Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է որսալ ու վնասազերծել հութիների արձակած անօդաչու սարքը։ Գործողությունն իրականացվել է նախքան դրա Մեքքայի օդային տարածք մուտք գործելը: Այս մասին, Al Arabiya-ի փոխանցմամբ, տեղեկացրել է Եմենում գործող սաուդական կոալիցիայի պաշտոնական խոսնակ, գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքին:
Ինչպես հաղորդում է Սաուդյան պետական լրատվական գործակալությունը, գեներալի փոխանցմամբ՝ ԱԹՍ-ն խոցվել է երեքշաբթի երեկոյան՝ սեպտեմբերի 15-ին, տեղական ժամանակով 18:50-ի սահմաններում, Մեքքայից դեպի հարավ ընկած հատվածում:
Ալ-Մալիքիի գնահատմամբ՝ սա հութիների կողմից Մեքքային հարվածելու երկրորդ փորձն էր: Ըստ նրա՝ առաջին նմանօրինակ դեպքը գրանցվել էր 2017 թվականի հուլիսին, երբ քաղաքի ուղղությամբ բալիստիկ հրթիռ էր արձակվել:
Դաշինքի ներկայացուցիչը նշել է, որ սաուդական կողմի դիտարկմամբ՝ հարձակումն անմիջական վտանգ էր ներկայացնում իսլամական աշխարհի գլխավոր սրբավայրերից մեկի, ումրայի (փոքր ուխտագնացության) մասնակիցների, ինչպես նաև տեղի բնակիչների ու քաղաքացիների համար: Նա նաև մեղադրել է հուսիթներին համայն աշխարհի մահմեդականների շրջանում սադրանքներ հրահրելու ձգտման մեջ:
«Երկու սրբազան մզկիթների ու ումրա իրականացնողների անվտանգությունն ինձ համար կարմիր գիծ է»,- հայտարարել է ալ-Մալիքին:
Նա հավելել է, որ կոալիցիոն ուժերի միացյալ հրամանատարությունը մտադիր է ձեռնարկել անհրաժեշտ, իր ձևակերպմամբ, զսպման միջոցներ՝ ի պատասխան հուսիթների հարձակումների:
Այդուհանդերձ, Reuters-ն ընդգծում է, որ հուսիթները հերքում են Մեքքային կամ որևէ այլ կրոնական օբյեկտի թիրախավորելու մտադրությունը:





























