News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցների եւ կենդանասերների բողոքի ակցիան կառավարության դիմաց ավարտվեց, նրանք իրենց նամակը հանձնեցին Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին: Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում էին այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով անօրինականությունների եւ կենդանիների սպանդ իրականցնելու մեջ: Կենդանասերների խոսքով՝ իրենց բողոքի ակցիան կրում է բացառապես հասարակական բնույթ, եւ իրենք չունեն տնօրենի որեւէ թեկնածու. «Այդ թեկնածուն պետք է ընտրվի բացառապես խորհրդի կողմից կազմակերպված մրցույթի արդյունքում: Կենդանասերները ոչ մի անգամ որեւէ թեկնածու չեն առաջադրել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նախկին աշխատակից Կարեն Մարտիրոսյանը պատմեց, որ տնօրենի նշանակումից 1 տարի հետո դիմում է գրել եւ դուրս եկել: Եվ նշեց, որ  այգու աշխատակիցների կարծիքը հաշվի չի առնվել.

«Շուրջ 8 ամիս շարունակվող հավաքների ընթացքում շոշափելի արդյունք իրենք չեն տեսնում: Երեւանի կենդանաբանական այգում կատարված ստուգումների արդյունքները գաղտնի են պահում, քաղաքապետարանից արդարանում են, թե ոստիկանությունը քաղաքապետարանին արդյունքները չի տրամադրում»,- պատմեց կենդանասերների համակարգողը:

Կենդանաբանական այգու նախկին անասնաբույժն ասաց, որ 2011 թվականի հունվարի ամսի՝ կենդանիների գլխաքանակի հաշվետվության համաձայն՝ եղել է կենդանիների 224 տեսակ եւ 1655 գլուխ, իսկ նույն տարվա ապրիլ ամսին՝ Ռուբեն Խաչատրյանի տնօրեն դառնալուց հետո՝2018 թվականի հունվարի 1-ին, եղել է 136 տեսակ եւ 795 գլուխ. «Տարբերվեց մոտ 900 գլուխ, եւ տեսակի առումով՝ 100-ից ավելի: Եվ վերջին անկում ապրած կենդանիների արդյունքներն էլ մեզ չեն ասել: Օրինակ Ամուրյան վագրը սատկել է այն հիվանդությունից, որից չէր կարող սատկել: Կենդանին անկում է ապրել կովին բնորոշ հիվանդությունից՝ «խշխշան պալար» հիվանդությունից»,- ասաց նա:

«Ջամբո Պարկ» ռեստորանային համալիրի տնօրեն Արտյոմ Վարդանյանն ասաց, որ այդ սպանությունները չունեն ժամկետ, եւ, որ այդ կենդանիների սպանդի համար նա չի ներվելու. «Արդեն սցենարը կարող եմ ասել. էս ա կբերեն մի քանի տեսակի կենդանիներ, եւ բոլորի «աչքին թոզ» կփչի, բոլորը կուրախանան, կասեն՝ էս ինչ պուպուշ ա»,- ասաց Վարդանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել այդ խնդրին, եւ ուզում են նրա օժանդակությամբ ստեղծված իրավիճակին վերջնական լուծում տալ:  Կենդանասերների համախմբող Արմենն ասաց, որ արդեն 6 ամիս է ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր կենդանաբանական այգում ստեղծված իրավիճակի մասին.

«Կարծես՝ մտել են փակուղի, եւ չեն կարողանում ավարտին հասցնել: Մենք ուզում ենք այս պահին, որ վարչապետի աշխատակազմից որեւէ մեկը մեզ ընդունի կամ մեր նամակը հանձնենք աշխատակազմից որեւէ մեկին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախկին աշխատակիցները այսպիսի ակցիա իրականացրել էին նաեւ մայիսի 1-ին, կենդանաբանական այգու նոր տարեշրջանի բացման ժամանակ: Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Ռուբեն Խաչատրյանն ասել էր, որ այդ ամենը զրպարտանք է:

Տպել
Ամենաշատ