News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը օրերս պատժից պայմանական վաղաժամկետ ազատված Գոռ Պոլեյանի գործով անսպասելի որոշում է կայացրել՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի՝ նրան պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Պոլեյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

2014 թվականի օգոստոսի 27-ի դատավճռով Գոռ Պոլեյանը մեղավոր է ճանաչվել հանցագործ աշխարհում «Թոխմախի բիճ» մականվամբ հայտնի Արսեն Գալստյանի սպանության, ապօրինի զենք պահելու, գործադրելու համար, ինչպես նաև՝ նախկինում կատարած խուլիգանության համար և դատապարտվել 9 տարի ժամկետով ազատազրկման։ Սպանության գործի շրջանակներում կալանավորվել էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջորդին՝ Արման Բադալյանը, որի մեղադրանքը հետագայում փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել միայն ապօրինի կերպով զենք զինամթերք կրելու և խուլիգանության համար։

Գալստյանի սպանության դեպքը տեղի է ունեցել 2008 թ. մարտի 4-ին, սակայն Պոլեյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2012 թվականի հուլիսի 26-ին։

Ըստ դատական ակտի՝ դեպքի օրը նախ Երևանի երկաթուղային կայարանի հրապարակում Գոռն իր ընկերոջ՝ Սուրենի հետ վիճաբանել է Արման Բադալյանի և ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ:

Սուրենը կայարանամերձ հրապարակում հանդիպել է Մհեր Սեդրակյանի քրոջորդի Արմանին: Հանդիպումն ավարտվել է Սուրենի ծեծով, նրա աչքին հարվածել են:

Սուրենը վերադարձել է հացի փուռ, լվացվել է: Այդ պահին նշված հացի փռի մոտ կանգնել է «2107» մեքենա, որի ղեկին եղել է «Բիճ» մականունով Արսեն Գալստյանը, նրա կողքին նստած է եղել Արման Բադալյանը:

Վերսկսված վիճաբանության ժամանակ, ըստ դատական ակտի, «վրդովվելով իր կողմնակիցների հասցեին Արսեն Գալստյանի հնչեցրած սպառնալիքներից… Գոռ Պոլեյանը ապօրինի ձեռք բերված ու իր մոտ պահվող՝ 9 մմ տրամաչափի ատրճանակից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակել է մեքենայի ղեկին նստած Արսենի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից մահացել է…»:

Այս դեպքից չորս տարի հետո՝ 2012թվականի հունիսի 22-ին գործով վկա Սուրեն Զորոյանը սպանվել է: Ինքնասպան է եղել գործով վկա Լևոն Ազիզյանը:

Գոռ Պոլեյանը թե՛ նախաքննության ընթացքում, և թե՛ դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և պնդել է, որ դեպքի վայրում ընդհանրապես չի եղել:

Արամայիս Հայրապետյանը տեղեկացրեց, որ «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կրելու ընթացքում Պոլեյանը ձեռք է բերել մի շարք ծանր հիվանդություններ՝ այդ թվում շաքարային դիաբեդ։

Պոլեյանը պարբերաբար դիմել է քրեակատարողական վարչությանը՝ պահանջելով իրեն պատժից ազատ արձակել հիվանդությունների հիմքով, սակայն մերժում է ստացել։

2018թ. դատապարտյալը դիմել է դատարան։ 2019թ. մարտին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը որոշում է կայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակել Պոլեյանին ՝ հաշվի առնելով ինչպես դատապարտյալի վարքագիծը, այնպես էլ նրա հիվանդությունները։ Պաշտպանի խոսքով՝ ազատության մեջ գտնվելու այս մեկուկես ամսվա ընթացքում իր պաշտպանյալը բուժում է ստանում հիվանդանոցային պայմաններում։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է դատախազությունը։

Դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ Շիրակի մարզի դատախազությունն իր բողոքում նշել է, որ Գոռ Պոլեյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելիս դատարանը բազմակողմանի գնահատման չի ենթարկել Պոլեյանի կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, դատարանի կողմից խախտվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի դրույթները՝ մասնավորապես դատարանը չի ծանուցել գործով տուժող Ա.Վարդազարյանին, այլ շարունակել և ավարտել է հարցի քննությունը՝ ըստ էության տուժողին զրկելով քննարկվող հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը արտահայտելու հնարավորությունից։

Նշենք, որ Պոլեյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ քրեակատարողական ծառայության զեկույցը բացասական է, իսկ պրոբացիայի ծառայությանը՝ դրական: Պատժի կրման ընթացքում նա 6 անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի։

Ըստ դատախազության դիրքորոշման՝ Պոլեյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելիս առաջին ատյանի դատարանը մեծամասամբ առաջնորդվել է՝ վերջինի առողջական վիճակի մասին տվյալները գնահատելով:

Այսպիսով՝ դատախազությունն արձանագրել, որ դատապարտյալ Գոռ Պոլեյանը պատժի կրման ընթացքում պատշաճ վարքագիծ չի դրսևորել, և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է: Այլ կերպ՝ վերջինս չի կանգնել ուղղման ճանապարհին և ենթակա չէր պատժից պայմանական վաղաժամկետ ազատման։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը 2019թ. մայիսի 15–ին բավարարել է դատախազության բողոքն ու բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Պոլեյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը մեզ տեղեկացրեց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո այն կբողոքարկի Վճռաբեկ դատարանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաբարովսկի օդանավակայանում ձերբակալվել է Չինաստանի երկու քաղաքացի, որոնք հափշտակել են շուրջ 2 մլրդ դոլար
Ընկերության գործունեության ընթացքում, նախնական հաշվարկներով, տուժել է ավելի քան 1.5 մլն մարդ…
ԱՄՆ-ում ոստիկանությունը մարդկանց մահվան մեջ կասկածվող թրմավաճառների խմբի է ձերբակալել
Ոստիկանությունը հայտնել է 8 ունցիա հերոինի բռնագրավման մասին...
ԱՄՆ-ում երեկույթին հրաձգության ժամանակ 7 մարդ տուժել է
Նրա խոսքով՝ երեք տուժածների վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ...
Նյու Յորքում ոստիկանը նախկին ամուսնու եւ իր սիրեցյալի դստեր համար մարդասպան է վարձել
34-ամյա Վալերիա Ցիցինելլիին անհապաղ կալանավորել են առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի...
Գողության եւ անչափահասի հետ սեռական հարաբերության համար հետախուզվող 40-ամյա Վիտալին
ՌԴ իրավապահների նախաձեռնությամբ հետախուզվողը հայտնաբերվեց...
Ամանորին գողություն կատարած Մանուկին գտել են 4,5 ամիս անց միայն
Ամիսներ առաջ կատարված գողությունը բացահայտվեց...