
Հունիսի 14-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդյունքում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հայտնաբերել են Երեւանում հունիսի 10-ին տաքսու վարորդ Սարգիս Ավագյանին սպանած Երեւանի բնակիչ 30-ամյա Զորիկ Մանուկյանին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Զորիկ Մանուկյյանին Լոռու մարզից տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից նա տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, քանի որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ նրա նկատմամբ կայացրել է երկասմյա կալանքի որոշում:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ, նախնական տվյալներով, դեպքի օրը ժամը 12-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք՝ 30-ամյա Զորիկ Մանուկյանը եւ 56-ամյա Գրիգորի Բողոջոջյանը որպես ուղևոր նստել են Սարգիս Ավագյանի կողմից շահագործված տաքսի ավտոմեքենան, ավտոմեքենայի սրահում վիճաբանել վերջինիս հետ, ապա անձնական փոխհարաբերությունները պարզելու նպատակով իջել են ավտոմեքենայից և նույն վայրում՝ մայթեզրին, հրահրել վիճաբանություն, այնուհետև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ Զորիկ Մանուկյանը իր մոտ գտնված սուր կտրող-ծակող առարկայով, Սարգիս Ավագյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է նրա կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ «կարծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցումով վերք, սրտի աջ նախասրտի վնասման» ձևով մարմնական վնասվածք:
Այնուհետև նույն անձը հարվածներ է հասցրել նաև վիճաբանությանը միջամտած 24-ամյա Վահան Ֆ.-ի որովայնին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով «որովայնի առաջային պատի չթափանցող կտրած երկու վերքերի» ձևով միջին ծանրության մարմնական վնասվածքներ և դիմել է փախուստի: Էրեբունի ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել Վահան Ֆ.-ի կյանքը փրկել, իսկ Սարգիս Ավագյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Նշենք, որ օպերատիվ աշխատանքները համակարգել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը եւ նրա օպերգծով տեղակալ Ալեքսանդր Մամիկոնյանը: Հենց նրանց աշխատանքի շնորհիվ է հաջողվել դեպքից օրեր անց հայտնաբերել հետախուզվողին: