News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ կնքված նոր համաձայնագիրը արձակուրդների եւ աշխատանքային գործունեության մասին շատ կարեւոր փաստաթուղթ է եւ քայլ առաջ մեր երկկողմ հարաբերությունները լավ մակարդակի բարձրացնելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնսալո Ուրիոլաբեյթիան։

Համաձայնագիրն ապրիլի 15-ին արժանացել է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հավանությանը։ Հայաստանի եւ Արգենտինայի 18-38 տարեկան քաղաքացիները կկարողանան օգտվել այս համաձայնագրի ընձեռած հնարավորություններից. այդ երկրների երիտասարդները կկարողանան այցելել միմյանց երկրներ՝ կարճաժամկետ բնակության նպատակով։

«Մենք Հայաստանի հետ անվիզա ռեժիմ ունենք, բայց այն վերաբերում է միայն զբոսաշրջությանը։ Այս դեպքում մենք ընդլայնում ենք հայերի կեցության ժամանակն Արգենտինայում եւ հակառակը։ Այս գործիքը շատ կօգնի հարաբերությունների զարգացմանը, որովհետեւ շատ երիտասարդ հայեր, որոնք ցանկանում են նոր փորձ ձեռք բերել, կարող են այցելել Արգենտինա եւ սովորել այնտեղ։ Սա հիանալի հնարավորություն է, քանի որ կրթությունը՝ լինի միջնակարգ դպրոց, թե համալսարան, մեր երկրում անվճար է»,- պարզաբանել է նա։

Բայց դեսպանը կարծում է, որ զբոսաշրջիկների հոսքը Հայաստանից Արգենտինա եւ հակառակը՝ լուրջ փոփոխությունների կենթարկվի, քանի որ հայերի եւ արգենտինացիների հետաքրքրությունը մնում է նույնը։ Համաձայնագիրն օգտակար կլինի, որպեսզի երիտասարդները կարողանան ավելին անել, քան պարզապես զբոսաշրջային այցելությունը։

Գոնսալո Ուրիոլաբեյթիան կարծում է, որ երկու երկրները կարող են մեծացնել երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը, որն անցած տարի կազմել է 8 մլն դոլար։ Նա ընդգծել է, որ Արգենտինան Հայաստանում խոշոր ներդրողներից մեկն է, եւ երկրներն աշխատում են նաեւ գյուղատնտեսության ու այլ ոլորտներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ