News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հուլիսի 9-ին, Բարձրագույն դատական խորհուրդը, նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի գլխավորությամբ, հյուրընկալեց դատաիրավական բարեփոխումների ԵԽ, ԵՄ փորձագետների պատվիրակությանը:

ԲԴԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Սերգեյ Չիչոյանը Խորհրդի եւ դատական իշխանության անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության ունեցած կարեւոր առաքելության համար:

Իր խոսքում նա նկատեց, որ Խորհուրդը, ստանձնելով իր պարտականությունների իրականացումը, կարճ ժամանակաշրջանում սերտորեն համագործակցել է կառավարության հետ, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության հետ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության 2018-2023 թթ. ծրագրի մշակման ուղղությամբ:

Ամբողջացվել են արդարադատության արդյունավետության համալիր բարձրացման գերակա ուղղությունները, մշակվել դրանց լուծման հնարավոր ռազամավարական գործիքակազմերը, որոնք ամփոփված են Խորհրդի «Տարեկան հաղորդման» մեջ:

Ներկայացվեցին դատական համակարգում առկա այն գերակա խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Դրանք վերաբերում են էլ-արդարադատության եւ մշտադիտարկման համակարգի ներդրմամբ դատարանների անհարկի գերծանրաբեռնվածության թեթեւացմանը, դատարանների նյութատեխնիկական եւ շենքային պայմանների բարելավմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը, դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնմանն ու բարձրացմանը, որն ուղղակի ցուցիչն է մեկ այլ առանցքային խնդրի, որ այսօր դատավորի մասնագիտությունը չի գրավում երիտասարդ կադրերին, եւ կա դատավորների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտություն:

Առանցքային խնդիրների շուրջ տեղի ունեցավ կառուցողական քննարկում: Խորհրդի անդամներն իրենց հերթին անդրադարձան լուծում պահանջող նաեւ այլ առաջնահերթությունների, մասնավորապես՝ դատակենտրոնի ձեւավորմանը, ուշացած արդարադատությանը, որն իր հերթին օբյեկտիվ հիմքեր ունի:

Արձանագրվեց, որ դատավորների ներկա աշխատակազմով, տեխնիկական եւ օրենսդրական հնարավորությունների շրջանակում այսօր հնարավոր չէ իրականացնել այնպիսի արդարադատություն, որը կգոհացնի հանրությանը:

Կարեւորվեց ոչ միայն վերադաս ատյանների առավել արդյունավետ գործելու անհրաժեշտությունը, այլեւ այնպիսի օրենսդրական կարգավորումների մշակումը, ինչը Բարձրագույն դատական խորհրդին եւս հնարավորություն կտա առանձին դեպքերում հարուցելու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ:

Շեշտվեց, որ դատական համակարգում որոշ հրատապ լուծում պահանջող խնդիրների համար համապատասխան ներդրումներ են անհրաժեշտ:

Հանդիպմանն անդարադարձ եղավ նաեւ վեթինգի գործընթացին առնչվող որոշակի հարցերի: 

ԵԽ եւ ԵՄ փորձագիտական խմբի անդամներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Խորհրդին հանդիպման, առարկայական ու բովանդակալից քննարկման համար եւ ընդգծեցին իրենց պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում:

Տպել
Ամենաշատ