News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Ալեհավաքներ, հեռակառավարման վահանակներ, տվյալների մշակման բլոկներ, դիոդներ, նավիգացիոն սարքեր, տեղեկատվության պաշտպանության, ցանցային համակարգեր, կոդավորված ծրագրեր, գիտական հետազոտություններ. այս ապրանքներին և ոչ նյութական արժեքներին միավորում են գիտությունը, տնտեսությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները, իսկ եթե մի փոքր էլ խորանանք՝ նաև ռազմարդյունաբերությունը, պաշտպանությունն ու անվտանգությունը:

Հայաստանը ոչ նյութական ապրանքների (օրինակ՝ համակարգչային ծրագրային ապահովում (սոֆթվեր) և այլն) արտահանման մասով տարեցտարի առաջընթաց է գրանցում՝ դառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային շուկայի հուսալի մատակարարներից մեկը (հատկապես ԱՄՆ, Կանադա): Նոր հնարավորություններին զուգահեռ, սակայն ավելանում են նաև դրանց շրջանառության վերահսկման ռիսկերը: Շատ հաճախ երկրից ոչ նյութական արժեք արտահանած անձը չի էլ գիտակցում կամ տեղյակ էլ չէ, որ իր ստեղծած, մշակած «պրոդուկտը» կարող է երկակի նշանակություն ունենալ և ինչ-որ պահի դառնալ վտանգավոր: Այս խնդիրը հատկապես ակտուալ է վերջին տարիներին՝ նոր աշխարհակարգի ձևավորման, ընթացող հիբրիդային պատերազմների պայմաններում:

NEWS.am-ն, ուսումնասիրելով Հայաստանից երկակի նշանակության ապրանքների և ոչ նյութական արժեքների արտահանման վերահսկողության ոլորտը, ուշագրավ խնդիրներ է բացահայտել, պարզել պետական քաղաքականության, գործող վերահսկման մեխանիզմների խոցելի և թույլ օղակները՝ առաջարկելով խնդրի լուծման արդյունավետ ուղիներ:

Երկակի նշանակությունից մինչև զգայուն ապրանքների շրջանառություն. Հայաստանի տնտեսության զգայուն ոլորտը

Կենցաղում հանդիպող կերամիկական նյութերը, որոնք ներկայում լայնորեն կիրառվում են սալիկների, ճենապակու և այլ տարածված ապրանքների արտադրության մեջ, որոշակի փոփոխության արդյունքում կարող են վերածվել ռազմական նշանակության ապրանքի:

Օրինակ՝ սիլիցիում-կարբիդային չթրծված կերամիկան կիրառվում է հրթիռների քթամասերի և տիեզերագնացական սարքերի պատրաստման համար: Հրակայուն կերամիկան տիեզերանավերը պաշտպանում է ծայրահեղ շոգից՝ Երկրի մթնոլորտ նորից մտնելու ժամանակ: Կերամիկական նյութերի երկակի կիրառությունն էլ հիմք է հանդիսացել, որ դրանք ներառվեն երկակի նշանակության ապրանքների ցանկում և գտնվեն արտահանման հսկողության ռեժիմում:

Ամոնիումի սելիտրան, որը լայնորեն կիրառվում է գյուղատնտեսության ոլորտում (Ամոնիումի նիտրատ), նույնպես ունի երկակի նշանակություն, քանի որ դրա ծակոտկեն տեսակը (ամոնիակային ծակոտկեն սելիտրա) օգտագործվում է պայթյուցիկ նյութերի արտադրության համար:

Իրավական ձևակերպմամբ՝ ցանկացած տեսակի գույք, որը կիրառվում է քաղաքացիական նպատակների համար, սակայն իր բնույթին ու հատկություններին համապատասխան կարող է օգտագործվել նաև ռազմական նպատակներով, համարվում է երկակի նշանակության կամ հսկվող ապրանք: Այսօրինակ ապրանքների համար նախատեսված է արտահանման հատուկ ռեժիմ՝ ապրանքների արտահանման և տարանցիկ փոխադրման վերահսկողություն, որի նպատակն արտահանման կարգի խախտումները հայտնաբերելը, կանխելը և խափանելն է:

Screenshot 2024-06-18 224817.jpg (104 KB)

Արտահանման վերահսկման միջազգային ռեժիմներն ու Հայաստանի հանձնառությունները

Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերաբերյալ ներկայում գործում են միջազգային մի շարք համաձայնագրեր,  կոնվենցիաներ և խմբեր՝ այդ թվում Վասենաարյան համաձայնագիրը, Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմը (MTCR), Միջուկային մատակարարների խումբը (NSG), Ավստրալական խումբը, Քիմիական զենքերի կոնվենցիան (CWC), որոնք ունեն երկակի նշանակության ապրանքների վերաբերյալ պարբերաբար թարմացվող ցանկեր:

Հայաստանը չի անդամակցում արտահանման միջազգային վերահսկման այնպիսի ռեժիմների, ինչպիսիք են Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմը, Միջուկային մատակարարների խումբը, Ցանգերի կոմիտեն և Ավստրալական խումբը: 2012 թվականի մայիսի 16-ին Հայաստանը պաշտոնապես դիմել է Վասենարյան համաձայնագրին անդամակցելու համար, սակայն անդամ երկրներից Թուրքիայի առարկության պատճառով հայկական կողմի  դիմումի գործընթացը կասեցվել է։ Այնուամենայնիվ, Հայաստանը կամավոր հիմք է ընդունել Վասենարյան համաձայնությունների լավագույն փորձը, իսկ արտահանման վերահսկման ԵՄ-ի ցանկերը՝ ազգային ցանկերի մշակման և հետագայում դրա թարմացման համար:

Ե՞րբ և ինչպե՞ս Հայաստանը արտահանման նկատմամբ խիստ հսկողություն սահմանեց

Հայաստանը պարտավորություն է ստանձնել երկրի տարածքով հատուկ նշանակության ապրանքների նկատմամբ խիստ հսկողություն իրականացնել դեռևս 30 տարի առաջ: Մասնավորապես Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունից հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտական ​​տեղեկատվության և ծառայությունների արտահանման վերահսկողության մասին» հրամանագրի ստորագրումից հետո Հայաստանում ձևավորվել են արտահանման վերահսկողությամբ զբաղվով հանձնաժողովներ, որոնց խնդիրն էր պարզել ապրանքների երկակի նշանակությունն ու որոշել՝ թույլատրել դրանց արտահանումը, թե՝ ոչ:

Իսկ արդեն 2000-ականներին Հայաստանը համաձայնեց միանալ երկակի և ռազմական նշանակության ապրանքների արտահանման կամ տարանցիկ փոխադրման նկատմամբ խիստ հսկողության ամերիկյան համաձայնագրին:

Մասնավորապես 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որն առավել հայտնի է Հովանոցային համաձայնագիր անունով: 2002-ին ուժի մեջ մտած համաձայնագիրը նպատակ ունի կանխելու զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաև այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական և քիմիական զենքերի, ինչպես նաև այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը, փոխադրումը: Մեր երկրում Հովանոցային համաձայնագրի գործունեության ժամկետը ևս յոթ տարով  երկարաձգվել է 2024թ. մայիսին՝  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի միջև ստորագրված համաձայնությամբ:

Հայկական ընկերությունները՝ միջազգային պատժամիջոցների տակ

Թեև Հայաստանը չի հանդիսանում վերահսկվող կամ ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների խոշոր արտադրող երկիր, սակայն երկակի նշանակության ապրանքների տարանցիկ փոխադրումը պատժամիջոցների տակ գտնվող երրորդ երկրին, պատճառ է դարձել, որ հայկական ընկերությունները ևս հայտնվեն ամերիկյան և եվրոպական սանկցիաների տակ: Այս խնդրին մեր երկիրը բախվել է դեռ երկու տասնամյակ առաջ: 2002թ. մայիսին ԱՄՆ կառավարության պաշտոնական տեղեկագրում, ի թիվս 12 իրավաբանական և ֆիզիկական անձանց, հրապարակվել էր նաև հայկական ընկերության անունը, որը երկակի, այսինքն՝ քաղաքացիականից բացի նաև ռազմական նշանակություն ունեցող տեխնոլոգիաներ է արտահանել Իրան, և, ըստ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի, նպաստել է այդ երկրի կողմից զանգվածային ոչնչացման զենքի մշակման ծրագրերին։ Խոսքը Չարենցավանի «Լիզին» գործարանի մասին է, որտեղից 2001թ.   կեսերին Արաբական էմիրություններում գրանցված մի ընկերությանը սարքավորումներ էին վաճառվել, որի վերջնական օգտագործողը հանդիսացել էր Իրանը, որն ԱՄՆ-ի սանկցիաների տակ է մինչ օրս: Բանն այն է, որ այդ սարքավորումները, որոնք օգտագործում են կենսաբանական գործընթացներում՝ այսպես կոչված բիոռեակտորները, հնարավորություն էին ընձեռում արտադրել ոչ միայն լիզին, այլև հակաբիոտիկներ և այլ երկակի նշանակության նյութեր:

Հայաստանը ամերիկյան պատժամիջոցների թիրախում է հայտնվել նաև վերջին երկու տարիներին՝ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված:  2022-ից ի վեր Եվրահանձնաժողովը պարբերաբար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթներ է հրապարակում, որում ներառված ընկերությունների թվում կան նաև Հայաստանում գրանցված ընկերություններ:  Իսկ արդեն 2023թ. մայիսին ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվեց քիմիկատների, լաբորատոր սարքավորումների ներկրմամբ զբաղվող հայկական «Մեդիսար» ՍՊԸ-ն: Ավելի վաղ ամերիկյան պատժամիջոցների տակ էր հայտնվել Հայաստանում գրանցված մեկ այլ ընկերություն՝ «ՏԱԿՈ» ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում էլեկտրոնիկայի առևտրի ոլորտում։ Հայկական այս ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը հաջորդել էր Վաշինգտոնի և Բրյուսելի այն նախազգուշացումներին, որ նաև Հայաստանի միջոցով են դեպի Ռուսաստան արգելված ապրանքներ հասցվում։ Մինչդեռ պաշտոնական Երևանի պնդմամբ՝ Հայաստանը չի օժանդակում Մոսկվային՝ շրջանցելու արևմտյան պատժամիջոցները:

Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողությունը (Expօrt control)  Հայաստանում

Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության վերաբերյալ հարաբերությունները կարգավորվում են  2010 թվականի ապրիլի 8-ին ընդունված «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի N 924-Ն , ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն  և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին 2023 թվականի մայիսի 25-ի N 808-Ն որոշումներով:

Գործող օրենսդրությամբ՝ երկակի նշանակության ապրանքների արտահանումը և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումն իրականացվում են լիազոր մարմնի տրամադրած մեկանգամյա, անհատական, ընդհանուր թույլտվությունների հիման վրա: Եթե պարզվում է, որ տվյալ ապրանքը հանդիսանում է երկակի կամ ռազմական նշանակության, ապա մաքսային գործառնություններն իրականացնելու համար պահանջվում է լիազոր մարմինների թույլտվությունները (Էկոնոմիկայի կամ Պաշտպանության նախարարություններ)։

Այն դեպքերում, երբ հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին կամ վնասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին, լիազոր մարմինը ծանուցումն ստանալուց հետո` այդ մասին տեղեկացնում է տարանցիկ փոխադրում իրականացնող անձին և մաքսային մարմնին և արգելում է տարանցիկ փոխադրումը:

Կտրուկ ավելացել են Հայաստանից երկակի նշանակության ապրանքների արտահանման ծավալները

Վերջին մեկ տարում Հայաստանից երկակի նշանակության հսկվող ապրանքների արտահանման, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվությունների տրամադրումն ավելացել է ավելի քան 18 անգամ: Այս մասին NEWS.am-ը պարզեց՝ ուսումնասիրելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված տվյալները:

Մասնավորապես, եթե 2022-ին նախարարության կողմից տրվել է 17 թույլտվություն, ապա 2023թ. հունվարի 1-ից մինչև 2024թ. մայիսի 31-ը՝ 310 թույլտվություն: Նույն ժամանակահատվածում մերժվել և թերությունների վերաբերյալ ուղարկվել է 140 գրություն: Նշենք, որ լիազոր մարմինը վիճակագրությունը վարելիս չի առանձնացնում երկակի նշանակության հսկվող ապրանքներն ու հսկվող ոչ նյութական արժեքները: Հետևաբար, հնարավոր չէ գնահատել այս ուղղությամբ իրական արտահանման ծավալները:

Նախարարությունից պարզաբանեցին, որ թույլտվությունների  տրամադրման աճը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին» 2023 թվականի մայիսի 25-ի կառավարության N 808-Ն որոշման կատարմամբ: Հիշյալ որոշմամբ սահմանված ցանկում ներառված են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ալեհավաքները, տվյալների մշակման բլոկները, դիոդները, օպտիկական սարքավորումները, նավիգացիոն սարքերը և այլն:

ՊԵԿ-ի նախագծով՝ առաջարկվում է տուգանել զգայուն ապրանքներ առանց թույլտվության արտահանողներին

Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում ՊԵԿ-ն առաջարկում է սահմանել վարչական պատասխանատվություն: Մասնավորապես՝ այս տարվա ապրիլի 4-ին շրջանառության դրված ՎԻՎ օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագծով առաջարկվում է Կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված զգայուն ապրանքներն՝ առանց այդ ապրանքների արտահանման վերաբերյալ օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրման ենթակա թույլատվական փաստաթղթերի ՀՀ տարածքից օդային տրանսպորտով ԵՏՄ անդամ պետություններ արտահանելու դեպքերի համար տուգանքի նշանակում` ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը(այսինքն՝ մեկ միլիոն ՀՀ դրամ)՝ իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների առկայության դեպքում դրանց բռնագրավմամբ: Ըստ նախագծի՝ նախատեսվող վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննելու են մաքսային և հարկային մարմինները:

Պատիժ՝ երկակի նշանակության ապրանքի մաքսանենգության համար

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ երեքից վեց տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված երկակի նշանակության ապրանքի մաքսանենգության համար: Խոսքը Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով դրանք ապօրինի տեղափոխման մասին է, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելքը կամ սահմանափակումը խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով: Եթե երկակի նշանակության ապրանքների մաքսանանեգությունը հնարավոր է բացահայտել սահմանին՝ ապրանքի կամ փաստաթղթերի զննության ժամանակ, ապա հարց է առաջանում, թե ինչպես պետք է պարզել երկակի նշանակության ոչ նյութական արժեքերի մաքսանենգությունը, երբ այդ գործընթացը հիմնականում  իրականացվում է վիրտուալ՝ համացանցի միջոցով: Առհասարակ, ապրանքների երկակի նշանակությունը որոշելու համար, անհրաժեշտ են հատուկ  մասնագիտական գիտելիքներ: Մասնավորապես՝ հայ գիտնականը կամ ծրագրավորողը կարող է չիմանալ, որ իր աշխատանքը կամ ծրագիրը հնարավոր է օգտագործել նաև այլ նպատակներով:

Խնդրի ամենաբարդ կողմը, թերևս երկակի նշանակության ապրանքների տեղափոխման համար սահմանված արգելքը կամ սահմանափակման խախտումը բացահայտելն է, որի համար, հաճախ կարիք է լինում նշանակելու մասնագիտական փորձաքննություն: Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկին որևէ ապրանքի պատկանելության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը տրամադրում են «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավատարմագրված կազմակերպությունները:

Screenshot 2024-06-18 224833.jpg (135 KB)

Երկակիությունը՝ դասակարգված ծածկագրերով

Հայաստանում երկակի նշանակության ապրանքների ցանկը հաստատվել է ՀՀ Կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշմամբ, որը վերջին անգամ թարմացվել և համապատասխանեցվել ԵՄ երկրներում գործող ցանկերին 2021թվականին( նոյեմբերի 25-ի  N 1913-Ն որոշում): Ցանկերում լրացվել են որոշակի ապրանքներ, որոնք նախկինում չեն եղել, միևնույն ժամանակ հանվել են այն ապրանքները և մտավոր սեփականության արդյունքները, որոնք արդեն իսկ արդիական չեն ներկայիս երկակի նշանակության ապրանքներին ներկայացվող պահանջների համար, իսկ որոշակի ապրանքների համար բարձրացվել են դրանց ներկայացվող տեխնիկական չափանիշները:

Օրինակ՝ 5A002 ծածկագրի տակ ներկայացված են «Տեղեկատվության պաշտպանության» համակարգերը, սարքավորումներն ու բաղադրիչները, որոնց թվում են տեղեկատվական անվտանգության, թվային կոմուտացման կամ ցանցային գործունեության այնպիսի համակարգերը, որոնք զինված են «գաղտնագրում» պարունակող բաղադրիչներով:

Երկակի նշանակության ապրանքների ցանկերը թարմացվել են, գործընթացը պարզեցվել

Որպեսզի պարզվի, թե այս կամ այն ապրանքը հանդիսանում է արդյոք երկակի կամ ռազմական նշանակության, թե՞՝ ոչ, մաքսային մարմինները հիմք են ընդունում հավատարմագրված մասնագիտական կազմակերպությունների փորձագիտական եզրակացությունները։ Սրան զուգահեռ կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող հանդիսանալ երկակի կամ ռազմական նշանակության, սակայն մինչև վերջերս ենթարկվում էին փորձաքննության, որն, ի դեպ, անվճար չէ․ ռազմական նշանակության ապրանքների մասով այն արժե մոտ 12,000 ՀՀ դրամ, իսկ երկակի նշանակության ապրանքների համար՝ մոտ 60,000 ՀՀ դրամ։ Այս փորձաքննությունները միջինում տևում են երկակի նշանակության ապրանքների մասով՝ 5 աշխատանքային օր, իսկ ռազմական նշանակության ապրանքների մասվ՝ 2-3 աշխատանքային օր։ Այսինքն, բազմաթիվ դեպքերում արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցները ստիպված էին ծախսել այդ գումարները և ժամանակը, թեև ապրանքներն իրենց բնութագրերով ակնհայտորեն չէին կարող որակվել որպես երկակի կամ ռազմական նշանակության։ Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարի թարմացրել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Ցանկը, որը հրապարակված է ՊԵԿ պաշտոնական կայքում, ներառված են 35 729 ապրանքատեսակներ: Բացի այդ, այս տարվա ապրիլի 11-ից ՊԵԿ կառուցվածքում ձևավորվել է հատուկ մասնագիտացված աշխատանքային խումբ, որն անվճար իրականացնում է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկերում ընդգրկված ապրանքների նախնական ուսումնասիրություն և դրա արդյունքում մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում այդ ապրանքների միանշանակ երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսանալու կամ այդ հանգամանքը պարզելու համար փորձաքննության ենթակա լինելու վերաբերյալ։

NEWS.am-ը ՊԵԿ-ից տեղեկացավ, որ 2024 թվականի ապրիլի 11-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային եղանակով ստացվել է երկակի նշանակության ապրանքների մասով՝ 135 հայտ 1247 ապրանքատեսակի վերաբերյալ: Արդյունքում փորձաքննության է ուղակվել երկակի նշանակության ապրանքների մասով՝ 39 հայտ, 184 ապրանքատեսակի վերաբերյալ, իսկ 96 հայտի դեպքում փորձագիտական եզրակացության անհրաժեշտություն չի առաջացել:

Տեղեկատվություն, մտավոր գործունեության արդյունք, համակարգչային ծրագրեր. ինչպե՞ս են հսկվող ոչ նյութական արժեքներն արտահանվում Հայաստանից

Եթե երկակի նշանակության ապրանքների մաքսանենգությունը կամ դրանք առանց համապատասխան թույլտվության արտահանումը հնարավոր է բացահայտել մաքսային մարմինների կողմից, ապա Հայաստանից հսկվող  ոչ նյութական արժեքների արտահանման վերահսկման մասով լուրջ դժվարություններ և ռիսկեր կան:   

Գործող օրենսդրությամբ, ինչպես երկակի նշանակության ապրանքների, այնպես էլ հսկվող ոչ նյութական արժեքների (ցանկացած բնույթի տեղեկատվություն, մտավոր գործունեության արդյունք, համակարգչային ծրագրեր, որոնք կիրառվում են քաղաքացիական նպատակների համար և իրենց բնույթին համապատասխան` կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար) փոխանցումը նույնպես իրականացվում են լիազոր մարմնի տրամադրած մեկանգամյա, անհատական, ընդհանուր թույլտվությունների հիման վրա: Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման համար անձը ենթակա է պատասխանատվության միայն այն դեպքում, երբ գիտակցել է կամ պարտավոր էր գիտակցել, որ դրանք, բացի քաղաքացիական նպատակներից, կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար:

Օրինակ՝ համակարգչային ծրագրային ապահովման (սոֆթվեր) կամ երկակի բնույթի ունեցող տեղեկատության փոխանցումն այլ երկիր իրականացվում է վիրտուալ տիրույթում, ինչը մեր օրերում, վերահսկման լուրջ ռիսկեր է առաջացնում: Շատ հաճախ երկրից ոչ նյութական արժեք արտահանած անձը չի էլ գիտակցում կամ տեղյակ էլ չէ, որ իր ստեղծած կամ մշակած «պրոդուկտը» կարող է երկակի նշանակություն ունենալ և ինչ-որ պահի դառնալ վտանգավոր:

Այս խնդիրը հատկապես ակտուալ է դարձել վերջին տարիներին՝ տնտեսական պատժամիջոցների պատերազմի և դրանց շրջանցման պայմաններում:

Երկակի նշանակության առանձնահատկությունների, շրջանառության վերահսկողության հետ կապված խնդիրներն է ուսումնասիրել Ինովացիոն հետազոտությունների կենտրոնի նախագահ, իրավաբան, արտահանման վերահսկման ոլորտի մասնագետ, Բելգիայի թագավորության Լիեժի համասարանի ասպիրանտ Էմիլյա Տիտանյանը: NEWS.am-ի հետ զրույցում, խոսելով արտահանման վերահսկողության (Expօrt control) կարևորության մասին, Տիտանյանը նկատեց, որ ոլորտի անտեսումը կամ ոչ պատշաճ վերահսկումը հանգեցնում է նրան, որ տվյալ երկիրն ունենում է խնդիրներ և ռիսկեր՝ աջակցելու զանգվածային ոչնչացման զենքերի կամ դրանց փոխադրամիջոցներ արտադրող երկրների գործունեությանը: Հետևանքը միջազգային պատժամիջոցներն են, տվյալ երկրի տնտեսական ակտիվության նվազումը, ռիսկային գոտում հայտնվելը և այլն:

«Ապրանքների արտահանումը բիզնես տեսակետից այն է, երբ մի ապրանքը մի երկրից տեղափոխում ես այլ երկիր և այդ գործընթացը վերահսկելը բնականոն գործընթաց է: Սակայն երկակի նշանակության ապրանք արտահանելիս ռիսկի կարող է ենթարկվել ոչ միայն բիզնեսը, այլև արտահանող երկիրը և ապրանքի վերջնական օգտագործողը:

Առավել զգայուն է ոչ նյութական արժեքների մասով վերահսկողությունը, ավելի շուտ այդ գործընթացի նկատմամբ վերահսկողության բացակայությունը»,-ասաց մեր զրուցակիցը:

Գիտական արդյունքի արտահանումը՝ վերահսկողությունից դուրս

Տիտանյանի խոսքով՝  հետխորհրդային երկրներում՝ այդ թվում Հայաստանում, հսկվող ապրանքների և ոչ նյութական արժեքների արտահանման վերահսկումը գիտության ոլորտի համար  հստակ կանոնակարգված չէ:

«Օրենսդրությամբ հստակ սահմանված է, թե որոնք են համարվում ոչ նյութական արժեքներ.օրինակ՝ ծրագրեր, կոդեր, հակտապես ՏՏ ոլորտին առնչվող պրոդուկներ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում գործունեություն իրականացնող ծրագրավորողները հաճախ աշխատում և համագործակցում են օտարերկրյա ընկերությունների համար: Օրինակ՝ Հայաստանում աշխատող ծրագրավորողը ԱՄՆ-ում գրանցված ընկերության համար ծրագիր կարող է գրել, և տվյալ ծրագրի կոդը, որը պետք է գեներացնել, օրինակ լինի՝ Հնդկաստանում: Այն պահից, երբ համակարգչից հանես տվյալ կոդն ու տեղադրես այլ երկրում գտնվող cloud-ում, նշանակում է արտահանում ես իրականացնում»,-պարզաբանեց մասնագետը:

Իրավաբանի խոսքով՝ երկակի նշանակության ապրանքների արտահանման վերաբերյալ օրենքը վերաբերվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձև չի առանձնացնում, այսինքն չի տարանջատում ՍՊԸ-ներին, հիմնադրամներին, ՀԿ-ներին, գիտահետազոտական կազմակերպություններին կամ բուհերին, հետևաբար այն չի կարող շրջանցել գիտությանը:

Տիտանյանի կարծիքով՝ գիտահետազոտական ընկերությունները և բուհերը նույնպես պետք է ենթարկվեն գործող օրենսդրության պահանջներին, ինչը, ըստ նրա՝ ավելի քան տրամաբանական է, քանի որ մի շարք երկակի բնույթ կրող հետազոտություններ առաջին հերթին սկսվում է բուհերից և գիտահետազոտական կազմակերպություններից:

Ինչպե՞ս են հետազոտվող լաբորատոր նմուշներն առանց թույլտվության «դուրս բերվում» երկրից

Չնայած երկակի նշանակության ապրանքների ցանկերը թարմացնելու, դրանց արտահանման թույլտվությունը պարզեցնելու պետական քաղաքականությանը, ոլորտի նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայությունը գործնականում լուրջ ռիսկեր է առաջացնում:

NEWS.am-ի իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեր երկրից փորձարկվող վայրի կենդանիների կենսաբանական նմուշներ են տեղափոխում, առանց համապատասխան թույլտվության, իսկ նրանք, որոնք փորձում են պահպանել արտահանման վերահսկողության գործող ռեժիմները՝ կարծում են, որ դա ժամանակի և ռեսուրսների վատնում է:

Բանն այն է, որ մեր երկրում որոշ ոլորտներում առկա լաբորատոր և սարքավորումային բավարար հագեցվածության բացակայության պայմաններում, որոշ գիտնականներ ստիպված են լինում իրենց գիտափորձը շարունակել արտերկրում՝ (օրինակ՝ Եվրոպա, ՌԴ): Օրինակ՝ համապատասխան  կենսաբանական նմուշում որևէ հիվանդության առկայության պարզումը։ Պարզ ասած, գիտնականը կարող է «վարակակիր» կենդանուն  դնել ճամպրուկը տեղափոխել այլ երկիր՝  հաճախ առանց գնատանելու կամ գիտակցելու ռիսկերն ու վտանգները թե՛ գիտական հետազոտության «ապրանքն» ընդունող, և թե՛ այն արտահանող երկրի համար: 

Համանման վերահսկողություն է անհրաժեշտ նաև արտերկրից ժամանած անկախ հետազոտողների համար, ովքեր կարող են օգտագործել նման սխեմաները ՀՀ-ից որևէ նմուշ դուրսբերելու  դեպքում։

Screenshot 2024-06-18 224849.jpg (159 KB)

Կարմիր դրոշակներ. ինչու՞ և ինչպե՞ս չանցնել դրանք

Գիտական համայնքի իրազեկավածությունը, անվտանգությունը և պաշտպանվածությունը մշտապես եղել են ժամանակի կարևորագույն մարտահրավերներից, հատկապես երբ գործ ունենք զգայուն հետազոտությունների, մտավոր սեփականության պաշտպանության հետ: Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է ոչ նյութական արժեքների շրջանառության հսկողությունը:

ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի փոխտնօրեն, երկակի նշանակության, զգայուն ապրանքների հետազոտությունների ոլորտում մի շարք ծրագրերի ղեկավար, Ռազմական եւ երկակի օգտագործման առարկաների և տեխնոլոգիաների հավաստագրման մարմնի ղեկավար, ք.գ.թ. Պատվական Ոսկանյանի կարծիքով՝ ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում խնդիր կա ապահովելու գիտական ​​համայնքի համար ավելի պատասխանատու և անվտանգ միջավայր:

«Հայտնի է, որ գիտությունը զարգանում է նաև գիտնականների միջև շփումների, փորձի փոխանակման, համատեղ հետազոտական աշխատանքների, գիտաժողովների արդյունքում, սակայն հենց այստեղ է, որ առաջ է գալիս կարմիր դրոշակների (Red flags) հասկացությունը, այնինքն՝ տեղեկատվության, գիտական հետազոտության կամ դրա արդյունքի փոխանցման սահմանը:

Որպեսզի չխախտվի «կարմիր դրոշակների» սահմանը, գիտնականը պետք է կարողանա տարբերակել, թե իր կատարած հետազոտությանը վերաբերող ի՞նչ  տեղեկատվությամբ կարող է կիսվել, ինչո՞վ՝ ոչ, մինչդեռ ներկայում շատերը իրազեկված չեն, թե օտարերկրյա հանդիպումներում, գիտաժողովներում կամ փոխանակման ծրագրերի ժամանակ ինչի մասին կարելի է խոսել, ինչի մասին՝ ոչ: Օրինակ Ռուսաստանում հայտնի են դեպքեր, երբ գիտնականները պատասխանատվության են ենթարկվել այն բանի համար, որ լրատվամիջոցներին և օտարերկրյա գործընկերներին տրամադրել են այնպիսի գիտական արդյունքերի վերաբերյալ տեղեկատվություն, որոնք հանդիսացել են պետական կամ ռազմական գաղտնիք»,- NEWS.am- հետ զրույցում ասաց գիտնականը:

Ոսկանյանի խոսքով՝ այս հարցում չափացանց մեծ պատասխանատվություն և անելիք ունեն հատկապես գիտական, ակադեմիական շրջանակները:

Անդրադառնալով խնդրի արդյունավետ լուծման մեխանիզմներին՝ Ոսկանյանը մատնանշեց կրթական ծրագրերի և մասնագիտական դասընթացների միջոցով իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև արտահանման վերահսկման ներկազմակերպական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

«Խոսքը գիտական և կրթական հաստատություններում աշխատողների գործողությունների կանոնակարգումն է՝ գիտահետազոտական աշխատանքների իրականացման, տեղեկատվության տարածման, արտաքին տնտեսական գործարքների կնքման հարցում արտահանման վերահսկողության ոլորտի օրենսդրության պահպանման համատեքստում»,-նշեց ոլորտի մասնագետը:

Ըստ այդմ Ոսկանյանն առաջարկում է մշակել, գիտական և կրթական հաստատություններում  ներդնել արտահանման վերահսկողության ներկազմակերպական ծրագիր, որի միջոցով հնարավոր կլինի համակարգել բուհերի ստորաբաժանումների, ամբիոնների, բաժինների ընդհանուր աշխատանքների, բուհերի լաբորատորիաների արդյունավետ գործուներությունը՝ արտահանման վերահսկողության համակարգման տեսանկյունից:

Առհասարակ, ապրանքների և ոչ նյութակնա արժեքների երկակի նշանակության հարցը շատ նուրբ և զգայուն խնդիր է, որը միաժամանակ հնարավոր է հեշտ շրջանցել, հատկապես, երբ ոլորտը կարգավորող օրենսդրությունը հստակ չէ և երկակի մեկնաբանությունների տեղիք է տալիս:

Խոսելով ոչ նյութական արժեքների արտահանման վերահսկողության խնդրի մասին՝ Էմիլյա Տիտանյանն իր հերթին բարձրաձայնեց ոլորտի հետ կապված օրենսդրության որոշակիության հետ կապված խնդիրը:

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերաբերյալ ՀՀ օրենքը կանոնակարգում է արտաքին տնտեսական հարաբերությունները և ինչ-որ իմաստով ունի բիզնես տրամաբանություն, այսինքն՝ ապրանք արտահանողը պատրաստ է տվյալ ապրանքն արտահանելու համար հարկեր վճարել, ապրանքի երկակիությունը որոշելու համար ապրանքն ուղարկել փորձաքննության և այլն։ Բացի դրանից ՀՀ քրեական օրենսդրությունը սահմանում է հստակ պատիժ երկակի նշանակության ապրանքի մաքսանենգության՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով դրանք ապօրինի տեղափոխելու համար, սակայն երկակի նշանակության ոչ նյութական արժեքների արտահանման մասով ոչինչ չի ասվում, ինչը կարող է խտրակ մեկնաբնությունների առիթ դառնալ»,-ասաց փորձագետը՝ միաժամանակ նկատելով, որ այս հարցի առնչությամբ  վերահսկողություն գրեթե չի իրականացվում բուհերի կատմամբ:

«Հայաստանյան բուհերը, քանի որ բիզնես շահեր չեն հետապնդում և համապատասխան ֆինանսական միջոցներ չունեն, բնականաբար չեն էլ փորձի ուղարկել փորձաքննության օրինակ՝ գիտնականի կամ գիտնականների խմբի կատարած գիտական հետազոտությունը, նաև շատերը պատկերացում անգամ չունեն, որ իրենց կատարած գիտական հետազոտությունն իրենից ինչ-որ վտանգ կարող է ներկայացնել: Օրինակ՝ դրամաշնորհային ծրագրերը. փաստ է, որ ցանկացած բուհի համար դրամաշնորհ շահելը դրական է համարվում, քանի որ, երբ կա հետաքրքիր թեմա, համապատասխան ֆինանսավորման դեպքում թե՛ գիտնականը, և թե՛ բուհը լրացուցիչ եկամուտ են ստանում, մինչդեռ այսօր շատ քչերին է հետաքրքիր, թե որտեղից է ֆինանսավորման աղբյուրը, ում են փոխանցվելու հեղինակային իրավունքները, ով է վերջնական օգտագործողը:

Բուհերում դրամաշնորհների վերահսկողություն՝ վեթթինգ չի իրականացվում

Տարիներ առաջ մի խումբ հետազոտողներ, որոնց թվում էր նաև Էմիլյա Տիտանյանը,  հետազոտություն են իրականացրել հայաստանյան բուհերում և պարզել, որ որևէ բուհում առկա չէ համապատասխանության ներկազմակերպական ծրագիր, որը հնարավորություն կտար  նվազեցենլու նման հետազոտությունների, այդ թվում՝ «դրսի» ֆինանսավորմամբ իրականցվող հետազոտությունների վեթինգ. առհասարակ ֆինանսավորման աղբյուրների մասով որևէ վերահսկողական համակարգ չկա:

«Լոնդոնի Քինգս քոլեջի հետազոտությունները վկայում են այն մասին, որ դրամաշնորհ հայտարարող և ֆինանսավորում տրամադրող իրավաբանական անձինք կարող են տարբեր լինել։ Այսինքն՝ ստանում են դրամաշնորհ ԵՄ-ի որևէ ֆոնդից, բայց չեն փորձում պարզել ֆինանսավորման աղբյուրը: Մինչդեռ  օրինակ՝  ֆինանսավորումը կարող է լինել պատժամիջոցների տակ գտնվող ինչ-որ երկրից, ինչու չէ նաև Հայաստանի հետ որևէ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրից: Ստացվում է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող, բարեխիղճ գիտնականը կարող է հայտնվել ծուղակում և անգամ չիմանալ դրա մասին։ Նույն խնդիրը վերաբերվում է նաև ուսանողների փոխանակման ծրագրերին»,-նշեց Տիտանյանը:

Պատասխանատու և անվտանգ հետազոտություններ բուհերում

«Ինովացիոն հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԳՏԿ միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ ներկայումս իրականացնում է «Պատասխանատու հետազոտություններ բուհերում» ծրագիրը, որի շրջանակներում մասանգիտական խումբը համագործակցում է ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ բուհերի հետ:

«Առաջին փուլում  ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ իրականացվեց  արտահանման վերահսկողության վերաբերյալ կարճ դասընթացներ հինգ բուհերի ադմինիստրատիվ աշխատակիցների համար: Երկրորդ փուլով՝ երկու բուհերում՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում և Եվրասիա միջազգային համալսարանում ներդրվեց մագիստրոսական փորձնական ծրագիր, որը կիրառվեց այս տարվա ապրիլ- մայիս ամիսներին: Նաև դասընթացի վերաբեյալ  դասագիրք է կազմվել, որում ներկայացված է արտահանման վերահսկման հասկացությունը, սկզբունքները, թույլտվությունը ստանալու կարգը և այլն։ Բացի դրանից կազմվել է համապատասխանության ներկազմակերպական ծրագրի նմուշային օրինակ, որը ոլորտում հնարավոր ռիսկերը կառավարելու քայլերի հաջորդականությունը: Ինովացիոն հետազոտությունների կենտրոնը միաժամանակ ստեղծել է e-learning պլատֆորմը, որտեղ մեկտեղված են ոլորտը կարգավորող միջազգային և  ներպետական իրավական և նորմատիվ  ակտերը, միջագային փաստաթղերը, ոլորտային գրքերը, ԵՄ-ի կողմից իրականացված բոլոր այն ծրագրերը, որոնք վերաբերվում են արտահանման վերահսկողությանը:

Ծրագրի նպատակն այն է, որ գիտության մասով ոլորտի վերաբերյալ հնարավոր լինի  պատկերացմում կազմել: Բիզնեսի, կրթության կամ գիտության բնագավառից ցանկացած ոք կարող է դիմել և ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն, խորհրդատվություն ստանալ»,-եզրափակեց Տիտանյանը:

Թագուհի Մելքոնյան

Տպել
Ամենաշատ