Հաագայի Կոսովոյի հարցերով հատուկ դատարանը Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին մեղավոր է ճանաչել 1998-1999 թվականներին Սերբիայից անկախանալու պատերազմի ընթացքում թույլ տրված ռազմական հանցագործությունների չորս դրվագով, հայտնում է «Associated Press»-ը։

58-ամյա Թաչին մեղավոր է ճանաչվել սպանության, խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և ապօրինի ազատազրկման համար։

Թաչին նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել շուրջ վեց տարի առաջ՝ Հաագայի դատարանի առջև կանգնելու համար։ Սույն գործով մեղադրյալի աթոռին են նաև Կոսովոյի ազատագրման բանակի նախկին երեք այլ ղեկավարներ՝ Կադրի Վեսելին, Ռեջեփ Սելիմին և Յակուպ Կրասնիչին։ Չորսն էլ չեն ընդունել առաջադրված մեղադրանքները։

Դատավարությունը մեկնարկել է 2023 թվականի ապրիլին և, ըստ էության, ավարտվել 2025 թվականի դեկտեմբերին։ Քննության ընթացքում ցուցմունք է տվել 134 վկա։ Կողմերի եզրափակիչ ելույթները տեղի են ունեցել 2026 թվականի փետրվարին։

Մեղադրող կողմի պնդմամբ՝ Կոսովոյի ազատագրման բանակի մարտիկները հետապնդել են քաղաքական հակառակորդներին և խաղաղ բնակիչներին, որոնց համարել են Սերբիայի աջակիցներ կամ դավաճաններ։ Դատախազները պահանջում էին Թաչիին և մյուս երեք մեղադրյալներին դատապարտել առավելագույն՝ 45 տարվա ազատազրկման։

Ընդ որում, պաշտոնական մեղադրական եզրակացության մեջ չորս ամբաստանյալներին էլ վերագրվում էին նաև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ հետապնդումներ, ապօրինի կալանավորում, այլ անմարդկային արարքներ, խոշտանգումներ, սպանություններ և բռնի անհետացումներ։ Իսկ ռազմական հանցագործությունների շարքում նշվում էին ապօրինի ու կամայական հապճեպ կալանավորումները, դաժան վերաբերմունքը, խոշտանգումներն ու սպանությունները։

Թաչին Կոսովոյում պատերազմական շրջանի ամենահայտնի դեմքերից է։ Նա մասնակցել է սերբական ուժերի դեմ զինված պայքարին, 1999 թվականին Ռամբույեում գլխավորել է կոսովյան պատվիրակությունը, իսկ պատերազմից հետո անցել է քաղաքական գործունեության։ 2008 թվականին Կոսովոն հայտարարեց Սերբիայից անկախանալու մասին։

Դատավճռի հրապարակման նախօրեին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Պրիշտինայի փողոցներ՝ ի պաշտպանություն Թաչիի և մյուս մեղադրյալների՝ պահանջելով նրանց արդարացումը։

Կոսովոյի հարցերով հատուկ պալատները ստեղծվել են միջազգային մասնակցությամբ և տեղակայված են Հաագայում։ Դրանց իրավասության տակ են 1998-2000 թվականներին Կոսովոյում կատարված ռազմական, մարդկության դեմ ուղղված և այլ հանցագործությունները։