News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Զատկի կիրակի օրն իր ուղերձում դատապարտել է Շրի Լանկայում պայթյունները:

Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների առջեւ ելույթ ունենալով՝ Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել նաեւ քաղաքական գործիչներին խուսափել սպառազինման նոր մրցավազքից, եւ ողջունել փախստականներին, որոնք փրկություն են փնտրում սովից եւ մարդու իրավունքների խախտման դեպքերից, հաղորդում է Reuters-ը:

«Ցավով եւ տխրությամբ տեղեկացա հարձակումների մասին, որ հատկապես այսօր՝ Զատկի օրը, սուգ եւ ցավ են բերել Շրի Լանկայում»,-նշել է նա՝ ցավակցություն հայտնելով այդ դաժան բռնության զոհերի հարազատներին:

Սուրբ Պետրոս տաճարի կենտրոնական պաշտգամբից ելույթ ունենալով՝ նա հակամարտության գոտիներում խաղաղության կոչ է արել:

«Թող Աստված ձեզ դարձնի կամուրջների, ոչ թե պատերի շինարարներ: Թող Նա վերջ դնի զենքի աղմուկին ինչպես հակամարտության գոտիներում, այնպես էլ մեր քաղաքներում, եւ ոգեշնչի ազգերի առաջնորդներին վերջ դնել սպառազինման մրցավազքին»,-ասել է նա: «Թող Հարություն առած Քրիստոսը բացի մեր սրտերը անապահովների, խոցելիների, աղքատների, գործազուրկների, մարգինալների եւ բոլոր նրանց առջեւ, ովքեր թակում են մեր դուռը հացի, կացարանի եւ իրենց արժանապատվությունը ճանաչելու փնտրտուքով»,-նշել է Հռոմի Պապը:

Նա կոչ է արել լուծել Սիրիայում հակամարտությունը, ինչը համապատասխանում է «մարդկանց՝ ազատություն, խաղաղություն եւ արդարություն ունենալու օրինական հույսերին» եւ նպաստում է փախստականների վերադարձին:

Հռոմի Պապը երկխոսության կոչ է արել Լիբիայում մարտական գործողություններին վերջ տալու նպատակով:

Նա կոչ է արել Վենեսուելայի քաղաքական գործիչներին «վերջ տալ սոցիալական անարդարությանը, չարաշահումներին եւ բռնությանը՝ ձեռնարկելով կոնկրետ քայլեր, որոնք անհրաժեշտ են տարաձայնությունները լուծելու եւ բնակչությանն անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ