News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հասարակական եւ պետական կարիքների համար գույքի օտարման մասին» օրենքում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել՝ հետագայում քաղաքացիական իրավունքի խախտումը կանխելու համար: Այս մասին հոկտեմբերի 7-ին «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ 2000 թվականից քաղաքացիների սեփականությունն օտարվել է գործադիր իշխանության որոշմամբ՝ այդպիսով դատական գործընթացների ժամանակ անհավասար իրավական պայմաններ ստեղծելով:

«Խոսքը, մասնավորապես, Երեւանի կենտրոնում անշարժ գույքի մասին է: Երեւանի բարեկարգման քողի տակ գույքի վերաբաշխում է տեղի ունեցել՝ անօրինական եւ անընդունելի: Քաղաքացիները զրկվել են իրենց տներից, իսկ առանձին անձինք տարբեր տարածքներ են սեփականաշնորհել քաղաքի կենտրոնում»,- հիշեցրեց Թաթոյանը:

Նա հավելեց, որ քաղաքացիները ոչ միայն արժանի փոխհատուցում չեն ստացել, այլ նաեւ մնացել են առանց տանիքի: Օմբուդսմենը նշեց, որ պետությունը ոչ միայն չի պաշտպանել քաղաքացիների իրավունքը, այլ հակառակը՝ հօգուտ կառուցողների միակողմանի որոշումներ է կայացրել:

Թաթոյանը նաեւ հիշեցրեց, որ դեպքերի ճնշող մեծամասնության ժամանակ օտարման գործընթացը տեղի է ունեցել առանց որեւէ հանրային լսումների, իսկ քաղաքացիներին պարզապես փաստի առաջ են կանգնեցրել:

«Արամի, Ֆիրդուսի, Բուզանդի, Հանրապետության եւ Խանջյան փողոցներում, ինչպես նաեւ Կոնդում բնակվող քաղաքացիների սեփականության օտարումն օրենքի խախտմամբ է տեղի ունեցել: Եվ, հետեւաբար, անհրաժեշտ է վերանայել օրենքը»,- եզրափակեց Արման Թաթոյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ