զարմանալի է, թե Էդմոն Մարուքյանն ի՛նչ հիմքով (չասելու համար՝ ինչ հույսով) է պնդում, թե՝ «…հենց նոր վարչապետին խաբեցին, որ ինքն ասաց՝ 300  հոգու աշխատավարձ են բարձրացրել, միայն ռեկտորի ու պրոռեկտորի քարտուղարուհու աշխատավարձն է բարձրացել»: Սա նույնիսկ մեր սիրելի լոռեցիների ավանդական միամտության վերաբերյալ փաստարկի հետ է անհամատեղելի:

Ըստ ամենայնի, Էդմոն Մարուքյանի՝ իմ եւ Ագրարային համալսարանի հասցեին հնչեցրած հրապարակային արտահայտությունները (անհիմն մեղադրանքները, մասնավորապես, սակայն չսահմանափակվելով՝ նաեւ հովանավորչության եւ կոռուպցիայի մեջ ներգրավվածության պիտակավորմամբ) վիրավորանք եւ զրպարտություն են, ուստի Էդմոն Մարուքյանից պահանջում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հրապարակայնորեն հերքել իր տարածած ապատեղեկատվությունը:

Չներկայացնելով Համալսարանում ընթացող արմատական բարեփոխումների ամբողջ ծավալը, ես Էդմոն Մարուքյանին, սույնով պահանջածը կատարելուց հետո, հրավիրում եմ գալ մեր համալսարան եւ անձամբ ծանոթանալ այստեղ իրականացվող բարեփոխումներին եւ նոր կրթական ծրագրերին, եթե դա նրան իսկապե՛ս հետաքրքիր է: Էդմոն Մարուքյանին մեծ հաճույքով հնարավորություն կընձեռեմ միասին ուսումնասիրելու հին ու նոր հաստիքացուցակները, եւ ապատեղեկատվություն տարածող յուրաքանչյուր ոք ստիպված կլինի ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ, օրինակ. 300-ը 3-ից մեծ է 100 անգամ, այն է՝ ոչ թե 3, այլ 300-ից  ավելի աշխատակիցների աշխատավարձ է բարձրացել:

Հ. Հ. Գ. Վերջում հանրությանը վստահեցնում եմ, որ ես Ագրարային համալսարանին միացել եմ միմիայն հանուն մեր երկրի կրթական շահի: Երբեւէ չեմ ունեցել եւ չունեմ հովանավորներ: Քաղաքական որեւիցե կուսակցության չեմ անդամակցել եւ չեմ անդամակցում: Մշտապես առաջնորդվել եւ առաջնորդվելու եմ մեր երկրի կրթական եւ այլ գերակա շահերով: Հստակ պատկերացում ունեմ ագրարային ոլորտի կրթության եւ գիտության զարգացման խնդիրների, հեռանկարների, զարգացման հենանիշերի մասին: Երկար տարիներ օգտագործել եւ օգտագործելու եմ մասնագիտական ամբողջ կարողությունս, բարոյական պաշարս եւ միջազգային հեղինակությունս՝ հանուն Ագրարային համալսարանն ագրոտեխնոլոգիական կրթության ու գիտության գերազանցության կենտրոնի վերափոխելու նպատակի:

Տպել
Ամենաշատ