News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ.ապրիլի 16-ին Երեւան քաղաքի Հերացի եւ Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին  Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաեւ՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 11 մեղադրյալի մասով նախաքննությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված 4 դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, միացվել էին մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպերի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց մի մասի շրջանակը: Տուժող է ճանաչվել 16 անձ եւ Հայանիստ համայնքը, 11 անձի մեղադրանք է առաջադրվել։

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 10:10-ի սահմաններում, Մասիսի քաղաքապետի եղբայր Գ.Համբարձումյանը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի խումբ այլ անձանց հետ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հասարակության նկատմամբ, Երեւան քաղաքի Հերացի եւ Կորյուն փողոցների խաչմերուկում խուլիգանական մղումներով հայհոյանքներ է հնչեցրել նշված փողոցների խաչմերուկը փակած ցուցարարների հասցեին, բռնություն գործադրել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Համբարձումյանը մասնակցություն է ունեցել նաեւ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ապրիլի 22-ին արձանագրված միջադեպին եւս։

Մասնավորապես՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակ արգելելու, խոչընդոտներ ստեղծելու նպատակով, Գ.Համբարձումյանը մի խումբ անձանց հետ տեւական ժամանակ առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով  փակել են նշված խաչմերուկից դեպի Երեւան քաղաք տանող ճանապարհը, որի ընթացքում Դ.Համբարձումյանը, Գ.Համբարձումյանը, ինչպես նաեւ մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել հանրահավաքի մասնակիցների հասցեին, նրանց տեղաշարժը կանխելու նպատակով բռնություն են գործադրել՝ ոտքերով, ձեռքերով եւ որպես զենք օգտագործվող, նախապես իրենց հետ վերցրած մահակներով եւ քարերով հարվածներ հասցնելով երթի մասնակիցներին:

Այդ ընթացքում Դ.Համբարձումյանը ավտոմեքենայի սրահից կրակ է արձակել խաղաղ երթի մասնակիցների ուղղությամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը, միաժամանակ հասարակության անդամների մոտ ստեղծելով վախի եւ սարսափի մթնոլորտ:

Բացի այդ, Դ.Համբարձումյանը, ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների, եղբոր՝ Գ.Համբարձումյանի հետ բռունցքներով եւ ոտքերով հարվածներ է հասցրել ցույցի մասնակիցներին, ինչպես նաեւ՝ վնասել երթի մասնակիցներից մեկի «Նիսան» մակնիշի  ավտոմեքենան:

Այդ ամենի ընթացքում մի խումբ անձինք մահակներով, ավտոմեքենայի խլացուցիչով եւ այլ առարկաներով, ինչպես նաեւ ձեռքերով հարվածներ են հասցրել երթի մյուս մասնակիցներին, վնասել Հայանիստ համայնքին պատկանող «CHEVROLET AVEO 1.2»  եւ Արարատի մարզի բնակչին պատկանող «Վազ 2107» մակնիշի  ավտոմեքենաները՝  համայնքին եւ քաղաքացուն պատճառելով գույքային վնաս:

Մինչդատական վարույթում տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ դրան հաջորդող օրը՝ 2018թ. ապրիլի 23-ին` ժամը 16:30-ից մինչեւ 17:00-ն ընկած ժամանակահատվածում, վերոնշյալ անկարգություններին մասնակից երեք անձինք, մի խումբ այլ անձանց հետ, բռնություն են գործադրել նաեւ Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում:

Մասնավորապես՝ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, արգելել են քաղաքացիներին արտահայտել իրենց ազատ կամքը, հայհոյանքներ եւ սպառնալինքեր են հնչեցրել Երեւան քաղաք գնացող քաղաքացիների հասցեին, բռունցքով հարվածներ հասցրել մասնակիցներից մեկին, ինչպես նաեւ վնասել վերջինիս «Մազդա» մակնիշի ավտոմեքենան:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ եւ ՀՀ   քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասերով,

Գոռ Համբարձումյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  եւ  ՀՀ   քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով,

վեց անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով,

մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

եւս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նշված մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Եվս երկու մեղադրյալի, զանգվածային անկարգությունների կազմակերպչի եւ միջադեպերին մասնակից մյուս անձանց վերաբերյալ քրեական գործից անջատված մասով  նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպերին մասնակից մյուս անձանց հայտնաբերելու եւ նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ