News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եզդիները նշում են «Խըդըր Նաբիին», որը հայ ժողովրդի մոտ ընդունված է «Սուրբ Սարգիս» անվամբ:

Այս առնչությամբ, «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորումը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է.

«Մեր հազարամյա տարաբնույթ վերելքներով եւ վայրէջքներով պատմություն ունեցող ժողովուրդը,որ դարեր շարունակ պետականություն չի ունեցել, փառք Աստծո գոյատեւում է, այս աշխարհում: Աստծո կամոք մենք արարել ենք որպես եզդիներ, ապրում ենք մեր ժողովրդի տեսակը հավիտենականացնելու համար: Մենք Աշխարհին ներկայանում ենք ոչ միայն պատմությամբ, մշակույթով, սովորություններով, ավանդույթներով, մեր բնօրրանով, այլ նաեւ մեր ազգային եւ կրոնական տոներով: Մեր ժողովուրդի ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել եւ այսօր էլ ունեն եզդիական ազգային եւ կրոնական տոները:

Նշված տոները պահպանելով ազգային արժեքները, նպաստելով ազգի գոյատեւմանը,ամուր թելի նման կապել եւ կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան: Ամրապնդելով մեր ժողովրդի հավատը, սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ: Հավատացեք մենք տարբեր փորձություններից դուրս ենք եկել հավատով եւ ամրացված:

Շուրջ 200-300 տարի է մենք` հայաստանաբնակ եզդիներս, հեռացել ենք մեր հոգեւոր նստավայր Լալիշա Նուրանից մեր բնօրրան Շանգալից: Այսօր էլ մենք դեռեւս սրբորեն պահպանում ու տոնում ենք մեր ազգային եւ կրոնական տոները: Գիտակցելով որ կա Աստծո կողմից մարդուն տված բարոյական նորմերի հավատի հաստատուն համակարգ, որին հետեւում եւ իր սրբազան պարտքն է կատարում մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում:

Մեր ժողովրդի պատմության մեջ կարեւոր դեր է խաղացել եւ պարբերաբար փետրվար ամսին նշվել է «Խըդըր Նաբի» (Խդր Այլաս) տոնը: Հարկ եմ համարում նշել, որ այս տոնը իր ուրույն եւ կարեւոր տեղը ունի մեր ժողովրդի հոգեւոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման եւ միասնության ու համերաշխության գործում:

Դարերի ընթացքում մեր ժողովուրդը Սուրբ Խըդըր Նաբիի անվան հետ է կապել մի շարք իղձերի, ցանկությունների, նպատակերի իրականացումը: Ըստ ժողովրդական ավանդությունների, Սուրբ «Խըդըր Նաբին» իր հզորությամբ տիրապետել է տարբեր երեւույթների վրա ազդելու կարողության:

Մեր ժողովրդի աղոթքներում եւ այլ պատումներում «Խըդըր Նաբին» դիտվել է նաեւ որպես սիրահարների հովանավոր, ուրախությունների, երջանկության եւ նպատակների իրագործման հզոր հովանավոր: Хьдьр Нави мераки мразбахша, мразе Тамама We бька: Այդ օրը երիտասարդները աղոթում են եւ խնդրում Խդր Նաբուն, որ իրենց իղձերն ու ցանկությունները հասցնի Աստծուն:

Եզդի ժողովուրդը արտաքին սպառնալիքներից պաշտպանվել եւ անհրաժեշտությունից ելնելով, հիմանականում վարել է ներփակ համայնքային կյանք: Բայց խաղաղության, երջանկության եւ տարատեսակ ուրախություններ պարգեւող տոները ընդունել է նաեւ այլ ժողովուրդների հետ միասին: Անշուշտ, խոսքը վերաբերում է սուրբ «Խըդըր Նաբիին», որը տարբեր ժողովուրդների մոտ տոնվում է, հայ ժողովրդի մոտ ընդունված է «Սուրբ Սարգիս» անվամբ:

Սուրբ Խըդըր Նաբիի գալստյան օրվա առթիվ երկուշաբթի օրը հրեշտակները մաքրությամբ են զբաղվում նաեւ մատաղներ զոհաբերելու օրն է, իսկ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերը ծոմ են պահում: Տոնի օրն առավոտյան ժողովուրդը հոգեւորակաների հետ գնում են գերեզմանոցներ, աղոթքներ են անում, որից հետո այցելում են մեկը մյուսի տները, շնորհավորում են միմիանց տոնը եւ ցանկանում ամենալավը: Այդ օրը միմիանցից նեղացածները խոսում են միմյանց հետ, մեկը մյուսին ներում է նրա արարքը: Ամենուր տիրում է սերն ու համերաշխությունը:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ Խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, մեր Շանգալում, փախստակաների ճամբարներում գտնվող ու գերության մեջ եղած բոլոր եզդիներին: Ինչպես նաեւ ամբողջ աշխարհի եզդիներին «Այդա Խըդըր Նաբի» տոնի առթիվ: Бьра Бьмбараква Айда Хьдьр Нави (Хьдьр Айлаз): Ցանկանում ենք բոլորին առողջություն, երջանկություն, հաջողություն, բարեկեցիկ, անվտանգ կյանք, խաղաղություն Աշխարհին: Այն արժեքավորն, որ ստեղծել է մեր ժողովուրդն անցյալում հավատացած եմ հարատեւելու է ու ստեղծելու է նաեւ ապագայում: Այսուհետեւ ապրենք բոլորս միայն ուրախանալու զգացմունքով: Թող իրականան մեր երազանքները, թող այսուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի, չգերվի կամ չարտագաղթի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար: Մենք բոլորս էլ հավաստար ենք Աստծո առջեւ ուրեմն սիրենք միմյանց, որ Աստված էլ սիրի մեզ:

Տպել
Ամենաշատ