News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Կառավարությունն այսօր ընդունեց Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին և Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու ու քննելու նպատակով պետք է ապահովել, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինների համար մատչելի լինեն ֆինանսական տվյալները, մասնավորապես, կասկածյալից ու մեղադրյալից բացի այլ անձանց, օրինակ, ընտանիքի անդամների կամ փոխկապակցված անձանց ֆինանսական տվյալները․ «երբ առկա են բավարար կասկածներ, որ նշված անձիք մասնակցել, օժանդակել են հանցագործություն կատարելուն կամ տեղյակ են եղել հանցագործությունից»,- ասաց նա:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն էլ նշեց, որ վերջերս մի դեպք է եղել, երբ հիմնադրամի տնօրենը գումարները հափշտակության եղանակով փոխանցել էր ամուսնու, մոր, դստեր հաշվեհամարներին, հետո նորից ստացել էր այդ գումարներն իր հաշվեհամարներին․ «Նախաքննությունը խոչընդոտի էր հանդիպել, որ բացի մեղադրյալից, մյուսների հաշվեհամարները չէինք կարողանում ստուգել: Դրա պատճառով նախաքննությունը 6-7 ամիս ձգձգվեց, մինչեւ նոր տվյալներ ձեռք բերեցինք, այդ անձանցից մեկին ներգրավեցինք որպես կասկածյալ, կարողացանք ստանալ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակով արձագանքեց. «Էդ լավ ասեցիք, եթե այս օրենքն ընդունենք, այլեւս կոռուպցիոն գործերի հետաձգման լեգիտիմ պատճառ չեք ունենա»:

Փաշինյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ կիսապայքար չեն անելու, եւ սա կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է․ «Մենք կա՛մ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կա՛մ չենք պայքարում, որովհետև կիսապայքարն ընդունելի չէ»։

Օրինագծի առնչությամբ մտահոգություններ հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ պետք է զգույշ լինել, որովհետև շատ վտանգավոր կարող է լինել․ «Իրավապահ մարմինների ներկայացուցիչների հռետորիկան չի վկայում, որ զգույշ ենք, որովհետև կա 15 հոդված բանկային գաղտնիքի մասին, որը հստակ նկարագրում է, որ հարակից տեղեկությունը համարվում է այլ հաճախորդի մասին տեղեկություն»։

«Սա չի արվում նրա համար, որ իրավապահ մարմինների գործը հեշտանա, գան հարակից տեղեկությունը վերցնեն: Իրավապահները պետք է աշխատեն ըստ սուբյեկտների, ոչ թե մի սուբյեկտով տեղեկատվական բուկետ վերցնեն ու սկսեն սարքել քրեական գործերի շարան»,- ասաց նա:

Վարչապետն էլ արձագանքեց. «Հիմա դուք ասում եք, որ եթե մենք A-ին գաղտնալսում ենք, պետք է ում նա զանգում է, ավտոմատ նրան չգաղտնալսե՞նք: Ամբողջ իմաստն այն է, որ իմանանք՝ ում է զանգում եւ ինչ է խոսում:  Հակառակ դեպքում՝ հո գեղագիտական հաճույքի համար չե՞նք գաղտնալսում»:

Մհեր Գրիգորյանն ասաց, որ գաղտնալսումը պետք է լինի ծայրահեղ և բարդ իրավական գործընթաց. «Եթե մեկն ինձ զանգել է, որով հետաքրքրվում են իրավապահները, ի՞նչ իրավունք ունեն ինձ գաղտնալսեն: Եթե այն անձը, որի հետ ես խոսում եմ, նա նույնպես հետաքրքիր է դառնում իրավապահներին, պետք է գնան դատարաններով իրավունք ստանան նաեւ նրան գաղտնալսելու: Այս բոլոր գործերը կգնան եվրադատարան»:

Վարչապետ Փաշինյանը նկատեց. «Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետի եւ ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսում են, շատ փիլիսոփայական է հնչում»:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ