News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սասուն Միքայելյանը դատարկաձեռն չի եկել ԵԿՄ, այլ նոր ծրագրերով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երկրապահ կամավորական միության վարչության անդամ Արա Կետիկյանը։ Նրա խոսքով՝ առաջին փոփոխությունը վարչության անդամների թվի նվազեցումն  է։

«Ունենք նոր նախագահ, նոր վարչություն, բնականաբար, փոփոխություններ կլինեն։ Սասուն Միքայելյանը դատարկաձեռն չի՛ եկել, եկել է նոր, բազմաթիվ ծրագրերով, այդ թվում նաեւ կառուցվածքային որոշակի փոփոխոիթյուններով։ Դեռ համագումարի օրվանից մեր 184 հոգանոց վարչությունն արդեն փոխորինվեց 25 հոգանոց կազմով», –ասաց Կետիկյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս վարչությունն ավելի ճկուն եւ աշխատող է, իսկ փոփոխությունները դեռ կշարունակվեն։ Հատուկ շեշտ կդրվի, որ ԵԿՄ անդամ դառնան միայն պատերազմին մասնակցածները։

«Վերից վար կառուցվածքային փոփոխություններ կլինեն, այդ թվում մենք նախատեսում ենք շատ լուրջ վերահաշվառում, եթե նախկինում դռները շատ բաց էին նաեւ ոչ կռված, ազատամարտը չանցած տղաների համար, քաղաքացիների համար, ինչը ուզում եմ հատուկ նշել ո՛չ օրենքի, ո՛չ  կանունադրության խախտում չէր։ Սասուն Միքայելյանի եւ նորընտիր վարչության քաղաքականությունն այլ է՝ մաքսիմալ կկրճատվեն եւ հիմնական կորիզը ԵԿՄ–ի կմնան միայն պատերազմի մասնակից տղաները»,– ասաց Կետիկյանը։

Անդրադառնալով լրագրողների հարցին, որ ԵԿՄ համագումարին վարչության ոչ բոլոր անդամներն էին ներկա, Կետիկյանը  բացատրեց նրոնով, որ դա համագումար է եւ իրենք նախապես հրավիրատոմսեր չեն ուղարկում։

«Դեռ համագումարում՝ ասուլիսի ժամանակ, ես ասացի, որ վարչության անդամներն իրավունք չունեն նեղանալու, որովհետեւ որեւէ վարչության անդամ՝ այդ թվում ես, հրավիրատոմսով չենք եկել համագումար։ Բոլոր այն վարչության անդամները, ովքեր այս վերջին ամիսններին, հատկապես հայտնի իրադարձություններից հետո վերջին 8–9 ամսվա ընթացքում կապը պահել են երկրապահի հետ, ակտիվորեն աշխատել են մեզ հետ, բոլորն էլ ներկա էին համագումարին»,– ասաց Կետիկյանը։

Լրագրողների հարցին, արդյոք պատրաստվո՞ւմ են Մանվել Գրիգորյանին զրկել ԵԿՄ անդամ լինելուց, նա պատասխանեց, որ իրենք պահպանում են անմեղության կանխավարկածը։

«Սպասում ենք դատին։ Փառք Աստծո, այսօրվա իրականության պայմաններում դատարաններն անկախ են, իմ կարծիքով, որեւ ճնշում նրանց վրա չի կարող գործադրվել, բոլոր հարցերի պատասխանները կտա դատարանը»,– ասաց Կետիկյանը։

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ 1996 թ.–ին ԵԿՄ–ն իշխանության կցորդ է եղել եւ հիմա, երբ միության նախագահ է փոխվել, արդյոք զե՞րծ են մնալու քաղաքական դրսեւորումներից, նա ժխտեց կցորդ լինելու փաստը՝ ասելով, որ միության կազմում մշտապես եղել են եւ կան տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։

«Եթե երկրում տարվա ընթացքում 12 անգամ իշխանություններ փոխվեն, ԵԿՄ–ն բոլոր իշխանությունների հետ համագործակցելու է եւ համագործակցելու է միայն երկիր պահելու ծրագրերի շուրջ։ Եթե երբեւէ երկրապահը կանգնի ու ասի՝ գիտե՞ք ինչ, թշնամին սահմանի մոտ, մենք չենք կռվելու, որովհետեւ այս իշխանությունները մեր սրտով չեն, համարեք, որ երկրապահն էլ երկրապահ չէ»– եզրափակեց Կետիկյանը։

Նրա խոսքով երկրապահը քաղաքական կառույց չէ, երկիր պահող եւ բանակի թիվ մեկ ռեզերվն է, եւ ով էլ լինի իշխանության, պետք է համագործակցությունը չդադարի ՊՆ–ի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ