![](img/news/50/37/76/default.jpg)
Արցախը Հայաստանին վերամիավորելու ստորագրահավաք սկսելու՝ «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնությունը շատ ժամանակավրեպ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը։
«Խնդիրն այն չէ, թե արցախցիները ցանկանում են վերամիավորվել Հայաստանի հետ, թե ոչ։ Բնական է, որ ուզում են։ Հայտնի է, որ մենք Ղարաբաղյան շարժումը սկսել ենք հենց այդ կարգախոսով։ Սակայն, իմ խորին համոզմամբ, այսօր ժամանակավրեպ է նման հարց բարձրացնելը, որովհետեւ մենք 1991 թվականին հռչակել ենք Արցախի անկախությունը, կառուցում ենք անկախ պետություն»,- ասաց նա։
Պատգամավորը կարծում է, որ նախ Արցախի անկախությունը միջազգային մակարդակով պետք է ճանաչվի, որից հետո արցախցիները հանրաքվեով կորոշեն, թե ինչ են ուզում։
«Եթե մենք այսպիսի հարց դնենք, կնշանակի, որ հայտարարում ենք բանակցային գործընթացից դուրս գալու մասին, որը լուրջ վտանգներով է հղի։ Մենք գիտենք՝ ինչ տարածաշրջանում ենք ապրում, գիտենք՝ ինչ լուրջ վտանգներ կան, ուստի կրակի վրա յուղ լցնելու անհրաժեշտություն չկա։ Պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել»,- շեշտեց Արցախի ԱԺ պատգամավորը։
Նա կարծում է գործը ստորագրահավաքի չի հասնի։ «Մենք տեղյակ ենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունները գրասենյակ են բացել, շրջաններում են լինում, սակայն նրանց հոծ բազմություն չի դիմավորում, ուստի կարելի է եզրակացնել, որ արցախցիների մեծ մասը չի կիսում նրանց մոտեցումը»,– եզրափակեց Բաղրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սասնա ծռերը» սկսել են Արցախը մարզի կարգավիճակով Հայաստանին միացնելու գործընթաց։