News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բռնության կոչերն ու շարունակաբար անիշխանության իմիտացիա ստեղծելու միտումով արվող հայտարարություններին, գործողություններին պետք է վերջ դնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե սևազգեստ խմբեր են ձևավորվում, որ ապակայունացնեն երկրում իրավիճակը։

«Այդպիսի անհատներին ու խմբերին օրենքի ողջ ուժով ու խստությամբ պետք է վերաբերվել»,– նշեց նա։

Հարցին՝ արդյոք վարչապետի հայտարարութունները՝ ասֆալտին փռելու և պատերով տալու մասին բռնության կոչ չէին, Միրզոյանը պատասխանեց. «Կա պետության՝ ուժ կիրառելու իրավունք, և պետությունը օրենքով սահմանված դեպքերում...եթե հանցագործ պետք է վնասազերծես, պետք է փռել ասֆալտին, պետք է պատերով տալ»։

Իսկ սևազգեստ խմբերի մասով Միրզոյանը պնդեց՝ պատկերավոր արտահայտություն է. «Պատկերավոր արված ձևակերպում և արտահայտություն է, ընդ որում՝ կոնկրետ սևազգեստը, շատ կոնկրետ օպերատիվ տվյալների հիման վրա։ Ոչ ոք չփորձի բանդաներ ստեղծել, պետությունը իրավասու է և ի վիճակի է այս բանդաների ստեղծումը կանխարգելել, կամ եթե ստեղծել են, իրականացնել իրավապահ իր գործունեությունը»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է, որ օպերատիվ տեղեկություններ կան, որ որոշ շրջանակներ որոշել են սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել՝ լկտի պահվածքով աչքի ընկնել եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ