Փարաքար համայնքի բնակիչներն ահազանգում են՝ ՔՊ-ական պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը բդեշխի հավակնություններով է տառապում, տան դիմաց ապօրինի ցուցանակ է տեղադրված, ըստ որի՝ տվյալ հատվածում մեքենաներին արգելվում է ձայնային ազդանշան օգտագործել, գրում է «Փաստինֆո»-ն։

Կայքի հետ զրույցում տեղի բնակիչ, բլոգեր Օնիկ Հարությունյանն ասել է, որ երեկ երեկոյան են ֆիքսել ցուցանակները. «Երեկ երեկոյան Փարաքար համայնքում տեղի բնակիչները ֆիքսել են, որ ճանապարհային արգելող նշանը, որը տեղակայված է եղել ոչ պատշաճ՝ վերասարքավորված ձևով, Լյուդվիգ Գյուլնազարյանի տան բակում է հայտնվել։ Եթե օրենքն է որոշում, որ տվյալ փողոցում չպետք է ազդանշան տրվի, օրենքն է բերում ցուցանակը տեղադրում տվյալ հատվածում, իսկ Լյուդվիգ Գյուլնազարյանը, պաշտոնական դիրքը չարաշահելով, վերասարքավորել ու բերել տեղադրել է իր տան բակում»,- ասել է բլոգերը։

Բնակիչների կողմից տրամադրված տեսանյութում և լուսանկարում երևում է, որ ձայնային ազդանշանի արգելքի ցուցանակները երեքն են։ Մեր զրուցակցի խոսքով՝ խնդիրը շատ լուրջ է, սակայն որևէ պատկան մարմնի, այդ թվում՝ համայնքապետարան, չի դիմել՝ խնդրով պայմանավորված։

«Իմ կարծիքով՝ օրենքը բոլորիս համար է, իրենք ամբիոններից իրենց ելույթներում միշտ նախկիններին են մեջբերում, բայց իրենց թվարկած նախկիններից ոչնչով պակաս չեն, մի բան էլ՝ նախկիններին անցել են իրենց պահվածքով։ Կարո՞ղ է մի գեղեցիկ օր էլ ճանապարհը փակվի ու երթևեկությունը սահմանափակվի։ Խնդիրը շատ լուրջ է, օրենքի կոպիտ խախտում է։

Ոչ մի պատկան մարմնի դեռ չեմ դիմել։ Պետք է հասկանանք, թե ով է զբաղվում այդ ամենով, որ դիմենք։ Համայնքապետին էլ չենք դիմել։ Գյուլնազարյանն արդեն «բարով-խերով» դարձել է պատգամավոր, մի կանաչ լույս էլ իր համար է վառված»,- նշել է Հարությունյանը։

Ինչ վերաբերում է անձամբ Լյուդվիգ Գյուլնազարյանին խնդրի մասին ասելուն, բլոգերը կտրականապես բացառում է, որ կդիմեն, քանի որ, իր պնդմամբ, «ՔՊ»-ականները լավ գիտեն, որ օրենքի խախտում են թույլ տվել, սակայն իրենց համար օրենք գծողը հենց «ՔՊ»-ական վերնախավն է։