News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները մայիսի 13-ից 17-ը խորացրել են հետբացթողումային աուդիտի վերաբերյալ գիտելիքները: ՊԵԿ-ի նախաձեռնությամբ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները «Հետբացթողումային աուդիտ» խորագրով հնգօրյա աշխատաժողով են անցկացրել կոմիտեի ուսումնական կենտրոնում:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Առեւտրի համաշխարհային կազմակերպության Առեւտրի դյուրացման համաձայնագրով հետբացթողումային աուդիտի իրականացմանն առնչվող դրույթները եւ ռիսկերի կառավարման քաղաքականությանը, նախաաուդիտային հետաքննության մեթոդներին առնչվող հարցեր: Գործնական աշխատանքներ են կատարվել տվյալների նախաաուդիտային վերլուծության եւ թիրախային խմբերում իրականացվող աուդիտի վերաբերյալ: ՀՄԿ փորձագետները ներկայացրել են նաեւ հետբացթողումային աուդիտի ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայեցակարգ:

Աշխատաժողովին մասնակցել են ՊԵԿ հետբացթողումային հսկողության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի եւ սպասարկման վարչությունների, ինչպես նաեւ Արեւմտյան եւ Արարատյան մաքսատուն-վարչությունների 22 աշխատակիցներ:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի կարծիքով աշխատաժողովը մաքսային ծառայողների մասնագիտական պատրաստվածությունը բարելավելու լավ հնարավորություն է, քանի որ հետբացթողումային հսկողության ուժեղացումը կոմիտեի ռազմավարության առաջնահերթություններից է. «Գործընթացը շարունակական է լինելու. պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզի հետբացթողամային հսկողության վարչության մասնագետներն ուղիղ կապ հաստատեն առաջավոր երկրների մաքսային մարմինների գործընկերների հետ»:

ՀՄԿ փորձագետ Յասուիտո Սակամոտոյին տպավորել են ՊԵԿ-ում ներդրված ռիսկերի կառավարման համակարգերը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը. «Բազմաթիվ երկրներում եմ եղել. Հայաստանում ես տեսա լավագույն օրինակը: Աշխատաժողովի ընթացքում խմբակային վարժություններ, քննարկումներ, լավագույն փորձի եւ գործնական դեպքերի ուսումնասիրություններ ենք կատարել, որոնց արդյունքում ես նույնպես շատ նորություններ եմ բացահայտել, եւ կարող եմ փոխանցել ՀՄԿ-ի շրջանակում աշխատանքների բարելավման համար»:

Աշխատաժողովի ավարտին ՀՄԿ փորձագետները հավաստագրեր են հանձնել մասնակիցներին:

Տպել
Ամենաշատ