News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Կովկասի բնության հիմնադրամը նշել է Հայաստանում իր գործունեության 10-ամյա հոբելյանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել պետական կառույցների, ՀՀ-ում ներկայացված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ղեկավար անձինք, հիմնադրամի գործընկերներն ու բարեկամները: Ողջույնի եւ շնորհավորական խոսքով ելույթներ են ունեցել Կովկասի բնության հիմնադրամի վերադաս խորհրդի նախագահ Դեվիդ Մորիսոնը եւ գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

CNF-ի խորհրդի նախագահը շնորհակալություն է  հայտնել հիմնադրամի բոլոր գործընկերներին, դոնորներին. «Մեր աջակիցները գիտեն Հայաստանի բնության համար կատարվող աշխատանքի մասին, բայց դա սոսկ հայկական նախագիծ չէ: Այս  տարածաշրջանի կենսաբազմազանությունը եզակի է  եւ Հայաստանը վերացող կենդանիների կորստի դեմ համաշխարհային  պայքարի առանցքային մի մասն է»,-իր խոսքում նշել է Դեվիդ Մորիսոնը, հույս հայտնելով առաջիկա տասնամյակում եւս արդյունավետ աշխատանք իրականացնել Հայաստանում:

Միջոցառմանը ներկայացվել է ԿԲՀ-ի աջակցությամբ հրատարակված «Հայաստանի լեռները» գիրքը, որը «Հայկական աշխարհագրական նախագիծ» հասարակական կազմակերպության երկար տարիների աշխատանքի արդյունքն է: Ցուցադրվել է նաեւ Կովկասի բնության հիմնադրամի գործունեության մասին պատմող կարճ տեսաֆիլմ, որտեղ ներկայացված է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող եզակի հարստության մի մասը:

Նշենք, որ Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ 10 տարի գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում՝ իրականացնելով բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսական աջակցություն: CNF-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքներով ստեղծված հավատարմագրային  հիմնադրամ է, որն աջակցում է  Կովկասի էկոտարածաշրջանի եզակի բուսական եւ կենդանական աշխարհների եւ էկոհամակարգերի պահպանմանը: Գործունեության շուրջ 10 տարիների ընթացքում՝ սկսած 2009 թվականից,  Հայաստանի կենսաբազմազանության պահպանության համար Կովկասի բնության հիմնադրամը ներդրել է ավելի քան  4 մլն եվրո գումար: Միայն 2018թ.-ին ԿԲՀ-ն Հայաստանին տրամադրել է ավելի քան  950 000 եվրո գումար: Գումարները տրամադրվել են  ՀՀ բնապահպանության նախարարության  ենթակայության տակ գտնվող մի շարք  բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը համաֆինանսավորելու համար: Մասնավորապես, տրվել են աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարներ, գնվել են մեքենաներ, վառելիք,արտահագուստ,անհրաժեշտ սարքավորումներ,  կատարվել են այլ ծախսեր, որոնք արդյունավետ են եղել  պահպանվող տարածքների կենսագործունեության ապահովման գործում: Իրականացվել են գիտական որոշակի աշխատանքներ, կատարվել են էկոտուրիզմի զարգացմանն ուղղված քայլեր: Ֆինանսավորումը հնարավորություն է  տվել զարգացնել պահպանվող տարածքների այլընտրանքային  տնտեսական ծրագրերի զարգացման եւ ծախսերի կրճատման աշխատանքներ, մասնավորապես, կիրառվել են նորարարական տեխնոլոգիաներ,տեղադրվել են արեւային վահանակներ, կառուցվել ջերմոցներ, մեծ ուշադրություն է  դարձվել արշավային երթուղիների կառուցմանը, վերանորոգմանն ու քարտեզագրման աշխատանքներին: 2019 թվականի համար ԿԲՀ-ն արդեն իսկ հատկացրել է շուրջ 370 000 եվրո գումար, առաջիկայում նախատեսվում է երկրորդ նույնաչափ փոխանցումը: Ներկայում ԿԲՀ հիմնական գործընկերներն են «Խոսրովի անտառ» պետական արգելոցը,  «Դիլիջան» եւ «Արփի լիճ» ազգային պարկերը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը եւ «Արփա» (նախկինում՝ «Գնիշիկ») պահպանվող լանդշաֆտը:

Տպել
Ամենաշատ