
Առաջին հերթին ուզում էինք ցույց տալ, որ կարող ենք այստեղ՝ Հայաստանում, արդյունավետ թիմ հավաքել, եւ արդյունքը գերազանցեց մեր սպասելիքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Service Titan ընկերության համահիմնադիր եւ նախագահ Վահե Կուզոյանը:
Նրա խոսքով՝ իրենք չեն ձգտում հայկական շուկա դուրս գալ, այլ միայն ցանկանում են գտնել այն, ինչն իրենց կօգնի աճել:
«Մենք այստեղ ենք առաջին հերթին այն պատճառով, որ ոգեւորված ենք իրադարձություններով, որոնք տեղի ունեցան անցած տարի ապրիլին»,-ասաց նա: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը ցանկացած հնարավոր օգնություն է առաջարկել: Ընդ որում, նա նշեց ոլորտում մեծ թվով մարդկանց ներգրավելու անհրաժեշտության մասին:
«Չնայած Հայաստանում տաղանդների մեծ թվին, անհրաժեշտ է ավելի մեծ թվով մարդկանց ներգրավել»,- նշեց Վահե Կուզոյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է երեխաների եւ ուսանողների շրջանում ՏՏ ոլորտի նկատմամբ սեր առաջացնել:
Նրա խոսքով՝ ներքին շուկայի զարթոնքը WCIT-ի գլխավոր արդյունքը կդառնա:
«Մարդիկ պետք է ասեն՝ «Հենց այստեղ եմ ես ցանկանում հիմնել իմ կարիերան, եւ սա լավագույն վայրն է, որտեղ ես կարող եմ ծախսել իմ ժամանակն ու ուժերը»,- հավելեց Կուզոյանը: