![](img/news/49/68/42/default.jpg)
Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում կայացավ Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ռիչարդ Սեզիբերայի հանդիպումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը հանձնառու է համակողմանի համագործակցություն զարգացնելու աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ՝ այդ առումով մեծապես կարևորելով միջազգային կառույցների, մասնավորապես ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:
Զրուցակիցները քննարկեցին հայ-ռուանդական հարաբերությունների առավել ակտիվացման և երկկողմ օրակարգի ընդլայնման ու հարստացման հեռանկարները՝ ուղենշելով առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քայլերը: Որպես համագործակցության գերակա ուղղություն առանձնացվեցին թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառները: ԱԳ նախարար Մնացականյանը շեշտեց Հայաստանի պատրաստակամությունը նախաձեռնելու տվյալ ոլորտներում առկա փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր:
Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի և Ռուանդայի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերին՝ ԱԳ նախարարներ Մնացականյանը և Սեզիբերան կարևորեցին միջազգային հանրության ջանքերի համախմբումը կանխարգելման օրակարգի առաջմղման գործում: