News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Երևանում բացվել է «Այնտեղ» խորագրով ֆոտոցուցահանդես: Լուսանկարները պատմում են Նեպալի մասին: Հեղինակը Ռուզան Չոբանյանն է. հայկական լեռնաշխարհի գագաթները բարձրացած Ռուզանը բարձրություններ է հաղթահարել նաև Հիմալայան լեռներում:

Ռուզան, ինչո՞ւ որոշեցիր գնալ Նեպալ:

Վաղուցվա երազանք էր, ի սզբանե Տիբեթ էի ուզում գնալ: Առիթը եկավ, երբ ընկերներս որոշեցին գնալ Նեպալ ու թռչել պառապլանով. Նեպալը համարվում է աշխարհի ամենաբարձրադիր տարածքը:  Ես շատ էի ուզում լինել Նեպալում, շփվել մշակույթի, մարդկանց հետ: Ուզում էի տեղում զգալ այն խաղաղությունը, որի մեջ ապրում են նրանք:

Գնացել էիր խաղաղությա՞ն հետևից:

Ավելի շուտ՝ ուզում էի հպվել այդ տարբերվող իրականությանը: Այն, ինչ տարբերվում է, սովորաբար ձգում է մարդկանց: Նորի, ուրիշի հետ շփվելու մեջ մի տեսակ սթափեցնող բան կա: Ցուցահանդեսի անվանումն էլ՝ «Այնտեղ», այդ տարբերությունը շեշտելու համար է: Ուզել եմ ցույց տալ, որ եղել եմ այդ անհասնելի թվացող վայրում, որը, կարծես, այլ մոլորակ լինի:

Ի՞նչն է քեզ ամենաշատը տպավորել:

Վերելքը (ես խմբում միակն էի, որորոշեցի բարձրանալ):Այնքան տպավորվեցի, որ որոշեցի ցուցահանդես անել և կիսվել:  Նեպալ խմբով էինք գնացել, բայց լեռան գագաթ բարձրացա միայն ես, ու դրա շնորհիվ ճանապարհը ավելի տպավորիչ էր: Այնքան տարված էի, որ մոռացել էի առօրյան, Երևանում թողած կիսատ գործերս: Իմ ամբողջ ուղևորությունը Նեպալ տևեց 15 օր, որից 5-ը ես անցկացրի մենակ՝ լեռը բարձրանալով: Հիմալայան գագաթներից Մարդի Հիմալի Բեյսքեմփն էր նպատակս, հասա View Point կոչվող կետին՝ 3200 մ բարձրության վրա: Հետո եղանակային պայմանները կտրուկ վատացան: Ձյունն ու մառախուղը ծածկել էին ուղեցույց նշանները, ու տեղացիները խորհուրդ չէին տալիս բարձրանալ, հատկապես մենակ: Բայց քանի որ 3 օրվա ճանապարհն արդեն անցել էի և չգիտեի՝ մեկ էլ երբ կլինեմ այդ վայրերում, որոշեցի, այնուամենայնիվ, փորձել. բացառիկ բան էր իմ կյանքում:

5 օր մենակ ու բարձրություն հաղթահարելիս. ի՞նչ փոխվեց մեջդ վերելքից հետո:

Ինչ-որ բան անելուց առաջ ես միշտ լրջորեն պատրաստվում եմ, բայց լեռը բարձրանալու որոշումը հանպատրաստից էր: Հասկացա, որ ամենաշատ ցանկալի բաները կարող են նաև անսպասելիորեն կատարվել: Եվ կարևոր էր, որ զգացի՝ այն, ինչ միշտ մտքումս պատկերացրել եմ, փորձեցի, և ինձ դուր եկավ, ճիշտ՝ ինչպես պատկերացնում էի: Դա ինձ համարձակություն կտա, որ առավել ոգևորված ու գնամ դեպի մյուս նպատակներս:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ