News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավստրիական հեղինակավոր Society ամսագիրը 2018-ի դեկտեմբեր-2019-ի հունիս ամիսների թողարկման մի մասը նվիրել է Հայաստանին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հարցազրույցների հետ միասին համարում տպագրվել է նաեւ հարցազրույց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, ինչպես նաեւ՝ հոդված Երեւանի մասին: Society-ի թղթակից Գերտի Թաուխհամերը Երեւանում էր 2018-ի հոկտեմբերին՝ մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարության օրերին: Հարցազրույցի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.

2018թ. սեպտեմբերի 23-ից Դուք Երեւան քաղաքի քաղաքապետն եք: Որո՞նք են Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածի համար Ձեր առջեւ դրված նպատակները, եւ որո՞նք են ապագայի ամենամեծ մարտահրավերները Ձեր քաղաքի համար:   

Հիմնարար խնդիրներից մեկը, որը ծառացած էր մեր քաղաքական թիմի առջեւ ընտրություններից առաջ, իրապես առաջին անգամ բացարձակ թափանցիկ եւ արդար քվեարկության անցկացումն էր, ինչը մեզ փայլուն կերպով հաջողվեց: Հիմնական նպատակը՝ մեր թիմին վստահության բավական բարձր քվե տված ընտրողների, ինչպես նաեւ այլ քաղաքական ուժերին իրենց ձայնը տված քաղաքացիների ակնկալիքներն արդարացնելն է՝ բնակչությանն իրականում ծառայելու միջոցով: Ժառանգություն ենք ստացել քրոնիկ խնդիրների մի ամբողջ բույլ՝ հանրային տրանսպորտ, երթեւեկության կազմակերպում, աղբահանություն, աղբավայրերի կազմակերպում, բազմաբնակարան շենքերի կառավարում, կանաչ տարածքների սղություն:

2018 թվականին Երեւանը նշում էր իր 2800-ամյա հոբելյանը: Ի՞նչ է Ձեզ համար նշանակում այսպիսի պատմական վայրի քաղաքապետ լինելը:

Ինձ երբեմն հարց են տալիս, թե որտեղից եք այդպես ճշգրիտ որոշել տարեթիվը 28 դարերի խորքից. մենք այս հարցում պարտական ենք մեր արքա Արգիշտի Առաջինին, որն իր հիմնական սխրանքներն ու գործերը քարերի վրա սեպագիր արձանագրությունների տեսքով մանրամասն գրի առնելու սովորություն ուներ: Եվ դրա շնորհիվ Երեւանն աշխարհի այն եզակի քաղաքներից է, որն ունի իր հիմնադրման յուրահատուկ «ծննդյան վկայականը»:

Իմ քաղաքի, իմ ամենասիրած քաղաքի՝ Երեւանի քաղաքապետ լինելը մեծագույն հպարտություն է՝ մեծ պատիվ եւ, իհարկե, ահռելի պատասխանատվություն, որովհետեւ դու շարունակողն ես այն տասնյակ ու տասնյակ սերունդների, որոնք քարը քարի վրա դնելով ստեղծել եւ մեզ են փոխանցել այսօրվա մեր քաղաքը՝ իր ողջ հմայքով: Այս տարին հոբելյանական է, եւ տարվա ընթացքում տասնյակ տոնական միջոցառումներ են իրականացվում: Հուսով եմ, որ մեր համաքաղաքացիները եւ քաղաքի հյուրերը լիարժեք վայելում են այս տոնական երեւանյան մթնոլորտը: Հրավիրում եմ բոլորին այցելել Երեւան՝ մեր ջերմ եւ արեւոտ քաղաքը: Երեւանը, հինավուրց ակունքներ ունենալով հանդերձ, նաեւ համեմատաբար երիտասարդ քաղաք է, որի շենքերի զգալի մասը կառուցվել է վերջին 150-200 տարիների ընթացքում: Մեծ պատասխանատվություն է՝ պահպանել  այս ժառանգությունը,  պատմական ու մշակութային շերտերը, ապահովել դրանց փոխանցումը ապագա դարերին: Իսկ 2800 տարեկան մայրաքաղաքի քաղաքապետը, որքան էլ անհամեստ հնչի, կարծում եմ, պետք է մտածի նաեւ առնվազն 2800 տարի ապագայի մասին եւ միեւնույն ժամանակ ապահովի քաղաքի կենսագործունեության հետ կապված ժամանակակից ենթակառուցվածքների արագ եւ ներդաշնակ զարգացումը. սա է, կարծում եմ, ամենաբարդ խնդիրը եւ, վստահ եմ, մեր առջեւ դրված հանրային պատվերը:

Ազգային մակարդակով աշխատող այլ քաղաքական գործիչների համեմատ քաղաքապետերը պետք է ավելի մոտ լինեն ժողովրդին կամ այն վայրին, որը ներկայացնում են: Դուք, որպես նախկին պրոդյուսեր եւ կատակերգակ դերասան, ինչպիսի՞ն եք ցանկանում տեսնել մարդկանց հետ այդ կապը:

Վստահ եմ, որ մեր նոր ժամանակների պահանջն է՝ բոլոր մակարդակի քաղաքական գործիչներն իրականում պետք է մոտ լինեն ժողովրդին: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում նահանջ կապրի, այսպես ասած. «իրենք իրենց յուղի մեջ տապակվող» քաղաքական գործիչների եւ կուսակցությունների երեւույթը: Շատ երկրներում մենք ականատեսն ենք լինում լիովին անսպասելի,  «պրոտեստային» բնույթի ընտրական պրոցեսների, երբ հաճախ որոշակիորեն «լճացած» եւ իրական հանրային պահանջը չարդարացնող երբեմնի ավանդական կուսակցությունները լիակատար պարտություն են կրում՝ տեղները զիջելով նորերին, երբեմն, ի դեպ այնպիսիններին, որոնց առաջ քաշած որոշ գաղափարներ մտահոգության առիթ են տալիս: Այս առումով մեր քաղաքական թիմի՝ նոր Հայաստանը ներկայացնող թիմի համար եւ՛ ընտրովի, եւ՛ գործադիր մակարդակներում կարեւորագույն խնդիրներից է ոչ թե խոսել ժողովրդավարությունից, այլ կրել դրա արժեքներն ու կերտել այն՝ բառիս բուն իմաստով, հանդիսանալով յուրաքանչյուր քվեի յուրահատուկ հաղորդիչը:

Իսկ որպես քաղաքապետ՝ ինձ համար կարեւոր է քաղաքային կառավարման, քաղաքի գերակայությունների որոշման, խնդրո առարկա եւ ոչ միանշանակ, բարդ լուծում պահանջող հարցերի լուծմանն անմիջական մասնակից դարձնել բնակչին, որովհետեւ, այո, ինչպես հարցազրույցի  սկզբում նշեցի, համայնքներն ընդհանրապես առավել մոտ են կանգնած քաղաքացու եւ քաղաքի հյուրի ամենօրյա խնդիրներին, նրա բնակվելու միջավայրին: Պարզ ասած, համայնքը ոչ միայն եւ ոչ այնքան մունիցիպալիտետն է, որքան բոլորը եւ յուրաքանչյուրը: Մենք մեծ ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի կայացնենք իրական մասնակցային կառավարումը, ներդնենք այն գործիքակազմը, որը կապահովի խնդիրը իդենտիֆիկացնելու, հանրային թափանցիկ քննարկումներն ապահովելու եւ որոշումների եւ ծրագրային լուծումների տեսքով կառավարման ցիկլը կյանքի կոչելու համար:

Մայրաքաղաքները հաճախ մագնիսի դեր են կատարում զբոսաշրջության համար: Որքա՞ն հստակ է տուրիզմի սեկտորը Երեւանում: Ի՞նչն է Երեւանը դարձնում հրապուրիչ մայրաքաղաք:

Տուրիզմը մեր երկրի կարեւոր բնագավառներից է եւ վերջին մի քանի տարիներին այս ոլորտում միջինը գրանցում ենք շուրջ քսան տոկոս տարեկան աճ: Հայաստանի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության համար Երեւանը, այսպես կոչված, «բազային» տուրիստական քաղաք է: Դա, իհարկե, պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր մայրաղաքում են կենտրոնացված հիմնական հյուրանոցներն ու ժամանցի կենտրոնները, մշակույթի օջախները, ինչպես նաեւ երկրի խոշորագույն միջազգային օդակայանը: Հանգամանորեն չանդրադառնալով Երեւանի եւ Հայաստանի հազարավոր պատմական եւ գեղատեսիլ վայրերին, բազմաթիվ թանգարաններին եւ մշակույթային հուշարձաններին, իհարկե, մեր համեղ եւ բազմերանգ ազգային խոհանոցին, գինիներին եւ կոնյակին, պետք է առանձնացնեմ երկու կարեւոր գործոն, որոնք գրավիչ են դարձնում Երեւանը. մեր բնակիչներն են՝ երեւանցիները, որոնք շփման մեջ ջերմ են եւ հյուրասեր, կենսախինդ ու հումորով լեցուն, եւ, իհարկե, մեր քաղաքի անվտանգությունն ու ապահովության զգացումը: Պատկերացրեք, որ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքում կարելի է խորը գիշերվա ընթացքում ոտքով անցնել ամենահեռավոր ծայրամասերից մինչեւ քաղաքի կենտրոն ու հակառակը: Եվ իզուր չէ, որ քաղաքի կենտրոնում՝ սրճարաններում  ու փողոցներում, գիշերվա ցանկացած ժամի եւ անգամ լուսադեմին կարելի է տեսնել իրենց հանգիստը վայելող մարդկանց՝ աշխույժ ընկերական խմբեր ու ռոմանտիկ զույգեր՝ տարեցներ ու երիտասարդներ, զբոսաշրջիկներ ու տեղացիներ: Կարծում եմ՝ հենց սա է, որ մեր քաղաքին առանձնահատուկ հմայք է տալիս:  

Society-ն Ավստրիայի «Արտաքին քաղաքականության եւ Միավորյալ ազգերի» ընկերակցության կիսամյակային հանդեսն է, որը լույս է տեսնում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին եւ հունիսին: Հանդեսի համարները տարածվում են ավստրիական ավիաընկերությունների օդանավերում եւ բարձրակարգ հյուրանոցներում:

Տպել
Ամենաշատ