News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Եկեղեցու հետ մեր հարաբերությունները եւ շփումը ունեն վճռական նշանակություն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ կառավարությունում հանդիպման ժամանակ ասել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Ուրախ եմ շատ Ձեզ տեսնելու եւ հանդիպելու համար: Իհարկե, մենք նախկինում հանդիպել ենք, եւ ես ջերմությամբ եմ հիշում Անթիլիաս կատարած իմ այցելությունը՝ Ձեր գործունեության հոբելյանի առիթով: Վեհափառ Հայրապետի հետ մեր հանդիպումները պարբերաբար են: Դրանց մի մասը լուսաբանվում են, մյուս մասը չի լուսաբանվում, եւ ես շատ կարեւոր եմ համարում այս շփումը, այս խոսակցությունը: Եթե անկեղծ ասեմ, նույնիսկ մտածում եմ, որ խոսակցությունը դեռ չի էլ սկսվել, որովհետեւ սա մի շրջան էր, երբ մենք առավել թերեւս զգուշավոր ենք մոտենում հարցերին, եւ դա բնական է: Բայց ես կարծում եմ, որ այս ընթացքում մի բանում հաջողել ենք՝ կարողացել ենք խոսակցության իսկապես անկեղծ եւ բաց մթնոլորտ ունենալ: Հատկապես այս խոսակցությունը կարեւոր է մեր երկրի ապագայի վերաբերյալ, մեր ժողովրդի ապագայի վերաբերյալ, որովհետեւ կարծում եմ, որ մեր համազգային օրակարգի քննարկման շատ կարեւոր առաքելություն ունենք եւ մեր համազգային օրակարգի ձեւավորման շատ կարեւոր առաքելություն ունենք: Մենք գիտենք մի բան. եւ՛ մենք, եւ՛ մեր ժողովուրդը, եւ՛ մեր եկեղեցին, եւ՛ մեր հոգեւոր դասը մի բանում համաձայն ենք, որ մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք այն մարտահրավերին հանդիման, որը մեր պետության, մեր ժողովրդի առաջ է, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության, Սփյուռքի: Համոզված եմ, որ այսպիսի շփումը, եկեղեցու հետ մեր հարաբերությունները եւ շփումը, քննարկումներն այս հարցում ունեն կարեւոր եւ վճռական նշանակություն: Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար եւ շնորհակալ եմ այցելության համար»:

Այնուհետեւ խոսքով է հանդես եկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ով, մասնավորապես, նշել է.

 

«Սիրելի պարոն վարչապետ,

ահավասիկ սա մեր երկրորդ հանդիպումն է, եւ այս անգամ ավելի պաշտոնապես՝ որպես վարչապետ ողջունում եմ Ձեր առաքելությունը, որովհետեւ հայրենակերտումին նվիրված որեւէ անձի գործը սովորական իմաստով գործ չէ, այլ իր էությամբ եւ նպատակով առաքելություն է, եւ այդ առաքելությունը պետք է կատարվի կոչումի գիտակցությամբ: Եվ ես վստահ եմ, որ այս գիտակցությամբ Դուք լծված եք այս առաքելությանը՝ Ձեր շուրջն ունենալով պատասխանատուներ, երիտասարդ տարրեր նույն առաքելության ճանապարհին: Հետեւաբար, Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք եւ ամբողջական հաջողություն, ինչպես միշտ ասել եմ, կկրկնեմ. Ձեր հաջողությունը հայրենիքի հաջողությունն է, հայրենիքի հաջողությունը մեր ամբողջ ազգի հաջողությունն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության սահմաններից անդին հարաբերաբար Սփյուռքին որոշ պատասխանատվություններ ունի: Հետեւաբար, ես Ձեր առաքելությունն ավելի համապարփակ կերպով եմ տեսնում: Իմ սպասումս է, որ ժողովրդի սպասումները, կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն: Այդ հանձնառությամբ Դուք այս առաքելությանը լծվեցիք եւ Ձեր բոլոր հրապարակային խոսքերի մեջ կարեւորությամբ շեշտեցիք, որ ժողովրդից եք գալիս, ժողովուրդն է իշխանությունը, եւ ժողովրդի սպասումներն են, որոնք պետք է մղիչ ուժը դառնան Ձեր եւ կառավարության առաքելության: Բնականաբար, պետք է լինել իրատես. չի կարելի անմիջականորեն զգացությունը պայծառակերպել եւ այդ սպասումներն իրագործել: Հանգրվանային կերպով առաջատվական ընթացքով իմ սպասումս է, որ ժողովրդի սպասումները, կարիքները, ակնկալությունները իրագործվեն: Եվ այս ընթացքի մեջ նաեւ իմ սպասումս է, որ կարեւորությամբ շեշտեք բազմակարծիքության բերելիք նպաստը Ձեր առաքելությամբ՝ թե՛ խորհրդարանից ներս, թե՛ խորհրդարանից դուրս:

Տարբեր կարծիքներ ունենալը հարստացուցիչ է՝ պայմանով, որ դրանք ինչ-որ տեղ իրար հետ հանդիպեն, իրար հետ շփվեն՝ մեր համազգային արժեքների եւ իդեալների շուրջ: Պետք է այնպես անել, որ մենք բեւեռացումներ չառաջացնենք: Եթե կան բեւեռացումներ, այդ բեւեռացումները պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ: Եվ այս ուղղությամբ եկեղեցու դերը ես շատ կարեւոր եմ համարում: Ուրախ եմ, որ Ձեր խոսքի մեջ կարեւորությամբ անդրադարձաք եկեղեցու դերին: Վեհափառն ինքն էլ ասաց, որ եկեղեցի-պետություն այս հարաբերությունները, ավելի ճիշտ՝ գործակցությունը, պիտի ասեմ, նկատի ունեմ հրամայական է թե՛ ազգաշինության, թե՛ հայրենակերտումի իմաստով: Բնականաբար, կան տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ: Ինչպես ասացի, այդ տարբերությունները պետք է դառնան վերջին հաշվով հարստացուցիչ, որովհետեւ մենք բոլորս էլ նույն օղակի մեջ ենք եւ նույն ճամփի վրա ենք գտնվում:

Հետեւաբար, պարոն վարչապետ, մեկ անգամ եւս Ձեզ մաղթում ենք հաջողություն Ձեր առաքելության մեջ: Աստված պահի Ձեզ եւ մեր սիրելի հայրենիքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Ամենաշատ