Ավստրալական Սնոութաունում դաժան սպանությունների շարքի մասնակից հանդիսացող Ջեյմս Սպիրիդոն Վլասակեսը պայմանական վաղաժամկետ ազատ կարձակվի ավելի քան 27 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո, հայտնում է AFP-ն:

Ազատ արձակելու որոշումը վերջնականապես հաստատվել է գործի վերանայումից հետո:

Սպանությունների շարքը հայտնի դարձավ 1999 թվականի մայիսին, երբ Ադելաիդայից հյուսիս գտնվող Սնոութաունում լքված բանկի պահոցում հայտնաբերվեցին ութ մարդու մասնատված մարմիններ՝ թաքցված պլաստիկե տակառներում։

Հետաքննության ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 12 մարմին, որոնցից երկուսը գտնվում էին Ադելաիդայում գտնվող տներից մեկի բակում: Դրվագներից մեկի դեպքում երդվյալ ատենակալները չեն կարողացել մեղադրական կամ արդարացման վճիռ կայացնել:

Այս հանցագործություններն ընկած են 2011 թվականի «Սնոութաուն» ֆիլմի հիմքում, որն արժանացել է մի քանի կինեմատոգրաֆիական մրցանակների:

Վլասակեսը սպանությունների համար դատապարտված երեք տղամարդկանցից ամենաերիտասարդն էր: Նա խոստովանել է չորս հանցագործություն և ցուցմունք տվել գործի այլ մասնակիցների դեմ: Դատարանը նրան դատապարտել էր ազատազրկման՝ նվազագույնը 26 տարի ժամկետով, որից հետո նա իրավունք էր ստացել միջնորդել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար:

Անցյալ տարի պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովն արդեն թույլատրել էր Վլասակեսին ազատ արձակել՝ որոշակի պայմանների պահպանմամբ: Սակայն Հարավային Ավստրալիա նահանգի գլխավոր դատախազի նախաձեռնած քննությունից հետո այդ որոշումը չեղարկվել էր:

Վերաքննիչ դատարանում բողոքարկելուց հետո գործը կրկին վերանայվել է: Պայմանական վաղաժամկետ ազատման որոշումների վարչական վերանայման հարցերով հանձնակատար Դևիդ Լովելը եկել է այն եզրակացության, որ հասարակությանը սպառնացող վտանգի պատճառով Վլասակեսի ազատ արձակումը մերժելու համոզիչ հիմքեր չկան:

«Ես մերժում եմ գլխավոր դատախազի դիմումը և վերահաստատում պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի՝ պարոն Ջեյմս Սպիրիդոն Վլասակեսին ազատ արձակելու վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 5-ի որոշումը», — ասվում է Լովելի սեպտեմբերի 14-ի գրավոր որոշման մեջ:

2003 թվականին Ջոն Ջասթին Բանթինգը մեղավոր է ճանաչվել 11, իսկ նրա հանցակից Ռոբերտ Ջո Վագները՝ 7 սպանության մեջ: Ըստ նախաքննության տվյալների՝ Բանթինգը և Վագները խոշտանգել և սպանել են իրենց զոհերին՝ առաջնորդվելով նաև մանկապիղծների ու նույնասեռականների հանդեպ ատելությամբ:

Վլասակեսը, որն ըստ գործի նյութերի մոտ 18 տարեկան էր, երբ մասնակցեց առաջին սպանությանը, Բանթինգին ընկալում էր որպես հայր: Սակայն, ինչպես նշել է Լովելը, ազատ արձակվելուց հետո նման կախվածությունը չի կարող վերարտադրվել. Բանթինգը դատապարտված է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի, իսկ Վլասակեսն այժմ զգալիորեն մեծ է և, հանձնաժողովի գնահատմամբ, գտնվում է կյանքի բոլորովին այլ հանգամանքներում: