News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը


Եղել եմ զինվոր, ինձ հրաման է եղել լինել դատախազի օգնական, ես եղել եմ եւ ծառայել եմ: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցին:

Գորգիսյանը հարց ուղղեց Վահե Գրիգորյանին՝ պարզաբանելու համար, թե ինչպես է միաժամանակ եւ՛ ծառայել բանակում, եւ՛ աշխատել դատախազությունում, ինչպես նաեւ արդյոք դատախազների առաջխաղացման ցուցակում կարճ ժամանակում հայտնվելը հովանավորչության հետ կապ ունի, թե՝ ոչ: Նշեց նաեւ, որ ցուցակում Գրիգորյանի անուն-ազգանունից վերեւ նշված է եղել նաեւ Միշա Գրիգորյանի անունը: Գրիգորյանը հարցրեց՝ արդյոք Միշա Գրիգորյանը թեկնածուի հայրն է:

ՍԴ դատավորի թեկնածուն ասաց, որ իր զինվորական ծառայության ընթացքում զինդատախազության բարձրաստիճան սպա լինելը ոչ միայն համատեղելի է, այլ՝ եղել է հենց իր զինվորական ծառայությունը:

«Ես իրավական համակարգում աշխատել եմ իմ տված զինվորական երդման թելադրանքով: Եղել եմ զինվոր, ինձ հրաման է եղել լինել դատախազի օգնական, ես եղել եմ եւ ծառայել եմ: 1997 թվականին, երբ ավարտել եմ ԵՊՀ-ն, մեր ֆակուլտետից առաջին զորակոչն է եղել, մենք սպաներ չենք եղել, ես շարքային եմ զորակոչվել բանակ: 8 համակուրսեցիների, մեր ընտրությամբ, ուղարկել են Լեռնային Ղարաբաղ՝ ծառայության, որտեղ Մատաղիսում երկար ժամանակ ծառայության անցնելուց հետո, Սամվել Բաբայանի հրամանով՝ բոլոր իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող անձանց, ովքեր եղել են շարքային անձնակազմում, նշանակել են բարձր դատախազական պաշտոնների, առանց մեր կամքը հարցնելու: Դա մեր զինվորական պարտքն է եղել:

Ես մնացել եմ այնտեղ բավականին երկար, եւ բարձր պաշտոն եմ ստացել»,- պատմեց Գրիգորյանը եւ հավելեց, որ որոշ ժամանակ անց, հոժարակամ դադարեցրել է դատախազությունում ծառայությունը, որովհետեւ դատախազությունում ծառայելը չի եղել իր նպատակը. «Զինվորական ծառայության ժամկետը լրանալուց մոտ 1 ամիս հետո, զեկուցագիր եմ գրել պաշտոնից ազատվելու, եւ եկել եմ բանկային համակարգ»:

Անդրադառնալով երկրորդ հարցին՝ Գրիգորյանն ասաց, որ իր հայրը որեւէ կապ չունի Գորգիսյանի նշած ցուցակի հետ, եւ նշեց, որ ինքը իր մասնագիտական հաջողություններին հասել է ինքնուրույն:

«Իմ հայրը, իհարկե, մասնակցություն ունի իմ բոլոր հաջողությունների մեջ: Առաջին հերթին, որովհետեւ իմ հայրն է, եւ ինքն է ինձ դաստիարակել: Հայրս բանվոր մարդ է, մայրս էլ հաշվապահ է. սովորական ծառայող է: Իմ մասնագիտական հաջողությունները ես ձեռք եմ բերել իմ վաստակով եւ աշխատանքով, բայց ես դրանց համար ամբողջությամբ պարտական եմ ծնողներիս: Միշա Գրիգորյանն էլ ինձ հետ կապ չունի: Ու ես չգիտեմ՝ ինչ ցուցակի մասին է խոսքը: Որեւէ դատախազների առաջխաղացման ցուցակում չկամ, ես երբեք չեմ մասնակցել դրան, ես չեմ ցանկացել իրավապահ համակարգում աշխատել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ