News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ  պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները:

Աշխատանքի եւ սոցիալական հացերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, իրականացնում են  ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ ներկայացված սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների խնամքը եւ դաստիարակությունը։

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության հիմքում ընկած է գաղափարը, որ երեխաների ընտանիքների սոցիալ-տնտեսական վատ վիճակը չպետք է հիմք լինի վերջիններիս՝ ընտանիքից դուրս բերելուն եւ հաստատությունում երեխայի խնամքը կազմակերպելուն։ Պետության աջակցությունը պետք է ուղղվի ոչ թե հաստատության պահպանմանը, այլ ընտանիքներին՝ անհրաժեշտ աջակցության տրամադրմամբ ապահովելով երեխաների վերամիավորումը ընտանիքներին եւ կանխելով նոր երեխաների մուտքը գիշերօթիկ հաստատություններ։

Երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ քայլերը սկսվել են տարիներ առաջ, որի շրջանակներում գիշերօթիկ յոթ հաստատություններից երեքը արդեն իսկ վերակազմավորվել են ցերեկային խնամքի կենտրոնների:

Այդուհանդերձ, նախարարության ներկայիս քաղաքականությունն է անհրաժեշտ ցերեկային խնամքը այսուհետ ոչ թե պետական նոր կառույցներ ստեղծելու միջոցով տրամադրելուն, այլ մրցույթի արդյունքում հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով անհրաժեշտ ծառայությունների տրամադրմանը։

Ավելին, նախարարությունը պլանավորում է էապես ընդլայնել ցերեկային ծառայությունների ծածկույթը 2020 թվականից՝ նախատեսելով 30 խոշոր բնակավայրերում պատվիրակված ծառայությունների միջոցով ցերեկային կենտրոնների հիմնում, որն էական աջակցություն է ընտանիքների համար։ Ցերեկային ծառայությունները ներառելու են շարժական ծառայությունների բաղադրիչ՝ սպասարկելով նաեւ շրջակա գյուղական համայնքներին, ինչպես նաեւ սոցիալական օգնականի ծառայությունները։

2019 թ.-ին գիշերօթիկ մյուս չորս հաստատությունների լուծարման վերաբերյալ նախագծերն առժամանակ դադարեցվել են՝ վստահ լինելու համար, որ հաստատություններում գտնվող յուրաքանչյուր երեխայի համար գտնված է լավագույն լուծումը: Այս ընթացքում նախարարությունը մշակել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների մշակման ծրագիր, որի շրջանակներում էլ ընթացք է տրվել գիշերօթիկ հաստատությունների լուծարման գործընթացին:

Գործընթացն իրականացվել է ամառային արձակուրդների ընթացքում, երբ երեխաները հաստատություններում չեն գտնվում՝ նրանց հնարավոր սթրեսային իրավիճակներից զերծ պահելու եւ ուսումնական տարվա սկզբին պատրաստի լուծումներ ունենալու համար:

Նախարարությունն այս ընթացքում աշխատել է երկու ուղղությամբ՝ կարեւորելով ոչ միայն երեխայի իրավունքի իրացումը, այլեւ հաստատությունների աշխատակիցների խնդիրը: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա հարկ է նշել, որ իրականացվել է գիշերօթիկ հաստատություններում խնամվող բոլոր երեխաների եւ նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում՝ սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով՝ մարզպետարանների եւ միջազգային գործընկերների ներգրավմամբ: Այս գործընթացում նախարարությանն աջակցել են «Վորլդ Վիժնը», «ՍՕՍ մանկական գյուղերը» եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:

Քննարկվել է այս ընտանիքներին սոցիալական աջակցության ցուցաբերման խնդիրը, ինչի արդյունում պայմանավորվածություն է ձեռքբերվել այն մասին, որ գործընթացում ներգրավված բոլոր ընտանիքները ներգրավված կլինեն միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում:  Մինչեւ սեպտեմբերի 1-ը ընտանիքներից յուրաքանչյուրը տեղեկացված կլինի իր համար նախատեսված ծրագրի վերաբերյալ:

Այն դեպքերում, երբ գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխայի վերադարձն ընտանիք հնարավոր է, ընտանիքը ներգրավվելու է սոցիալական աջակցության վերոնշյալ ծրագրերում: Բոլոր այն դեպքերում, երբ երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիքը չի բխի երեխայի լավագույն շահից, կկայացվի այլընտրանքային խնամքի որոշում՝ շեշտը դնելով խնամատար ընտանիքների ինստիտուտի վրա:

Ինչ վերաբերում է լուծարման ենթակա գիշերօթիկ հաստատությունների աշխատակիցներին, ապա նրանց առաջարկվել է ներգրավվել պետական զբաղվածության ծրագրերում, իսկ այն աշխատակիցներին, որոնք ունեն մասնագիտական պատրաստվածություն, առաջարկվել է մասնակցել խնամատար ծնող դառնալու համար նախատեսված վերապատրաստումներին, համալրել հատկապես մասնագիտացված եւ ճգնաժամային խնամատար ծնողների բանկը՝ հաշվի առնելով մասնագիտական պատրաստվածությունն ու երեխայի խնամքի իրականացման փորձառությունը:

Այս բոլոր առաջարկները պաշտոնապես ներկայացվել են հաստատություններին՝ հորդորելով զերծ մնալ սեպտեմբերին նոր ընդունելություն իրականացնելուց, քանի որ նախագծերը գտնվում են շրջանառության վերջին փուլում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւս մեկ անգամ շեշտում է իր հավատարմությունը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի պաշտպանությանը, եւ տեղեկացնում, որ իրականացվող բոլոր գործընթացների հիմքում ընկած է պետական աջակցությունը ոչ թե հաստատություններին, այլ ընտանիքներին ուղղելու եւ համայնքային պատշաճ ծառայություններ ստեղծելու քաղաքականությունը:

Տպել
Ամենաշատ