News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը իր դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող Բարձրագույն որակավորման կոմիտեի հանձնաժողովի  եզրակացության շուրջ մի քանի դիտարկումներ է ներկայացրել։ Նա ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«2014 թվականին գիտական հանդեսում տպագրված հետազոտությանս արդյունքները, երբեւէ որեւէ տեղ զեկուցած չլինելով, 2016 թվականին ներկայացրել եմ Փարիզում կազմակերպված գիտաժողովին, զեկուցել եմ, ստացել մասնակիցների դրական արձագանքները, որից հետո կազմակերպիչները որոշել են տպագրել այն նաեւ գիտաժողովի ներկայացրած նյութերի ժողովածուի մեջ։ Դա որոշում են բացառապես գիտաժողովի կազմակերպիչները։ Անհասկանալի նպատակներով եւ իրավական հիմքով արատավորվում է իմ անունը՝ կիրառելով «անբարեխղճություն» հասկացությունը։

• Մենագրություններից մեկի մասին խոսելն ավելորդ եմ անգամ համարում, բայց կարճ ասեմ․ այն, որ հայոց տնտեսագիտության հզոր ակադեմիական հանրույթը «վերապահումով» է ընդունում, առանձնապես էական էլ չէ, որովհետեւ դա ընդամենը մեկն է ներկայացված մենագրություններից, իսկ իմ աշխատությունների քանակը 50%-ով գերազանցում էր պահանջվող քանակությունը։

• Տնտեսաչափական մոդելի մեթոդաբանությունն ընտրելու համար ուսումնասիրել եմ ոչ միայն նշված աշխատությունը, այլեւ մի շարք այլ աշխատություններ։ Արդյունքում ստացել եմ առանձնահատուկ մոդել, որի ո՛չ անկախ փոփոխականները, ո՛չ կախյալ փոփոխականները չեն կրկնում եղած մոդելները, իսկ մոդելի տվյալներն ստացվել են հարցման արդյունքում (1004 մասնակից), որի փաստերն առկա են։ Տարբեր են անգամ վիճակագրական փաթեթները, որոնք կիրառվել են մոդելի արդյունքները վերլուծելիս։

• Հղումների հետ կապված խնդիրները եւ դրանց համակարգային պատճառները մի քանի անգամ հրապարակայնորեն ընդունել եմ եւ մեկնաբանել։

• ԲՈԿ-ը ինձ չի առաջարկել լինել հանձնաժողովի անդամ եւ առավել եւս՝ ներկայացնել դիտարկումներս։ Եղել է միայն հետեւյալը․ հեռախոսային զրույցի ընթացքում ինձ ի սկզբանե ասվել է, որ երեւի ճիշտ չէ իմ մասնակցությունը, ինչին ես համաձայնել եմ եւ չեմ առարկել։ Իսկ դիտարկումներ ներկայացնելու մասին ընդհանրապես զրույց չի եղել։ Եթե հեռախոսային զրույցի ձայնագրությունը կա, ապա ես գործընկերներիս սիրով առաջարկում եմ հրապարակել, այլապես պիտի պնդեմ, որ փաստերը խեղաթյուրված են ներկայացվել։ Վստահ եմ, որ գործընկերներս պարզապես սխալ ձեւակերպումներ են տվել կայքում եւ կշտկեն։

• Հանձնաժողովի կազմն այնքան խնդիրներ ունի, որ ոչ միայն զարմանք է առաջացնում, այլեւ այն դարձնում է ոչ լեգիտիմ։ Մասնավորապես, նրանցից մեկի ընտանիքի անդամը՝ կինը, բոլորովին վերջերս չէր հաղթահարել դասախոսների մրցույթը եւ դատի էր տվել համալսարանին (առանց մեկնաբանությունների)։ Հանձնաժողովի անդամների մասին այլ ուշագրավ տեղեկություններ կներկայացնեմ՝ ըստ անհրաժեշտության։ Բացի դրանից, անհասկանալի է, թե որ իրավական ակտի հիման վրա է ստեղծվել հանձնաժողովը, իրավական ինչ գործընթացով է կատարվել շահերի բախում ունեցող մի քանի անդամների ընտրությունը եւ ինչ իրավական ուժ ունի այդ եզրակացությունը։

• Այս ամբողջը գործընթացը որեւէ աղերս կունենա տրամաբանության եւ օրինականության հետ, եթե ստուգվեն բացարձակապես բոլոր աշխատանքները։ Ես հաստատապես պնդում եմ, որ ստուգելու արդյունքում պարզվելու է, որ իմ աշխատանքը լավագույններից է։ Խնդրում եմ ապացուցել հակառակը։

Ես դեռ շարունակում եմ հավատալ, որ այս աննախադեպ անարդարությունը միտումնավոր չէ, եւ համապատասխան մարմինները, խորությամբ ընկալելով խնդիրը, կընդունեն, որ շտապել են ու սխալվել»։

Ռուբեն Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է նաեւ դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո. ԲՈԿ

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ