News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ակնհայտ փաստ են համարում այն, որ Իրանն է կանգնած Սաուդյան Արաբիայի նավթամշակման գործարանների վրա վերջերս կատարված հարձակումների հետեւում: Այս մասին նշված է համատեղ հայտարարության մեջ որը տարածվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության առաջնորդներս, հիշեցնում ենք անվտանգության մեր ընդհանուր շահերի մասին, հատկապես Մերձավոր Արեւելքում չտարածման գլոբալ ռեժիմի, անվտանգության եւ կայունության պահպանման շուրջ,- նշված է հաղորդագրության մեջ: - Մեզ համար ակնհայտ է, որ այդ հարձակման պատասխանատվությունը Իրանն է կրում: Ուրիշ ճշմարտանման բացատրություն չկա: Մենք աջակցում ենք ընթացիկ քննություններին՝ բոլոր մանրամասները պարզելու համար»:

Առաջնորդները հայտարարում են, որ «այս հարձակումներն ուղղված էին Սաուդյան Արաբիայի դեմ, բայց դրանք առնչվում են բոլոր երկրներին եւ մեծացնում խոշոր հակամարտության առաջացման վտանգը»: «Դրանք [հարձակումները] հիշեցնում են տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման հավաքական ջանքերի կարեւորության մասին, ներառյալ Եմենում շարունակվող հակամարտության քաղաքական լուծման որոնումը,- նշված է հայտարարության մեջ: - Հարձակումները նաեւ հաստատում են դիվանագիտական ջանքերի եւ բոլոր կողմերի հետ փոխգործակցության միջոցով տարածաշրջանում ապաէսկալացիայի անհրաժեշտությունը»:

Այս կապակցությամբ առաջնորդները հիշեցրել են «իրենց անփոփոխ հանձնառությունը ԳՀՀԾ-ին, որն Իրանի հետ համաձայնեցվել էր 2015 թվականի հուլիսի 14-ին եւ ստացել էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի միաձայն հավանությունը: «Մենք կրկին Իրանին համառորեն կոչ ենք անում վերանայել իր որոշումը ԳՀՀԾ իր պարտավորությունների կրճատման մասին եւ լիովին կատարել իր պարտավորությունները: Մենք կոչ ենք անում Իրանին ԳՀՀԾ եւ համապարփակ երաշխիքների իր համաձայնագրի շրջանակում լիարժեք համագործակցել ԱԷՄԳ-ի հետ»,- ընդգծել են Ջոնսոնը, Մակրոնը եւ Մերկելը:

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները նաեւ համոզմունք են հայտնել, թե «հասել է պահը, որ Իրանը համաձայնվի բանակցություններ վարել իր միջուկային ծրագրի երկարաժամկետ շրջանակների շուրջ, ինչպես նաեւ քննարկի տարածաշրջանային անվտանգության ապահովումը, ներառյալ իր բալիստիկ ծրագիրը»:

«Մենք հանուն երկխոսության մտադիր ենք շարունակել մեր դիվանագիտական ջանքերը եւ համագործակցել գործընկերների հետ որոնք շահագրգռված են Մերձավոր Արեւելքում լարվածության ապաէսկալացիայով, միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմամբ յոթնյակի Բիարիցայի գագաթնաժողովում ընդունված հայտարարությունների լույսի ներքո: Մենք Իրանին կոչ ենք անում այսպիսի երկխոսության մեջ մտնել եւ զերծ մնալ հետագա սադրանքներից ու էսկալացիայից»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ