Ադրբեջանցի պատմաբան, Բաքվի հետազոտական ինստիտուտի փորձագետ Ալթայ Գյոյուշովn X սոցիալական ցանցում քննադատել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին «Արևելյան Զանգեզուր» ձևակերպումն օգտագործելու համար։
Գյոյուշովի խոսքով՝ այդ տերմինն ադրբեջանական պատմության մեջ երկրի այդ հատվածն նշելու համար չի օգտագործվել ընդհուպ մինչև 2020 թվականը, երբ, ինչպես պնդում է պատմաբանը, այն սկսեց կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո։
«Ադրբեջանի պատմության մեջ որևէ մեկն Ադրբեջանի այդ հատվածը «Արևելյան Զանգեզուր» չի անվանել։ Տերմինը շրջանառության մեջ է դրվել Ալիևի կողմից 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո»,- հայտարարել է Գյոյուշովը։
Պատմաբանը գտնում է, որ նման նշագրման բուն ի հայտ գալը հարցականի տակ է դնում Բաքվի՝ խաղաղության ձգտելու մասին հայտարարությունները։ Նրա խոսքով՝ եթե գոյություն ունի «Արևելյան Զանգեզուր», ապա տրամաբանորեն առաջանում է նաև «Արևմտյան Զանգեզուր» հասկացությունը, որի տակ ենթադրվում է ներկայիս Հայաստանի տարածքը։
Գյոյուշովը նաև հայտարարել է, որ ադրբեջանական պատմության դասագրքերում ամբողջ Զանգեզուրը ներկայացված է որպես «սրբազան ադրբեջանական հող»։ Նրա կարծիքով՝ եվրոպացի դիվանագետները չեն կարող անտեղյակ լինել այս կոնտեքստին, սակայն շարունակում են օգտագործել և դրանով իսկ աջակցել նման հռետորաբանությանը։
«Սրանից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ, որ նման Եվրոպան իսկապես խաղաղություն է ցանկանում մեր տարածաշրջանում»,- հայտարարել է հետազոտողը։
Գյոյուշովը համեմատել է Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի և ԵՄ-ի մոտեցումները՝ նշելով, որ դրանց միջև «չնչին տարբերություն» է տեսնում, և երկու դեպքում էլ նկատում է տարածաշրջանը պառակտելու, թշնամանքը պահպանելու և, իր արտահայտությամբ, «կայսերապաշտական քաղաքականություն» վարելու ձգտում։
Միևնույն ժամանակ, պատմաբանն ընդգծել է, որ եվրոպական ներկայացուցիչների կողմից Ալիևի հռետորաբանության կիրառումը պարտադիր չէ, որ նշանակի Ադրբեջանին որպես հակամարտության կողմ աջակցել։ Նրա կարծիքով՝ եվրոպական երկրները հետագայում նույնքան հեշտությամբ կարող են աջակցել հակառակ դիրքորոշմանը, իսկ նման քաղաքական որոշումների հետևանքները բոլոր դեպքերում առաջին հերթին ազդելու են տարածաշրջանի բնակիչների վրա։





























