Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին Պեկինում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ Թեհրանին և Վաշինգտոնին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, վերսկսել բանակցությունները և հնարավորինս շուտ բացել Հորմուզի նեղուցը, փոխանցում է «Սինհուան»։

Վան Իի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության շարունակումը չի բխում կողմերի և միջազգային հանրության ընդհանուր շահերից։ Չինաստանը կոչ է արել Վաշինգտոնին և Թեհրանին պահպանել ռացիոնալ մոտեցում ու զսպվածություն, վերադառնալ Իսլամաբադի հուշագրի կատարմանը և արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա վերականգնել բանակցային գործընթացը։

Վան Ին հայտարարել է, որ կողմերը պետք է բովանդակալից խորհրդակցություններ անցկացնեն փոխադարձ մտահոգություն առաջացնող հարցերի շուրջ։

Չինաստանի ԱԳՆ ղեկավարը նաև կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցի շուտափույթ բացման, միջազգային ծովային ուղիների անվտանգության, ինչպես նաև էներգակիրների համաշխարհային մատակարարումների և արտադրական շղթաների կայունության ապահովման ուղղությամբ։

Բացի այդ, Վան Ին հանդես է եկել Իրանի և Պարսից ծոցի այլ երկրների միջև երկխոսության օգտին։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի պետությունները պետք է հարգեն միմյանց տարածքային ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը և համատեղ պաշտպանեն ընդհանուր շահերը։

Չինաստանը նաև չէր ցանկանա, որ տարածաշրջանային լարվածությունը հետագայում տարածվեր Եմենի և Կարմիր ծովի վրա, հայտարարել է Վան Ին։ Նա կողմերին կոչ է արել զերծ մնալ իրավիճակն էլ ավելի բարդացնող գործողություններից և ծագող խնդիրները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով։