News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրատվական ծառայության հաղորդավարները ուղիղ եթերում հայտարարել են հեռուստաալիքից իրենց հեռանալու մասին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Դիանա Ջոջուան եւ Միխայիլ Սեսիաշվիլին այսօր 21:00-ին սովորականի պես մտել են «Կուրյեր» ամփոփիչ լրատվական թողարկման եթեր: Սակայն նրանք չեն սկսել պատմել նորությունների մասին, այլ հայտարարել են, որ լքում են հեռուստաընկերությունը, որտեղ, նրանց խոսքով, «տոտալ զտում է սկսվել»:

Այսօր ցերեկը հայտնի է դարձել, որ հեռուստաընկերության նոր ղեկավարությունը պաշտոնից հեռացրել է «Ռուսթավի-2»-ի լրատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեին, նրա տեղակալ Գեորգի Լապերաշվիլիին, քաղաքական թոք շոուի վարող Գեորգի Գաբունիային, «Շաբաթվա շեշտադրումներ» քաղաքական թոք շոուի վարող Էկա Կվեսիտաձեին եւ Հեղինակային հաղորդման վարող Նանուկա Ժորժոլիանիին: Ավելի ուշ հեռուստաընկերությունից հեռանալու մասին հայտարարել է «Կուրյերի» եւս մեկ վարող՝ Պաատա Յակոբաշվիլին:

«Ռուսթավի-2»-ում իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Վրաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստաընկերությունը դատարանի 2019 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ մի քանի տարի տեւած դատաքննությունից հետո անցել էր նախկին սեփականատերերից մեկին՝ իշխանությունների հանդեպ չեզոք տրամադրված բիզնեսմեն Կիբար Խալվաշին: 2012 թվականին Վրաստանում իշխանափոխությունից հետո «Ռուսթավի-2»-ը խիստ քննադատության էր ենթարկում միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կառավարության եւ նրա ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցության քաղաքականությունը: Հեռուստաընկերությունն աջակցում էր արեւմտամետ ընդդիմությանը, առաջին հերթին՝ ամենախոշոր ընդդիմադիր կուսակցություն «Միասնական ազգային շարժմանը», որի առաջնորդն է շարունակում մնալ Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Հաղորդավարների զգացմունքային ելույթից հետո «Կուրյերն» ավարտվել է 21:07-ին, եւ եթերում կինոֆիլմ են ցուցադրել: Սովորաբար լուրերի ամփոփիչ թողարկումը տեւում է 45 րոպեից մեկ ժամ:

«Կարմիր գծերը հատվել են: «Ռուսթավի-2»-ում սկսվել է տոտալ զտում: Սա վերջ է նաեւ ինձ համար, այնպիսի «Ռուսթավի-2»-ի վերջը, որը ես սիրում էի, եւ որը գնահատում էր հեռուստադիտողը: Ես 12 տարի աշխատել եմ այս թիմի հետ, եւ սա ավելին էր, քան ուղղակի աշխատանքը, սա ընտանիք էր, մարդկանց միասնություն, որոնք միավորված էին ընդհանուր գաղափարի շուրջը, կոփվել էին պայքարում, մարդիկ, որոնք այս երկրում ազատ տարածություն եւ լավագույն հեռուստատեսային արտադրանք էին ստեղծում: Ես այսօր լքում եմ «Ռուսթավի-2»-ը, բայց հույս ունեմ, որ դեռ կհանդիպենք: Պայքարը շարունակվում է՝ հանուն լավագույն ապագայի, հանուն ազատ Վրաստանի»,- ասել է Միխայիլ Սեսիաշվիլին:

«Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, կհանդիպենք այլ տարածքում եւ այլ ալիքում: Երկրի փրկության համար պայքարը շարունակվում է»,- ասել է Դիանա Ջոջուան, որը հեռուստաընկերությունում 13 տարի ամփոփիչ լուրերի հաղորդավարն էր:

Հաղորդավարուհին նշել է, որ «Ռուսթավի-2»-ի առաջատար լրագրողներին «աշխատանքից ազատել է Իվանիշվիլիի ռեժիմը»:

«Ռուսթավի-2»-ը լոգո չէ, դա մեր կյանքն է, եւ ինչպես մի անգամ ասել էր Նոդար Մելաձեն՝ «ազատության տարածք»: Դա մարդիկ են, նրանց արհեստավարժությունը եւ հավատարմությունը: Բոլորին հաջողություն եմ մաղթում, այդ թվում նաեւ նրանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են պահպանել ազատությունը՝ աշխատելով Բիձինա Իվանիշվիլիի հեռուստատեսությունում: Ես Դիանա Ջոջուան եմ, որին Կրեմլը վտարել է Աբխազիայից, ոչ մի պատճառով, ոչ մի արդարացման դեպքում չեմ կարող շարունակել գտնվել եթերում, որը պատկանում է Կրեմլի գլխավոր ծառա Բիձինա Իվանիշվիլիին:

Այսօր ես ստիպված եմ ձեզ «ցտեսություն» ասել: Մենք պայքարում էինք, սակայն այսօր Իվանիշվիլին վերջնականապես օկուպացրեց ալիքը: Մեզանից խլեցին խոսքի ազատությունը: Ես չեմ աշխատի մի հեռուստաընկերությունում, որտեղից չեմ կարող ասել, թե ինչ է իրականում կատարվում երկրում, որը դեպի անդունդն է գլորվում: Դրա համար ես հեռանում եմ այստեղից, որը իմ երկրորդ տունն էր… Շնորհակալություն այն մարդկանց, որոնց հետ միասին ես ամենավարկանիշային ալիքում ամենագերազանց լուրերի թողարկումն էի անում: Եվ իհարկե՝ շնորհակալություն իմ հեռուստադիտողին, որ ընտրում էին «Ռուսթավի-2»-ը: Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, կհանդիպենք այլ տարածքում եւ այլ ալիքում: Երկրի փրկության համար պայքարը շարունակվում է»,- իր ուղերձում ասել է Դիանա Ջոջուան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գախարիան պաշտոնապես առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում
Սպասվում է, որ Գախարիան արդեն այսօր Վրաստանի խորհրդարանին կներկայացնի կառավարության կազմը եւ ծրագիրը…
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
2018 թվականին վարչապետի պաշտոնում իր թեկանծության առաջադրման նպատակն երկրի զարգացման համար ռազմավարական շրջանակի ներդրումն ու ստեղծումն էր...
Պարոն Գաբունիան ինձ համար այլեւս լրագրող չէ. Պոզներ
Ոչ թե հակառուսական դիրքորոշման պատճառով, որի իրավունքն ունի, այլ լրագրության սկզբունքների խախտման…
Վրաստանի գլխավոր դատախազությունը Թբիլիսիի ցույցերը հեղաշրջման փորձ է անվանել
«Այդ փորձի իրականացման առաջին փուլում խորհրդարանի շենքը գրոհի է ենթարկվել...
Թբիլիսիում վնասվածք ստացած հայ ցուցարարը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ. դեսպանություն
Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, եւ վերջինս այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ...
Վրաստանում թաքցնում են բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված Դավիթ Գրիգորյանի վիճակի մասին տեղեկությունը
Հունիսի 26-ին տուժած Դավիթ Գրիգորյանը մինչեւ երեկ կոմայի մեջ էր...