News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը


Նախօրոք չեմ ուզում գծագրել, թե ինչ տեղի կունենա: ԲԴԽ նիստից հետո ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանը այսպես պատասխանեց լրագրողի հարցին, թե որը կլինի ԲԴԽ հավանական արձագանքը վարչապետ Փաշինյանի հայտնի հայատարարությանը։

«Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ վաղը նիստ է հրավիրել, ես չգիտեմ՝ հեղափոխության 2-րդ շրջանն ինչպես է շարունակելու իր ընթացքը, եթե չգիտեմ, ինչպես մեկնաբանեմ»,-ասաց նա:

ԲԴԽ անդամը պնդեց, որ կաշկանդված չէ, «պարզապես վաղը վարչապետի մոտ խորհրդակցություն պետք է տեղի ունենա, տեսնենք՝ ճանապարհային ինչ քարտեղ է դրվում, որպեսզի մենք կարողանանք որոշել մեր հետագա քայլերը»,- ասաց նա։

Ճշտող հարցին, թե դատավորներն ասում են՝ պետք է գնան աշխատանքի, նա արձագանքեց. «Իհարկե, պետք է գնան», եւ նշեց, որ ինքը եւս գնալու է ԲԴԽ։

Հիշեցնենք, որ ավելի վա ԲԴԽ-ն հաղորդագրություն էր տարածել, որի մեջ նշված էր․ «Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ. մայիսի 19-ին ժամը 21.30-ին հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, Խորհուրդը հանգեց այն հետևությանը, որ. ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում արտահայտել խորհրդակցությունից հետո հրավիրվող նիստում, անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խորհուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում»:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»։ Նշենք, որ սա Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա չորրորդ գրառումն էր, մինչ այդ նա գրել էր, որ վաղը կհայտարարի հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկը, ավելի վաղ խոստացել էր, որ վաղը հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»։ Սրան էլ նախորդել էր մեկ այլ գրառում՝ «Էն մյուս հարցերի մասին վաղը կխոսենք, ժողովուրդ ջան: Կարեւորը դուխներդ չգցեք: Ձեր դեմ խաղ չկա: Ժողովրդի դեմ խաղ չկա»։

Տպել