Եվրոպական միությունը կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ գործադրվող պատժամիջոցային ճնշումը՝ միաժամանակ խստացնելով արդեն սահմանված սահմանափակումների վերահսկողությունը։ Սեպտեմբերի 16-ին Եվրախորհրդարանում՝ Եվրամիության վիճակի մասին ամենամյա ուղերձի ժամանակ, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք կխստացնենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Անհրաժեշտ է ճնշում գործադրել Մոսկվայի վրա», — նշել է ֆոն դեր Լայենը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խոսքը միայն նոր սահմանափակումներ մցնելու մասին չէ։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն նախևառաջ պետք է ապահովի գործող պատժամիջոցների լիարժեք կիրառումն ու փակի դրանք շրջանցելու բոլոր ուղիները։

«Մեր պատժամիջոցները ցավոտ են և լուրջ հարված են հասցնում ռուսական տնտեսությանը։ Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ դրանք շրջանցելու համար, ինչի պատճառով էլ մենք պետք է փակենք բոլոր ճեղքերը», — հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Եվրամիությունը 2014 թվականից ի վեր աստիճանաբար ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, իսկ 2022 թվականին Ուկրաինա ներխուժումից հետո կտրուկ մեծացրել է դրանց ծավալները։ 2026 թվականի հուլիսին ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների արդեն 21-րդ փաթեթը։ Սահմանափակումները վերաբերում են, մասնավորապես, էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի, ֆինանսական և տեխնոլոգիաների արտահանման ոլորտներին։